Մեծ էր մեր ուրախությունը, երբ իմացանք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակի միջոցով մրցույթ է հայտարարել մեր գյուղի ոռոգման ցանցը վերականգնելու համար։ Ինքներդ եք հասկանում, թե ինչ է նշանակում գյուղացու համար ոռոգման ջուրը։ Եվ ահա, ընդունված կարգի համաձայն, մրցույթում հաղթեց «Հայարդշին» ՓԲԸ-ն։ Ուրախալի էր, որ հաղթողը պետական շինարարական կազմակերպություն էր եւ ոչ թե սիրողական մարդկանց կողմից ստեղծված կոոպերատիվ, որը հաճախ պատահում է մեր օրերում։ Մեր ուրախությունը, սակայն, երկար չտեւեց։
Բավական չէր, որ «Հայարդշինը» իր կողմից ենթակապալային պայմանագրով աշխատանքը տվել էր «Բարձրաշեն» ԼՏԸ-ին, որի արհեստավարժության մասին կարող է խոսել թեկուզ այն հանգամանքը, որ այն պատմաբանի ղեկավարությամբ ընտանեկան ընկերակցություն է։ Վերջինս էլ իր հերթին նախագծի մեջ կատարել է այնպիսի փոփոխություններ, որոնք էլ մեզ ստիպում են դիմել Ձեր օգնությանը։ Արդեն մի քանի տարի է, որ ամբողջ աշխարհում ոչ միայն ապացուցվել է ասբեստ կոչվող շինանյութի քաղցկեղ հիվանդության առաջացմանը նպաստող լինելը, այլեւ քանդվում են կառուցված այն շենքերն ու շինությունները, որտեղ օգտագործված է եղել այդ չարաբաստիկ շինանյութը։ Ավելին, ԱՍԲԵՍՏԸ որպես շինանյութ այսօր արգելված է ամբողջ աշխարհում։
Ահա այս պայմաններում «Բարձրաշեն» ԼՏԸ-ն հանցավոր համաձայնության գալով գյուղի ղեկավարության եւ ԾԻԳ-ի աշխատակիցների հետ, նախագծի մեջ հաստատված վաքերը փոխարինել է երկու կես արված ասբեստե խողովակներով եւ տեղադրել ամբողջ գյուղի ջրատարի երկարությամբ։ Մի՞թե իրենց գրպանները լցնելու վազքի մեջ խորասուզված այս վայ շինարարները եւ ղեկավար այրերը բոլորովին խղճի զգացում չունեն։ Չէ որ այս խողովակներով հոսող ջրով աճեցվելու է բերք, որն էլ հետագայում վաճառվելու է Աշտարակում եւ Երեւանում, որոնց հարեւանությամբ էլ գտնվում է մեր գյուղը։ Մի՞թե մեր ժողովրդին քիչ են այն բոլոր փորձությունները, որ մատուցում է բնությունը։ Առանց այն էլ մեր հանրապետությունում բարձր է քաղցկեղով հիվանդ մարդկանց քանակը։
Մեկ ծառ կտրելու կամ ընդհանրապես անտառ մտնելու, սունկ եւ հատապտուղ հավաքելու համար, ձուկ որսալու համար տուգանք է սահմանվել, պատճառաբանելով, թե բնությանը վնաս է հասցվում։ Իսկ մի՞թե վնաս չի հասցվում, երբ մի ամբողջ վիրավոր ազգի պարտադրում են քաղցկեղով հիվանդանալ։ Չէ որ բնակչության 70 տոկոսից ավելին լիարժեք չի սնվում, նրանց օրգանիզմի դիմադրողականությունը ծայր աստիճան ընկած է եւ բավական է մի փոքր առիթ, որպեսզի անբուժելի հիվանդությունը իր սեւ գործը կատարի։ Մենք հասկանում ենք, որ մեր նամակը շատ զգացմունքային ստացվեց, բայց հուսով ենք, որ Դուք կպատկերացնեք մեզ հուզող թեմայի լրջության աստիճանը եւ այն առանց հետեւանքների չեք թողնի։
Կարդացեք նաև
Ոսկեվազ գյուղի բնակիչներ