Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա պես հիշում եմ…

Սեպտեմբեր 03,1998 00:00
Roland Sharoyan

«Առավոտը» բազմիցս է անդրադառնում մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ռոլանդ Շառոյանի մշակութային գործունեությանը։ Նախարարը սկզբում նեղանում էր մեր հրապարակումներից, հետո որոշեց՝ «Իմ հասցեին բոլոր քննադատությունները եւ նույնիսկ հայհոյանքները ընկալելու եմ որպես գովազդ»։ Մտածել էր, որ եթե իրենից հարցազրույց ուզեմ, մերժելու է, ասելու է՝ չէ, բայց իրեն համոզեցին՝ այ Ռոլանդ, մամուլի հետ լավ հարաբերություններ հաստատի, բացատրի ինչեր ես արել եւ ինչեր ես ուզում անել մշակույթի համար… Համաձայնեց։

Մինչ այդ Օպերային թատրոնի եւ Լեւոնյանի մասին հոդվածի առիթով մեր փոխխմբագրին մի օր Շառոյանն ասել է, որ «գիտեմ, թե Սաթիկն ում պատվերն է կատարել, բայց պատվիրատուի անունն առայժմ չեմ ուզում տալ, թող դա լինի իմ հաղթաթուղթըը»։ Գնացի հարցազրույցի (առանց լուսանկարչական ապարատի)։ Արդեն գիտեի բազմաթիվ շրջանակներում պարոն Շառոյանի՝ մեր հրապարակումներից դժգոհությունների մասին, անգամ նեղացել է։ Հարցազրույցի ժամանակ խնդրեցի հայտարարել իր մտքում փայփայած պատվիրատուի անունը։

Ասաց՝ «…չեմ ասի, գաղտնիք է»։ Ասացի՝ ձեր ասածն այնքանով է ճիշտ, որքանով, եթե հայտարարեմ, որ պատվիրատուն Ռոլանդ Շառոյանն է։ Բարի ժպիտով եւ մի ուրիշ ոգեւորությամբ ասաց. «…Ուրախ կլինեմ, ասեք»։ Այդ օրվա արդյունքը եղավ մեր թերթում «Ռոլանդ Շառոյանը ոչինչ չունի Բախի հանդեպ, Պիկասոյին շատ է սիրում, Կավաբատային չի սիրում…» հարցազրույցի հրապարակումը։ Պարոն Շառոյանը դժգոհել էր՝ «ես Կավաբատա չեմ ասել, ասել եմ՝ Կոբո Աբե, եւ այլն, եւ այլն»։

ՀՀ վարչապետի հետ ստեղծագործական միությունների նախագահների հանդիպման ժամանակ Ռոլանդ Շառոյանը մոտեցավ, խոստովանեց, որ ինձնից չի նեղացել, որ ինձ շատ է սիրում եւ նույնը՝ Կավաբատայի մասին։Պնդեցի, որ հարցազրույցի ձայնագրությունը պահպանվել է, եւ կարող եմ ներկայացնել։ Զարմացավ՝ բա ինչո՞ւ մերով ուրիշ բան եմ ասում (նախարարության լրատվական ծառայության աշխատակիցը նույնպես ձայնագրում էր իմ եւ նախարարի հարցազրույցը)։ Նույն օրը պարոն Շառոյանը դժգոհեց. «Ինձ հետամնաց ես ասում, հա՞, ես ասում եմ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ ենք կատարելու, դու ասում ես՝ հետամնաց…»։

Եվ դարձյալ մամուլի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար այս յուրօրինակ զրույցի վերջում ավելացրեց, որ ես ինչ էլ գրեմ՝ ինձնից չի նեղանում եւ սիրում է ինձ։ Վերոհիշյալ հարցազրույցը խոր հետք էր թողել պարոն Շառոյանի հոգում։

Մի օր՝ օգոստոսի 28-ին, Շառոյանի սենյակում ասուլիս էր հրավիրված, որի ավարտից հետո վերջինիս քարտուղարուհին տեղեկացրեց, որ նախարարն ուզում է զրուցել ինձ հետ։ Համաձայնեցի։ Ներս մտնելուն պես նկատեցի, որ պարոն Շառոյանը համակարգիչն է միացնում։ «Ուզում եք ապացուցել, որ կոմպյուտերով աշխատե՞լ գիտեք»,- հարցրի։ «Հա, մտքիդ եկած հարցը փոխանակ տաս, գնում ես գրում, որ Ռոլանդ Շառոյանը իր աշխատասեղանը կոմպյուտերով էր զարդարել։

Երեւի միակ նախարարն եմ, որ էսքան ծրագրերով աշխատել գիտեմ»,- պատասխանեց նա։ 1993 թ. Հրանտ Բագրատյանն էլ, իբրեւ նախարարների մակարդակների բարձրացման ցուցանիշ, նշեց, որ բոլոր նախարարներն արդեն ֆաքսով աշխատել գիտեն։ Ապա երկար ժամանակ ցուցադրում էր համակարգչի հետ վարվելու իր բոլոր ունակությունները, ի հավաստումն՝ Հայաստանը իր տեսարժան վայրերով՝ Մասիսով ու խաչքարերով, Մինասով ու Արամ Խաչատրյանով ներկայացնող իր պատրաստած սկավառակը։

Այդ օրը «Առավոտ» թերթում լույս էր տեսել «Իսկ քանի՞ օր է տեւել Արթուր Շահնազարյանի հարսանիքը» հոդվածը։ «Էդ ի՞նչ ես գրել՝ քանի՞ օր է տեւել Արթուր Շահնազարյանի հարսանիքը»,- հարցրեց նա, ու ես հասկացա, որ կարդացել է միայն հոդվածի վերնագիրը։ Ասացի՝ ինչ անիմաստ ասուլիս էր հրավիրել, ուզում է ծեսերը վերականգնել՝ յոթ օր, յոթ գիշեր հարսանիքը, Նավասարդը եւ այլն, եւ տեսաերիզների տեսքով տարածել մարդկությանը։ Պարոն Շառոյանը բացատրեց, որ այդ գաղափարը իրենն է, պարզապես Արթուր Շահնազարյանը լավ չի կարողացել բացատրել, լավ չի ներկայացրել, քանի որ Ա. Շահնազարյանն արվեստագետ մարդ է եւ շատ շուտ շփոթվում է լրագրողների հետ զրուցելիս ու չի կարողանում ճիշտ արտահայտվել։ Ասաց՝ «Ես քաղաքականության մեջ փչացել եմ, կարողանում եմ պատասխանել լրագրողների ցանկացած հարցի, իսկ Արթուրը արվեստագետ է, շուտ խառնվում է»։

Ուրեմն «թող Արթուր Շահնազարյանն էլ գնա մի թեթեւ փչանա» առաջարկս պարոն Շառոյանը ծիծաղով ընդունեց՝ «Դու էլ հո չե՞ս ասի…»։ Ռոլանդ Շառոյանը խոստովանեց, որ Ազգային մշակույթի եւ արվեստի տարածման ու զարգացման վարչություն ստեղծելու գաղափարի հեղինակը նույնպես ինքն է եւ շատ է կարեւորում այդ վարչության դերը, հույսեր է կապում լուրջ արվեստագետ Արթուր Շահնազարյանի հետ, որը, ըստ նախարարի, նախարարությունում ուսումնասիրություններ է կատարում։

Այս «ինտիմ» զրույցը վերջացավ նրանով, որ պարոն Շառոյանը որոշեց ինձ կաշառել… «Պառկեռ» գրիչով։ Եվ քանի որ փայլուն, սիրուն գրիչներ չեմ սիրում եւ անհարմար եմ զգում դրանով հոդվածներ գրել, խնդրեցի «Պառկեռը» փոխարինել սովորական գրիչով։ Մի քանի վայրկյան փնտրելուց հետո մի ուրիշ գրիչ ընտրեց։ Հաճույքով ընդունեցի նախարարի նվերը, բայց չխոստացա, որ դրանից հետո իր մասին այդ գրչով լավ հոդվածներ կգրեմ…

ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆԻ մասին Ինտի«վ» հուշերի հեղինակ՝ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հայաստան-Գերմանիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930