«Առավոտի» հարցին, թե ՀՀ գլխավոր դատախազի տեղում ո՞ւմ է տեսնում, ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի նախագահ Կիմ Բալայանը, վերջինս պատասխանեց. «Ես խորհուրդներ տալու հանձնարարություն չունեմ»։ «Իսկ անձամբ ինքը կարո՞ղ է աշխատել գլխավոր դատախազ» հարցադրմանը մեր զրուցակիցը պատասխանեց. «Որ բնագավառում էլ աշխատել եմ, փորձել եմ գործս կատարել ստանձնածս պարտավորությանը համապատասխան։ Նման առաջարկություն կոնկրետ ինձ չի արվել, իսկ եթե արվի՝ չեմ խուսափի պատասխանատվությունից»։
Կիմ Բալայանի հետ հարցազրույցը՝ 4-րդ էջում։
ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԵՏ ԿԳՆՎԵՆ
Օրերս, ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, կառավարությունը որոշում է ընդունել պետական արժեթղթերի վերաբերյալ։ 1993 թվականին դրանք վաճառքի էին հանվել 500 դրամ անվանական արժեքով, իսկ ըստ վերջին որոշման, պետք է հետ գնվեն 650 դրամով։ Ստացվում է, որ այս տարիների ընթացքում արժեզրկում է արձանագրվել ընդամենը 150 դրամի չափով։ Նույն աղբյուրը նշում է, որ կառավարությունը դեռեւս փողը չի ուղարկել խնայբանկեր, տեղ չի հասել նույնիսկ որոշման տեքստը։
Կարդացեք նաև
ՀՈԳԵՎՈՐ ԱՊՐԻԼ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Գերագույն հոգեւոր ժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 1999 թ. ապրիլին։
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
Լոռվա մարզի Լեռնապատ գյուղի կոմբայնավարը ծեծի է ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Սույն իրողությունը բացասաբար է անդրադարձել բերքահավաքի արդյունքների վրա, քանի որ կոմբայնավարն իր հետ պատահած դեպքից հետո կտրականապես հրաժարվում է դաշտ դուրս գալուց։ Այդ մասին տեղեկացնելով մարզխորհրդի նիստում, մարզի գյուղվարչության պետը հույս է հայտնել, որ իրենց խոսքը կասեն իրավապահ մարմինները։