Ասաց Շենգավիթի թաղապետարանի լրատվական բաժնի պետ Ս. Այվազյանը
Ընթերցողին հիշեցնեմ, որ ինչ-ինչ պատճառներով մոտ մեկ ամիս առաջ հրաժարական տվեց Շենգավիթի թաղապետ Բագրատ Անդրեասյանը։ Հրաժարականի պատճառներն այդպես էլ չբացահայտված մնաց, չնայած թաղապետը խոստացել էր ժամանակը գալուն պես հայտնել լրատվամիջոցներին հրաժարականի բուն պատճառները։ Խաղաղ այս լռությունից կարելի է ենթադրել, որ ժամանակը դեռ չի եկել։ Բ. Անդրեասյանին փոխարինեց Մարտին Սարգսյանը, բայց ոչ որպես թաղապետ, այլ պաշտոնակատար։ Մ. Սարգսյանի հետ տեղի ունեցած մի զրույցի ժամանակ թաղապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ շուտով կլինեն նոր թաղապետի օրինական ընտրություններ։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 6-ին։ Ցանկանալով տեղեկանալ, թե ինչպես է ընթանում ընտրությունների գործընթացը, այցելեցի Շենգավիթի թաղապետարանի լրատվական բաժին եւ համայնքային ընտրական հանձնաժողով։
Թաղապետարանի լրատվական բաժնի պետ Ս. Այվազյանը հայտնեց, որ ներկայիս թաղապետի պաշտոնակատարը ճաշակել է կեղծ ընտրության համը եւ ամեն առիթով աշխատում է, որ ընտրություններն անցկացվեն ազատ եւ արդար, առանց կեղծումների։ Նրա առաջին ժողովրդավարական քայլերից է իր կողմից ընտրության ցուցակների կազմումը եւ շատ խիստ հսկողության տակ առնելը։ Համայնքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ալվարդ Ղազարյանից տեղեկացա, որ մինչ այժմ գրանցվել է համայնքապետի երկու թեկնածու, մեկը Մարտին Սարգսյանն է, իսկ մյուսը՝ «Ինքնորոշում միավորումից» Գագիկ Սարուխանյանը։ Թեկնածուների գրանցման վերջին ժամկետը եղել է 27.08.98 թ.։ Այսինքն կարելի է նշել, որ նոր թեկնածուների գրանցումներ այլեւս հնարավոր չեն։
«Սեպտեմբերի 6-ի առավոտյան ժամը 8-ից մինչեւ 22.00-ն Շենգավիթի 38 ընտրատարածքներում էլ տեղի կունենան ընտրություններ»,- ասաց Ա. Ղազարյանը։ Իսկ իմ այն հարցին, թե որեւէ կազմակերպությունից դիտորդներ կմասնակցեն, հանձնաժողովի քարտուղարը հայտնեց. «ոչ մի կազմակերպությունից ոչ մեկը ցանկություն չի հայտնել որպես դիտորդ հանդես գալ»։ Լրատվամիջոցների գրանցման վերջին ժամկետը սեպտեմբերի 3-ն է։ Նա տեղեկացրեց նաեւ, որ մեծ սիրով կաջակցեն լրատվամիջոցներին, եւ ուրախ կլինեն ընտրությունների լուսաբանման համար։ Հերթական հարցը վերաբերում էր կեղծիքներից խուսափելուն։ Ա. Ղազարյանը հայտնեց. «Այն անձինք, ովքեր կեղծիքներ թույլ կտան, կպատժվեն օրենքի խստությամբ»։
Կարդացեք նաև
Ա. ԼԱՎՉՅԱՆ