Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱԲՎԱԾ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ

Սեպտեմբեր 04,1998 00:00
mayr ator

Այս վերնագիրն արդեն վաղուց հայտնի է եւ հատկապես է խոցում եկեղեցու որոշ սպասավորների։ Անահիտ Ֆերջուլյան-Մայր Աթոռ Ս. Էջմիածին հանրահայտ գործի առնչությամբ Էջմիածնի ժողդատարանում արդեն ձգձգվելու միտում ունեցող դատավարությունը երեկ այդպես էլ չկայացավ, քանի որ պատասխանող կողմի (Էջմիածնի եկեղեցի) փաստաբանն ինչ-որ տեղ ինչ-որ քրեական գործի էր մասնակցելու։ Իրավունք չունենք չհավատալու այս վարկածին, թեպետ խոսվում էր նաեւ, թե բացակայության իրական պատճառը դատավարությունը ձգձգելն է, մինչեւ որ Ամենայն հայոց կաթողիկոսը դարձյալ մեկնի բուժման, եւ հարցը մտնի փակուղի։ Ինչեւէ, չշտապենք դատողություններ անել եւ ներկայացնենք ամեն ինչ ըստ կարգի։

Եվ այսպես, դատական նիստը հետաձգվեց հաջորդ օրը (այսինքն՝ այսօր ժ. 11-ին), սակայն հայցվորին թույլատրվեց նայել եկեղեցու կատալոգները։ Ուրիշ խոսքով այս դեպքում եկեղեցին կատարեց դատարանի որոշումը՝ թույլ տալ զննել կատալոգները։ Հայցվորի փաստաբան Հայկ Ալումյանն առանձնապես մեծ հույսեր չէր կապում այդ զննման հետ (ինչի մասին թերթն արդեն գրել է)։

Միայն խաչեր ու գավազաններ

Ինչպես եւ սպասվում էր, Մայր Աթոռի երեք կատալոգներում միայն խաչեր ու գավազաններ էին գրանցված։ Իսկ կարմիր քարով մատանի կամ ոսկե կոճակ, օսմանյան լիրա կատալոգների ոչ մի էջում չգտնվեց։ Մինչդեռ եկեղեցու թանգարանում նման բաների պակաս չի զգացվում։ Հետաքրքիր է, քանի՞ կատալոգ ունի եկեղեցին։ Եթե այդ երեքը միայն, ապա ինչո՞ւ ամբողջ ունեցվածքը գրանցված չէ։ Իսկ եթե ուրիշ էլ կա, այդ դեպքում ինչո՞ւ չտրվեց զննման։ Մեր հարցին, թե որն է լինելու հայցվորի հաջորդ քայլը այս զննումից հետո, փաստաբան Հ. Ալումյանը պատասխանեց. «Արդարացան իմ սպասելիքները։ Ես դարձյալ կպնդեմ, որ տեղում զննվեն գանձարանները։ Ապացույցների հավաքման համար դա անհրաժեշտ գործողություն է։ Կբավարարվի թե չէ, ես հիմա չեմ կարող ասել եւ նույնիսկ չեմ կարող ասել. եթե բավարարվի, ապա դա հնարավո՞ր կլինի անել, թե՞ ոչ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ եկեղեցին չի շտապում դատարանի որոշումները կատարել»։

Արտակ աբեղան եւ եկեղեցին նույնը չեն

Երեկ վերջապես առիթ ունեցանք խոսել Ամենայն Հայոց կաթողիկոսի քարտուղարի հետ։ Վերջինս, նախ մի տեսակ նեղացած ասեմ, թե վիրավորված (կամ՝ դժգոհ) էր, որ մինչեւ այժմ իրեն չենք հանդիպել եւ խնդրո առարկա գործի կապակցությամբ իր հետ չենք խոսել, հետո էլ չուզեց, որ մեր զրույցը ձայնագրվի։ Ինչեւէ, փորձեցի մտապահել Արտակ աբեղայի ասածները, սղագրել։ Ինչ որ ներկայացնում եմ՝ զուտ հիշողությամբ եմ վերարտադրում։ Գործի հետ կապ չունեցող (գուցե նաեւ կապ ունեցող) մի նկատառում. չգիտեմ ինչու թվում էր, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի քարտուղարը պետք է որ ավելի տարիքով լիներ, սակայն հայր սուրբը ավելի քան երիտասարդ էր։ Անքննելի են գործերը եկեղեցու։

Մեր զրույցի ընթացքում Արտակ աբեղան ուզեց իմանալ, թե այս անգամ ինչ վերնագիր եմ դնելու հրապարակմանը։ Հենց այստեղ էլ իմացա, որ այս հրապարակման վերնագիրը խորապես է վիրավորել եկեղեցու որոշ սպասավորների։ Սա մի կողմից հասկանալի է, սակայն, մյուս կողմից՝ եկեղեցու սպասավորներն իրենց եկեղեցու հետ նույնացնելով, խիստ մոլորության մեջ են։

Ուզի՛ր, եւ կտրվի, բախի՛ր, եւ կբացվի

Արտակ աբեղա Տիգրանյանը չուզեց, որ իր խոսքը ձայնագրվի, սակայն միաժամանակ զգուշացրեց, որ եթե ինչ-որ բան այնպես չգրեմ կամ աղավաղեմ, ինձ պատասխանատվության կկանչի։ Զրույցի ընթացքում ասվեց, որ Ֆերջուլյաններն իրենց ունեցվածքը ոչ թե Էջմիածնի եկեղեցուն են պահ տվել, այլ Արարատյան հայրապետական թեմին։ Ստացվում է, որ եկեղեցին մեկ ամբողջություն չէ, եւ այստե՞ղ էլ է գործում թայֆայականության սկզբունքը (մեղա քեզ, Տեր)։

Հետո էլ ասվեց (մեջբերում եմ սղագրածս թղթից). «Եթե մենք այսօր պատմական Հայաստանում ունենք պատմական արժեքներ (եկեղեցականը նկատի ունեմ), ումի՞ց պետք է պահանջենք։ Դրան գումարած Խորհրդային շրջանում եկեղեցին բազմիցս թալանվել է, բացի դրանից, Խորեն կաթողիկոս Մուրադբեկյանին, երբ խեղդամահ արեցին, նույն պահին կաթողիկոսության արժեքները թալանվեցին հենց «Չեկայի» կողմից։ Չորեքչյան կաթողիկոսը Հայրենական պատերազմի ժամանակ Մայր Աթոռից արժեքավոր մետաղ տվեց բանակին, դրա մասին ո՞ւր խոսվեց…»։

Այնուհետեւ ասվեց մոտավորապես, որ եկեղեցու արած լավ գործերի մասին չի խոսվում, ինչո՞ւ։ Հարցիս՝ տեղյա՞կ է արդյոք կաթողիկոսն այս գործին եւ ի՞նչ կարծիք ունի, քարտուղարը պատասխանեց. «Հարցին տեղյակ է»։

Հոգեւորականները նույնպես ՀՀ քաղաքացիներ են

Էջմիածնի ժողդատարանը նիստերից մեկի ժամանակ որոշում կայացրեց իբրեւ գործով վկա դատարան հրավիրել Արտակ աբեղային։ Վերջինս ոչ մի նիստի չներկայացավ: Իմ այն հարցին՝ ինչո՞ւ, պատասխանեց, որ երբ հրավերք է լինում, լինում է նախապես. «ես ինքս ազատ հոգեւորական չեմ, եւ չեմ կարող իմ աշխատանքը թողնել եւ վերջին պահին որոշել, թե դատարան պետք է գնամ»։

Հիշեցնեմ հարգարժան սուրբ հորը, որ դատական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին, որի ժամանակ որոշում էր կայացվել Արտակ աբեղային հրավիրել հաջորդ նիստին՝ օգոստոսի 28-ին։ 10 օրը ո՞ր թվաբանությամբ է հավասար 1 օրվա։ Արտակ աբեղան վաղը աշխատանքային գործուղման է մեկնելու, եւ ակնհայտ է, որ առաջիկա նիստերից դարձյալ կբացակայի։

Օրենքի առաջ հավասա՞ր են

Էջմիածնի ժողդատարանը դեռ շարունակում է գործի քննությունը ու եթե հանկարծ վճռի, որ պատասխանող կողմը պարտավոր է բավարարել հայցվորի պահանջը, ապա «եթե օրենքն այդ է պահանջում, եւ կաթողիկոսի կարգադրությունը լինի», եկեղեցին կկատարի այդ վճիռը։ Հետգրության պես հիշեցնեմ, որ սբ. Հռիփսիմե վանքի մոմավաճառի աշխատանքի վերականգնման մասին դատարանի վճիռը եկեղեցին արդեն երկար ժամանակ չի կատարում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930