Ամուսնալուծությունը մեր օրերում դարձել է սովորական եւ նախկինի պես բուռն արձագանքների ու քննարկումների տեղիք չտվող երեւույթ։ Եվ, այնուհանդերձ, այսօր հայ ընտանիքը որպես արեւելյան, ասիական բարքերն ու ավանդույթները կրող մի օրգանական մասնիկ, համարվում է ամուր ընտանիք (իհարկե, եվրոպական չափանիշների դեպքում), քանզի ի տարբերություն արեւմուտքի, ուր ամուսնալուծվում է յուրաքանչյուր 2-րդ զույգը, Հայաստանում լուծվում է ամեն 4-րդ ամուսնությունը։ Սակայն առաջին հայացքից անառարկելի այդ փաստը խորությամբ դիտարկելիս համոզվում ենք, որ կայուն ընտանիքը միֆ է այն պարզ պատճառով, որ ընտանիքը սոսկ փաստաթղթերով ամրագրված միությունը չէ, կամ նույն հարկի տակ ապրող մարդկանց խումբը։
Եվ եթե ամուսնալուծությունը ինչ-ինչ պատճառների, համոզմունքների արդյունքում անընդունելի է ոմանց համար, դա չի նշանակում, որ այդ ընտանիքները կայուն են։ Ընդհանրապես անիմաստ է դառնում ընտանիքի մասին որեւէ խոսքը, երբ այդ «ընտանիքի» անդամներից մեկը հարբեցող, թմրամոլ ամուսինն է, որից ռեժիմով ծեծվող, նվաստացումների ենթարկվող կինը չի փախչում սոսկ փախչելու տեղ չունենալու պատճառով՝ հայրական տունը վաղուց օտար է դարձել, իսկ անտուն մուրացիկ դառնալու հեռանկարը ոչնչով առավել չէ թմրամոլի կին մնալու տարբերակից։
Նման «ընտանիքների» թիվը, բարեբախտաբար, սահմանափակ է այսօրվա Հայաստանում, փոխարենը խիստ տարածված է «կայուն» ընտանիքի մի այլ տեսակ։ Այստեղ գլխավոր գործող անձինք են՝ աշխատանք ու փող գտնելու հույսով դեպի Ռուսաստան փախած ամուսինը, եւ 5-10 տարի շարունակ անհայր երեխաներ մեծացնող կինը, որը չի մտածում ամուսնալուծության մասին, քանի որ պարզ չէ, թե ումի՞ց պետք է բաժանվի եւ ի՞նչ իմաստ կա լուծել եթե ոչ իրավաբանորեն, գոնե փաստացի արդեն իսկ լուծված ամուսնությունը։ Չեմ կասկածում, որ կլինեն նաեւ առարկողներ՝ այդ մարդկանցից շատերը կանոնավորապես դրամ են ուղարկում ընտանիքի, երեխաների համար, զանգահարում են… երբեմն…
Չեմ վիճում, բայց այդ դեպքում այնքան էլ հասկանալի չէ՝ ինչո՞վ են տարբերվում տարիներ շարունակ զավակների, կնոջ երեսները չտեսնող, Ռուսաստանից փող ուղարկողները ճիշտ նույն ձեւով՝ միայն նյութապես հայրական պարտականությունները կատարող ամուսնալուծված հայրերից։ Բնականաբար, 1000-ավոր կմ հեռավորությունից ամուսնական պարտավորությունները կատարելու մասին խոսելն անհեթեթություն է։ Եվ քանի որ հայ կանայք ոչ եվրոպուհիների պես ազատ են, ոչ էլ ամերիկուհիիների պես համարձակ, նրանցից քչերն են պարտրաստ թքել հասարակական կարծիքի վրա եւ դավաճանել չունեցած ամուսնուն, իսկ մնացածները նախընտրում են մոռանալ իրենց երիտասարդ տարիքը, սեռական պահանջները (որոնք, ըստ ամերիկյան բժիշկների հեղինակավոր կարծիքի, մի քանի տարվա ընթացքում լրիվ կմարեն, առաջ բերելով ֆրիգիտություն), եւ ապրել միանձնուհու, բարոյական բարձր նկարագրի տեր, միայնակ (բայց՝ չամուսնալուծված) հայուհու կյանքով։
Կարդացեք նաև
Այս պրոբլեմը փաստաթղթով ամուսնալուծված կանանց համար քիչ էական է, քանզի թղթի այդ կտորը բավական ազատություն է շնորհում անգամ կնոջը (տղամարդկանց մասին անհանգստանալն ավելորդ է, նրանք ազատ ու ազատ են), եւ այն, ինչ թույլատրված է ամուսնալուծված կնոջը, արգելված է անամուսին, բայց չամուսնալուծվածին (թույլատրողի դերում Նորին գերազանցություն հասարակական կարծիքն է)։ Թողնենք ռուսաստաններում աշխատող կամ թրեւ եկող (այդպես էլ է պատահում, չէ՞) տղամարդկանց եւ նրանց խեղճուկրակ տիկիններին, վերադառնանք Հայաստան, նույն հարկի տակ ապրող, բավականաչափ բարեկիրթ (գոնե այնքան, որ հայհոյանքների ու ծեծի գործոնը դառնա 0-ական), սակայն միմյանցից օտարված ամուսիններին։
Այս ընտանիքներում առաջին, գուցե նաեւ երկրորդ, երրորդ հայացքից ամեն ինչ կարգին է՝ երիտասարդ ամուսիններ, առողջ երեխաներ, սիրված աշխատանք… Սակայն փորձենք արտաքին խաղաղության պրիզմայի ապակիներից ներս նայել, եւ ի՞նչ կտեսնենք՝ օրվա մեջ իրար հետ ընդամենը 2-3 նախադասություն փոխանակող մարդկանց, որոնցից յուրաքանչյուրի համար միեւնույն է, թե ինչ հետաքրքրություններով, զգացմունքներով է ապրում դիմացինը։ Այդ ընտանիքներում կինը լոկ խոհարարուհի է, լվացարարուհի, դայակ, ամուսինն ունի մեկ լեգալ եւ մի քանի անլեգալ սիրուհիներ, իսկ վերջին անգամ նրանք միասին թեւանցուկ քայլել են… ե՞րբ… չեն էլ հիշում քանի տարի առաջ։
Այստեղ մինչամուսնական հրապուրանքը, սիրահարությունը այդպես էլ չի փոխարինվել ավելի խոր, հաստատուն սիրո, հարազատության զգացմունքով, այլ փոշիացել է, վերածվել սովորույթի, պարտավորությունների դաժան կապանքի։ Սեռական կյանքն էլ, բնականաբար, խարխլված է, քանզի, եթե գիշերը կնոջը կրքոտ սիրող ամուսինը օրվա մյուս ժամերին նրա երեսին էլ չի նայում, իսկ «ես քեզ սիրում եմ» խոսքերը վաղուց պատմության գիրկն են անցել, դժվար չէ պատկերացնել, որ կինն իրեն ավելի շատ ամուսնու սեռական պահանջները բավարարող գործիք է զգում (այդ էլ այն դեպքում, եթե սիրուհիները գործադուլ են անում), քան նրա երկրորդ «ես»-ը։
Այսքանից հետո ստիպված ենք արձանագրել տխուր իրողությունը՝ հայկական ամուր ընտանիքն ուղղակի միֆ է, ավազե ապարանք՝ հենված հայ կնոջ համբերատարության, անձնազոհության, զիջողականության եւ «լավ է դժբախտ, քան՝ միայնակ» սկզբունքի վրա, եւ որը կփլուզվի թեթեւ քամուց… Սակայն սխալ է նայել մեդալի մի երեսը միայն, ու չտեսնել մյուսի վրա գտնվող իրապես կայուն ընտանիքները, որոնք, փա՜ռք Աստծո, դեռ կան, գոյատեւում են մեր դաժան իրականության մեջ։ Եվ այդ ընտանիքներում ամուսինները սիրում, հարգում ու պահպանում են միմյանց, որպես ճակատագրից ստացած թանկագին նվեր, եւ որոնց նայելիս, շփվելիս հոգեկան մեծագույն բավարարություն ես ստանում ու համոզվում՝ քանի դեռ կան նման ընտանիքներ, մենք իրավունք ունենք ազգ կոչվելու։
ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ