Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՔԱ՞Ն Է ՏԵՎՈՒՄ «ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ»-Ը

Սեպտեմբեր 03,1998 00:00
zinvor

Այս պատմությունն արդեն մոտ մեկ տարվա կենսագրություն ունի։ Բայց նույնիսկ այդ ժամանակն էլ անբավարար եղավ կարգավորելու մի հարց, որն անորոշության է մատնել հարյուրավոր շրջանավարտ ուսանողների։ Մյուս կողմից էլ թվում է՝ չկա որեւէ հիմք լուծումներ որոնելու համար, քանի որ խնդիրը վաղուց կարգավորված է օրենքի շրջանակներում համապատասխան որոշումներով ու կարգադրություններով։ Սակայն պարզվում է, որ հարցը շահարկել ցանկացողները գոնե մինչեւ այս պահը շատ ավելի հզոր են, քան օրենքն է։

Հիշեցման կարգով նշենք, որ դեռ 97-ի աշնանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նոյեմբերի 12-ի թիվ 39 կարգադրությամբ 1995-97թթ. բուհ ավարտած շրջանավարտները, որոնք անցել են զինվորական ամբիոններ, չեն զորակոչվել, չեն ստացել սպայական կոչում եւ չեն օգտվում տարկետման իրավունքից, սկսեցին զորակոչվել իբրեւ շարքայիններ եւ ծառայության ուղարկվեցին ուսումնավարժական զորամասեր։ Այն օրերին հարյուրավոր ուսանողներ բողոքեցին այս կարգադրության դեմ, որին իբրեւ արձագանք հրապարակվեց Պաշտպանության նախարարության հետեւյալ հայտարարությունը. «1995-97թթ. բուհ ավարտած շրջանավարտները, որոնք սովորել են զինվորական ամբիոններում, բայց չեն ստացել սպայական կոչում, պաշտպանության նախարարի կարգադրությամբ զորակոչվելու են ուսումնավարժական զորամասեր մեկամսյա դասընթացների, որից հետո նրանց կշնորհվի սպայական՝ կոչում»։

Այս փոփոխությունը կատարվեց ընթացիկ տարվա ապրիլի կեսերին։ Ավելին, ուսանողության հետ հանդիպումների ժամանակ պաշտպանության նախարարը բազմիցս հաստատեց իր որոշումը եւ վստահեցրեց, թե անհանգստանալու պատճառներ այլեւս չկան։ Թվում էր՝ հարցն ինչ-որ չափով լուծված է։ Բայց հենց մեկնարկեց գարնանային զորակոչը, պարզ դարձավ, որ ոչ բոլորն են հակված հետեւելու նախարարի հրամանին։ Առաջին իսկ հավաքների ընթացքում տասնյակ շրջանավարտներ ոչ միայն չստացան խոստացված կոչումները, այլեւ իբրեւ շարքայիններ, այդպես էլ չտեսնելով ուսումնական զորամասերը, հայտնվեցին իրենց մշտական ծառայության վայրում։ Մեր զրույցի ժամանակ նրանք պատմում էին, թե ինչպես հենց հավաքակայանում, առանց անձնական գործերին ծանոթանալու տեղի սպաները բախտի քմահաճույքով դասակարգում էին նրանց սպաների ու շարքայինների։

Տեսնելով, որ հին պատմությունը կրկնվում է, ուսանողները դարձյալ դիմեցին ծեծված միջոցին. նամակ գրեցին հանրապետության զինկոմին։ Շուտով ստացվեց գեներալ-մայոր Ա. Հարությունյանի թիվ 3/113 գրությունը, որում ասվում էր. «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրած Ձեր դիմումի՝ հայտնում եմ, որ 1995-97թթ. բուհեր ավարտած եւ զինվորական ամբիոնն անցած շրջանավարտների անվանական ցուցակները ուղարկվել են ՀՀ ՊՆ կադրերի վարչություն՝ նրանց զինվորական կոչում շնորհելու հարցը լուծելու համար»։ Սա մայիսի սկիզբն էր։ Այն միտքը, որ իրենց ցուցակները վերանայվում են, մի փոքր հույս եւ վստահություն ներշնչեց ուսանողներին։ Բայց պատասխանը ստանալուց հաշված օրեր անց զորակոչվեցին ու իբրեւ շարքայիններ զորամասեր մեկնեցին էլի մի քանի տասնյակ ավարտածներ։

Տարակուսած մարդիկ նորից սկսեցին դռներ ծեծել, այցելել պաշտոնական մարմիններին, նամակներ հղել, հանդես գալ լրատվամիջոցներով։ Ամենուր նրանց հուսադրում էին, թե հարցը կարգավորման փուլում է, բայց որեւէ իրական տեղաշարժ այդպես էլ չկատարվեց։ Օգոստոսի 6-ին առաքվեց հերթական գրությունը Վազգեն Սարգսյանի անունով։ Իրենց դիմումում ուսանողները գրում էին. «1995-97թթ. բուհերի զինվորական ամբիոններն ավարտած շրջանավարտներին որպես շարքային զորակոչելու կապակցությամբ դիմել էինք Ձեզ եւ ստացել պատասխան, որ բոլոր վերը նշված շրջանավարտների անձնական գործերը ուղարկվել են ՀՀ ՊՆ կադրերի վարչություն՝ նրանց զինվորական կոչում շնորհելու հարցը լուծելու համար։ Այնուամենայնիվ, հակառակ Ձեր կարգադրության, 1998թ. գարնանային զորակոչի վերջում մի քանի տասնյակ շրջանավարտներ հայտնվեցին բանակում որպես շարքային։ Խնդրում ենք պատասխանել. վերջապես ի՞նչ լուծում է ստանալու այս հարցը»։

Դիմումից 2 օր անց նորից հանրապետության զինկոմ Ա. Հարությունյանից ստացվեց թիվ 3/222 գրությունը, որով այս խնդրից ակնհայտորեն ձանձրացած մարդու շեշտադրությամբ գեներալ-մայորը պատասխանում էր. «Նորից հայտնում եմ, որ 1995-97թթ. շրջանավարտներին լեյտենանտ՝ առաջին զինվորական կոչում շնորհելու հարցը դեռ գտնվում է ընթացքի մեջ։ Այն լուծելու դեպքում Ձեր տարածքային զինկոմիսարիատը Ձեզ տեղյակ կպահի։ Իսկ Ձեր մյուս հարցի վերաբերյալ պատասխանում եմ, որ զորակոչվել են որոնման մեջ գտնվողները»։

Այս պատասխանն իր հետ նորանոր հարցականներ բերեց։ Ի՞նչ ասել է «գտնվում է ընթացքի մեջ», երբ արդեն երկրորդ զորակոչն է ընթանում նախարարի կարգադրության խախտմամբ. մի՞թե նախարարի հրամանները ուժի մեջ չեն հենց ստորագրման պահից։ Այդ ինչպես պիտի տարածքային զինկոմիսարիատները տեղյակ պահեն, երբ մարդիկ վաղուց արդեն ծառայում են եւ այն էլ որպես շարքայիններ։ Ու վերջինը. ի՞նչ որոնվողների մասին է խոսքը։ Ուսանողները վստահեցնում են, որ բանակում գտնվող իրենց ընկերներից որեւէ մեկը երբեք չի խուսափել զորակոչերից ու նույնիսկ ծանուցագիր չի ստացել։

Առավել վրդովվածներից մեկը հետեւյալն ասաց. «Հանրապետության զինկոմը պարզապես չի մեկնաբանում, թե ի՞նչ ասել է որոնման մեջ գտնվող պահեստի սպա։ Պահեստի սպան 18 տարեկան զինապարտ չի։ Կոնկրետ նրանց, ում տարել են, այդպիսի դեպք չի եղել»։ Այս խնդրում խոսքը դեռ մեղավորների ու անմեղների մասին չէ։ Մարդիկ փորձում են ճշտել իրենց իրավունքների ու պարտականությունների սահմանը։

Սակայն ստացված պատասխանները եւ ձեռնարկված քայլերն այնքան հակասական են, որ դժվար է կռահել, թե որտեղ է սկսվում ճշմարտությունը եւ որտեղ է ավարտվում այն։ Ուսանողները չեն պատրաստվում հեշտությամբ նահանջել։ Նրանք դեռ շարունակելու են փնտրել իրողությունը թե՛ իրենց եւ թե՛ ընկերների համար։

ՆԱՌԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930