Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ» ՍԷՎԸ ԵՎ ՍԵՎԸ

Սեպտեմբեր 03,1998 00:00
txa

Հարցազրույց «սեւ ձեռքերով» Սէվ Հենդոյի հետ

– Ո՞վ եք Դուք։

– Ես Հենրիկ Խաչատրյանն եմ։ Սէվ Հենդոն։ Սէվը։

– Ինչո՞ւ Սէվ։

– Այդ հարցն արդեն վաղուց չեն տալիս։ Երկար պատմություն է։ Ի դեպ՝ ոչ թե սեւ, այլ՝ Սէվ, որովհետեւ գույնի մասին չէ խոսքը։ Երբ ես ասում եմ Սէվ՝ ի նկատի ունեմ ոչ միայն գույնը, այլեւ նյութի մյուս դրսեւորույթները։ Թեեւ ինքը սեւ գույնը շատ խորիմաստ է։ Պարսկական ասացվածքն ասում է. «Սեւից բարձր գույն չկա»։ Սեւն անհայտ է։ Ինձ սկզբում «Սեւ Հենդո» էին ասում, հետո փոխեցի։ Ասեմ, որ նաեւ սեւ հագուստ եմ սիրում՝ ամառը հով է պահում, ձմռանը՝ տաք։

– Կարեւոր համարո՞ւմ եք այն, թե երբ եւ որտեղ եք ծնվել։

– Այո, ամեն ինչ օրինաչափ է։ Ես ծնվել եմ Արտաշատի շրջանի Բաղրամյան գյուղում, 1954 թ., նոյեմբերի 6-ին, շաբաթ օրը, առավոտյան ժամը 11-ին (ի միջի այլոց, դա շատ կարեւոր է)։ Կարիճ եմ՝ Աղեղնավորի որոշ հակումներով։

– Եվ, այնուամենայնիվ, ո՞վ եք Դուք։

– Ե՞ս… Մի սովորական մարդ, ում համար ապրելը հետաքրքիր է, հատկապես՝ Հայաստանում ապրելը։

– Ի՞նչ ճանապարհ եք անցել։

– Դպրոցում եմ սովորել, մի քանի տարի պոլիտեխնիկում եմ սովորել…

– Մի քանի տարի՝ այսինքն՝ չե՞ք ավարտել։

– Իհարկե՝ ոչ, թեեւ մեր տանը, կարծես, պոլիտեխնիկի ավանդույթ կար։ Իմ հիմնական գործը արվեստն է, իսկ աշխատել չեմ սիրում։ Աշխատանքային գրքույկումս մոտ 70 հիմնարկի նշում կա, վերջինը՝ 87 թ. էր. օդանավակայանի ասֆալտբետոնի գործարան։ Ամիսը 200 ռուբլի աշխատավարձ էին տալիս, զոդման սարքավորում կար, ես էլ երկաթով էի աշխատում, մոտ 30 հատ մետաղյա ակցիա-օբյեկտներ պատրաստեցի (ազատ ժամանակ շատ էի ունենում)։

– Ցուցահանդեսների մասին…

– Վերջին տասնհինգ տարում զբաղված եմ «գործողության արվեստով»։ Մինչ այդ գրում էի բանաստեղծություններ, վեպ (երեւի, 74-75 թվերն էին), հետո՝ կինոսցենարներ, պիեսներ։ Հետո սկսեցի արեւելյան պոեզիա եւ փիլիսոփայություն կարդալ։ Իմ գրական մանիֆեստը գրել եմ 1984 թ.՝ «Եթե կա առանց բառերի գրականություն՝ դա իմ գրականությունն է»։

– Համարում եք, որ այն, ինչ հիմա անում եք, գրականությո՞ւն է։

– Պոեզիա է։ Գրիչը ինձ արգելակում էր, ձեռքս չէր հասցնում իմ մտքի եւ զգացողությունների ետեւից։ Իսկ հիմա իմ ուզածը միանգամից գտնում եմ փողոցում, հիմնականում՝ աղբի մեջ։ Այն, ինչ ես եմ փնտրում, մարդիկ դեն են նետում, աղբ են համարում։

– Այսինքն՝ աղբ գոյություն չունի՞։

– Տիեզերքում աղբ չկա։

– Կամ՝ ամեն ինչ աղբ է։

– Այո, ինձ համար տարբերություն չկա՝ իմ գործը որտեղ կցուցադրվի՝ աղբանոցո՞ւմ, թե՞ իշխանության միջնաբերդում։

– Ի՞նչն է Ձեզ մղում աշխատելու։

– Հետաքրքրասիրությունը։

– Հիմա Դուք ինչի՞ հետ եք աշխատում։

– Հիմա ես աշխատում եմ մաքուր գործողության վրա։ Այ, հիմա, որ զրուցում ենք՝ դա էլ է մաքուր գործողություն։

– Բայց չէ՞ որ դա ծայրահեղացում է։ Ստացվում է, որ կամ ամեն ինչ արվեստ է, կամ ոչինչ արվեստ չէ։

– Կյանքը ինքը ստեղծագործություն է։ Մշակույթը ընկերային, իսկ արվեստը շատ անհատական բան է։

– Քո ստեղծածները անուն ունե՞ն։

– Նույնիսկ ես անուն չունեմ։

– Անցյալ տարի Դուք ցուցադրվել եք Ազգային ժողովում։ Ինչո՞ւ հենց Ազգային ժողովում։

– Դա «Art-1700» կազմակերպության նախաձեռնությունն էր։ Նպատակն էր ստեղծել իշխանությունների եւ ստեղծագործողների միջեւ փոխհարաբերությունների դաշտ։

– Դուք ավանգարդիստ եք։ Ավանգարդիզմի Ձեր ըմբռնումը։

– Ավանգարդիզմը, երեւի, միակ ստեղծագործական ուղղությունն է, որն առողջ է, քանի որ ողջ է, կա։ Մյուսները չգիտեմ՝ կա՞ն, թե՞ չկան։ Ես ավանգարդիստ եմ համարում Հիսուս Քրիստոսին, Գրիգոր Նարեկացուն, Երվանդ Քոչարին, հայ անցյալ եւ ներկա իրականության մեջ շատերին։ Ժամանակակից արձակի մեջ ավանգարդիստ է, օրինակ, Գուրգեն Խանջյանը, հատկապես նկատի ունեմ նրա «Հիվանդանոցը», ոչ թե «Ստվերներ խամաճիկների փողոցում» գիրքը։ Վիոլետ Գրիգորյանը պոստ-մոդեռնիստական տվայտանքների մեջ է, իսկ ավանգարդիզմը կենսուրախ հոռետեսություն է։ Ես շատ եմ հավանում իր գործերը, իր կերպարը՝ նա շատ հետաքրքիր է։ Բայց այսպես՝ ուղղափառ ավանգարդիստ չէ։ Աշոտ Խաչատրյանն է հետաքրքիր։ Էլի անուններ կան։

– Ձեր կարծիքով այսօր տաղանդավորն անպայման պետք է ավանգարդի՞ստ լինի։

– Ռիսկի հարց է։ Ես, օրինակ, անտաղանդ եւ անշնորհք մարդ եմ, բայց ես կարողանում եմ ստեղծագործել՝ ապրելու ցանկության հաշվին։ Եվ որովհետեւ ես մեռելապաշտ չեմ։

– Դուք Հրանտ Խաչատրյանի եղբայրն եք…

– Հրանտ Խաչատրյա՛նն է իմ եղբայրը։

– Դուք կիսո՞ւմ եք նրա քաղաքական հայացքները։

– Հիմնականում՝ այո։ Թեւ ՍԻՄ-ի անդամ չեմ եւ «Իրավունք» թերթի հետ կապ չունեմ։ – Նախագահական ընտրություններին ի՞նչ էիք անում։ – Առաջին փուլում ձայնս տվել եմ Հրանտին, երկրորդ փուլին չեմ մասնակցել։ Թեեւ սկզբից էլ գիտեի, որ Հրանտը չի անցնի։ Մինչեւ 2050 թ. նրա տեսակի քաղաքական գործիչը Հայաստանում բարձր պաշտոնի չի հասնի։

– Ձեր կարծիքով վերջին շրջանում Հայաստանում ինչ-որ բան փոխվե՞լ է։

– Նախագահի փոխվելը արդեն փոփոխություն է։

– Դո՞ւք եք լավ գործով զբաղված, թե՞ Ձեր եղբայրը։

– Այս աշխարհում ամեն մարդ զբաղված է ի՛ր գործով։ Ինքը կեղտոտ համարվող գործով է զբաղված՝ այսինքն՝ քաղաքականությամբ (թեեւ կատակով ու լուրջ ասում են՝ «Մաքուր ձեռքերով Հրանտ Խաչատրյան»), իսկ ես գործ ունեմ հենց աղբի հետ։ Ինքը քաղաքականության «աղբանոցում» է, ես՝ հենց աղբանոցում։

– Եվ, այնուամենայնիվ, չեմ կարող չհարցնել. այն, ինչ ստեղծում եք, Ձեր կարծիքով, իրո՞ք արվեստ է։

– Բայց այսպես զրուցելն արդեն արվեստ է։ Իսկ ի՞մ ստեղծածը՝ իհարկե՛։

– Սէվի եւ Սեւի արվեստը՞…

– Թեկուզ։

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930