Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՄՈՏ

Սեպտեմբեր 04,1998 00:00

Նախագահական նստավայրի դիմաց դարձյալ դժգոհ բազմություն էր սեպտեմբերի 3-ին, ժամը 11-ից սկսած։ Թեեւ, արդեն նստավայրի ներսից ծնված ու տարածված ասույթ է, որ եթե բոլոր բողոքավորները մի-մի «լեժանկա» բացեն ու պառկեն պրեզիդենտականի դիմաց, Բաղրամյան փողոցը կլցվի, բայց բողոքի ցույց անողները, այնուամենայնիվ, գալիս են Բաղրամյան փողոց։ Սեպտեմբերի 3-ին Երեւանի փախստականները դարձյալ պահանջում էին «մշտական բնակարան Երեւանում», «Արտերկիր մեկնելու հնարավորություն», մերժում են Լաչինի միջանցք տեղափոխելու ծրագիրը եւ այլն, եւ այլն։ Մյուս բոլոր պահանջները հավելյալ էին։

Նախագահականից փախստականների հետ շփվեց այժմ արդեն նախագահի խոսնակ Կասյա Աբգարյանը եւ վերցնելով փախստականների ուղերձը նախագահին՝ խոստացավ պատասխանել մեկ շաբաթ անց, այն ուսումնասիրելուց հետո։ Մեզ համար, նախագահի համար, նախագահի աշխատակազմի համար, թերեւս, փախստականների պահանջները մեկշաբաթյա ուսումնասիրության խնդիրներ չեն, որովհետեւ անգիր գիտենք եւ ուղերձի կարիք չկա, սակայն տիկին Աբգարյանը, հավանաբար, պիտի ծանոթանա, քանզի նորանշանակ է եւ տեղեկանալու կարիք ունի։ Փախստականներն արդեն միամիտ ժողովուրդ չեն, սակայն միամիտ սպասումով հարցնում էին լրագրողներին. «Ինչ-որ բան կստացվի՞»։Հարցին, թերեւս, կպատասխանի Կասյա Աբգարյանը, ըստ պայմանավորվածության զանգելով փախստականներից միակին, որ հեռախոս ունի՝ Կամոյի դպրոցի հարեւանությամբ գտնվող նկուղում։ Երիտասարդ անգլերենի մասնագետը նկուղում սպասելու է Կասյա Աբգարյանի զանգին։

Հավաքվածների թվում էր նաեւ մի անհույս երիտասարդ, որի պատմությունը անհեթեթության պատճառով, ո՛չ ողբերգական է, ո՛չ երգիծական։ Երիտասարդը՝ Նիկոլայ Ալահվերդովը, ապրում էր գործարաններից մեկի կաթսայատանը՝ չունենալով ոչինչ։ Նիկոլայ Ալահվերդովին վտարել են նաեւ կաթսայատնից, եւ վերջինս դիմել է Փախստականների վարչության աշխատակից Արմեն Մարտիրոսյանին՝ որեւէ պանսիոնատում տեղավորվելու խնդրանքով։ Ըստ Նիկոլայ Ալահվերդովի վկայության (որի ձայնագրությունը ես խանդաղատանքով պահում եմ), Արմեն Մարտիրոսյանը տեղավորման համար պահանջել է 20 դոլար։ Անհույս թշվառության մեջ գտնվող Նիկոլայ Ալահվերդովը հավաքում է քսան դոլարը, բայց այս անգամ Արմեն Մարտիրոսյանը «Նաիրի» պանսիոնատում տեղավորելու համար պահանջում է 100 դոլար։ Երիտասարդն արդեն չորս օր է, ապրում է փողոցում։

Ինչեւէ, վերադառնանք սեպտեմբերի 3-ի ցույցին։ Ցուցարարները ուղերձը Կասյա Աբգարյանին հանձնելուց հետո շարժվեցին Ամերիկյան դեսպանատուն եւ նրանց այն մասը, որ այլեւս բնակարան չի ուզում, այլ ապրում է արտասահման մեկնելու սպասումով՝ հանդիպեցին փոխհյուպատոսի հետ, որը նմանապես խոստացավ ներկայացնել խնդիրը։

Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930