Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՑԻ-ՎԵՐԱՎԱՃԱՌՈՂ-ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ. ԴԺԳՈՀ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Սեպտեմբեր 03,1998 00:00
shuka

Սրանում համոզվելու համար բնավ կարիք չկա դիմելու վիճակագրության, պաշտոնական անձանց ու տվյալների, այն ամենին, ինչին լրագրության մեջ ընդունված է «հավաստի աղբյուրներ» անունը տալ։ Բավական է միայն մեկ անգամ նեղություն քաշել եւ առավոտյան 9-ից 9.30-ի սահմաններում լինել երկաթուղային կայարանում՝ դիմավորելու, ասենք, Երասխավան-Երեւան էլեկտրագնացքը։ Բայց մինչեւ գնացքը կբարեհաճի ժամանել, նախ արժե ուսումնասիրել այն վիճակը, որը, մի քիչ, մեղմ ասած, այսպիսին է՝ «ՋՊպՎ-ր»։ Կայարանամերձ մի շուկա կա, որտեղ վաճառվող գյուղատնտեսական ապրանքների գինը, ինչպես ցանկացած շուկայում, օրվա տարբեր ժամերի տատանումներ է ունենում։

Սակայն այստեղ, ի տարբերություն մյուս շուկաների, այդ տատանումները խիստ որոշակի ժամկետներ եւ ամպլիտուդ ունեն՝ ընդ որում՝ կտրուկ։ Մինչեւ գնացքի ժամանելը դժգոհ են եւ վաճառողները (հիմնականում քաղաքաբնակ վերավաճառողներն են), եւ գնորդները։ Առաջինները անհամբեր սպասում են «թարմը» ապրանքի ժամանմանը եւ ոչ մի կերպ չեն կարողանում «նաղդել» նախորդ օրվա (կոպիտ չլինենք՝ ասելու «օրերի») միրգն ու բանջարեղենը։ Գնորդներն էլ (հատկապես այս սեզոնին շատ են «բիրիքով» վերցնող հասարակ մահկանացուները. դե, «իկրա» է, «իմամբայալդի», «խորոված») հո իրենց թշնամին չե՞ն. մի երկու րոպե կսպասեն, ու պոմիդորի գինն անկախ իր կամքից 120- 110-ից կիջնի մինչեւ 80-90 դրամ։

Բայց այս շուկայի գործող անձանց այս երկու կատեգորիաների միջեւ կա մի երրորդը՝ վերավաճառող, որ երբեք նախորդ օրվանից մնացած ոչինչ չի ունենում։ Նա ամեն առավոտ (նույնիսկ հանգստյան օրերին) կայարան է գալիս ձեռքին ունենալով մեկ կամ երկու պայուսակ։ Այսպիսիներն ամենաճարահատն ու անպաշտպանն են։

– Ի՜նչ անեմ, կրթություն էլ ունեմ, լավ էլ մասնագետ եմ, բայց է՛ս ա ձեռքինս,- վրդովվում է մի միջին տարիքի մարդ՝ ցուցադրելով ստվարաթղթե արկղից եւ պոլիէթիլենային պարկերից «հնարած» դեղձի տեղափոխման ժամանակավոր տարան։ Այդպիսի «աթանդաներ» շատ կային, որոնց ապրուստի միջոցը մի ուրիշի՝ գյուղացու ճարահատությունն է։ Սա նշանակում է, որ եթե գյուղացին ժամանակ ու հնարավորություն ունենար իր աճեցրած բերքը ինքը վաճառելու, քաղաքաբնակ վերավաճառողը ուղիղ համեմատական կարգով կզրկվեր նույն այդ ապրանքը «ջրի գնով» (բացառապես գյուղացու բնորոշմամբ) հողագործից վերցնելու եւ «մեջը մի քանի կոպեկ աշխատելու»։ Բոլոր կոնկրետ դժգոհությունները այս մարդիկ հայտնում էին մինչեւ այն պահը, երբ լրագրողիս հետաքրքրասիրությունը որոշեց հագուրդ տալ իր աճող ախորժակին։ Մասնավորապես ոչ ոք չէր ուզում նշել, թե ինչքան է կազմում օրվա իր եկամուտը՝ միջին լինի, առավելագույն, թե նվազագույն։

– Հացի փող, մենակ հացի փող ենք աշխատում,- պատասխանեցին՝ չճշտելով գոնե՝ դա առավելագո՞ւյնն է, թե՞ նվազագույնը։ Նման «գաղտնապահությունը» բացատրում էին մամուլի եւ ընդհանրապես ամեն ինչի նկատմամբ անվստահությամբ («Որ գրեցի՜ք, որ կարդացի՜ն՝ ի՞նչ պիտի փոխվի» ձեւակերպմամբ)։ Հետո հայտնելով հանրապետությունից անմիջապես մեկնելու ցանկություն (եթե այդ առեւտուրն էլ արգելվի), բոլորը մեկնարկի կանգնեցին. առջեւում նշմարվեց էլեկտրագնացքի լոկոմոտիվը։ Երբ գնացքը մոտեցավ՝ պատուհանների կոտրված ապակիները թույլ տվեցին նկատել, որ ներսում էլ «մեկնարկային» վիճակ է։ Գնացքի կանգնելուն պես պատուհաններից «հոսեցին» բադրիջանի եւ պղպեղի պարկեր, պոմիդորի արկղեր, «խառը» եւ «անխառն» կանաչու տրցակներ եւ նաեւ մարդիկ՝ մնացած բեռներն արդեն «հարթած ճանապարհով» դուրս փոխադրելու։

Գյուղշուկայի գները սրընթաց ընկան, մինչ քաղաք ժամանած գյուղացիների մեծ մասը «թափում էր» ապրանքը։ Իսկ վերավաճառողները «հավաքում» էին այն ու անհամբեր սպասում, թե երբ այդ «բազարը» կավարտվի, եւ իրենք արդեն իրենց սահմանած գներով նոր թափ կհաղորդեն առեւտրի՝ վերավաճառող-գնորդ փուլին։ Պետք է նշել, որ վերավաճառողները, որպես կանոն, որքան ճարահատյալ, նույնքան էլ ճարպիկ եւ խորամանկ են՝ գյուղացուց մթերք գնելու ընթացքում սովորական գնորդին նեղելու եւ հետին պլան մղելու գործում։ Սա երկար չի տեւում՝ 10-12 րոպե, եւ ամեն ինչ արդեն բաշխված է՝ բերքը, տեղերը։

Սահմանվում են որոշակի, հարաբերականորեն կայուն գներ, որոնք իրենց պահպանման միտումը դրսեւորում են մինչեւ երեկոյան 17-17.30-ը։ Այս ժամին գնացքն արդեն դառնում է Երեւա՛ն-Երասխավան։ Այն հատուկենտ գյուղացիները, որոնց տանը բերք հավաքող եւ հաջորդ օրվա «բեռուբարձը» կապող կա (ինչն իրենց հնարավորություն էր տվել սեփական ուժերով իրացնել սեփական բերքը) գնացքը գերադասում են միջքաղաքային փոխադրամիջոցների մյուս տեսակներից՝ տոմսի արժեքը նկատի ունենալով։ Սա իր հերթին նշանակում է, որ այդ ժամի սահմաններում որոշ մրգեր եւ բանջարեղենի տեսակները նորից կտրուկ «գցում» են իրենց գինը։ Գնացքի մեկնումից անմիջապես հետո գները նորից «թռչում» են։ Ու բռնող էլ չկա։ Գլուխը պատովն են տվել ամեն տեսակի ապրանքահումքային ու արժեթղթերի բորսաները։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930