Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆԿԱԾ-ԵԼԱԾ ԴՐԱՄԸ

Սեպտեմբեր 04,1998 00:00
dolar

Հայաստանի տաղտկալիության աստիճանի հանգիստ ֆինանսական կյանքում վերջապես գոնե մի բան կատարվեց։ Ազգային դրամի տարադրամային փոխարժեքը ընկավ-ելավ։ Ֆինանսական պաշտոնատարները իրար եկան։ Կարելի է ասել՝ նույնիսկ ուրախացան եւ սկսեցին բացատրություններ տալ։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչն, օրինակ, ասաց, որ կուրսի տատանման համար մակրոտնտեսական ոչ մի հիմք չկա եւ պետք չէ անհանգստանալ։ Ֆինանսների փոխնախարարը անակնկալ զբաղմունք գտած մարդու ոգեւորությամբ ասաց, որ վերլուծությունների փուլ են սկսել եւ շուտով կպատասխանեն այդ հարցին։ Տնտեսությունից բան չհասկացող ու ցանկացած այլ խելոք մարդու համար միշտ էլ անհասկանալի է, թե ինչու է 1 դոլարի փոխարժեքը 500 դրամ եւ ոչ թե տասնապատիկ ավելի կամ պակաս։ Ոչ ոքի մտքով չի անցնում, որ դրամը պրակտիկորեն կարելի է պահել ցանկացած փոխարժեքի սահմաններում։ Օրինակ, եթե երկրի ֆինանսական ղեկավարությունը որոշի, որ փոխարժեքը վաղը պետք է 540 դրամ լինի՝ այդքան էլ կլինի։ Կորոշի 504՝ այդքան կլինի։

Կուրսի կարգավորման համակարգը այնքան էլ բարդ չէ։ Նախ՝ դրամը ըստ փորձագիտական տվյալների «ծածկում» է առեւտրի առավելագույնը՝ մոտ մեկ քառորդը։ Դժվար թե որեւէ մեկին հաջողվել է տեսնել դրամով մեքենա կամ բնակարան գնած մարդ։ Երկրորդ՝ կանխիկ դրամը շրջանառության մեջ շատ քիչ է։ Օգոստոսի 21-ի դրությամբ այն կազմել է 35 մլրդ 855 մլն։ Այսինքն՝ 71 մլն դոլարի համարժեքի չափով։ Հանրապետության 1 բնակչի հաշվով փաստորեն շրջանառության մեջ է դրվում 20-25 դոլարի չափով դրամ։ Սա այնքան փոքր թիվ է, որ կարելի է ասել, թե դրամ չկա, իսկ չեղած բանը չի կարող ինքնուրույն արժեզրկվել։ Այլապես ֆինանսական ղեկավարությունն այդքան վստահ չէր հայտարարի, որ առաջիկա օրերին դրամը կվերադառնա նախկին ցուցանիշներին։ Եթե դրամն ինքնուրույն տնտեսական կյանքով ապրեր, պետք է որ արձագանքեր հուլիսին պաշտոնապես արձանագրված 4,63 տոկոսանոց դեվալվացիայի փաստին։ Հետեւաբար վստահ ենք, որ հենց իշխանավորների նշած ժամկետում (առաջիկա 3-4 օրերին) կվերադառնա իր հարազատ 501-505 բնագծին։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930