Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՏՐՈՍՈՎԻՆ

Սեպտեմբեր 03,1998 00:00
Vladimir Nazaryan

«Առավոտի» սեպտեմբերի 1-ի համարում տպագրված է ՀՀ կառավարության աշխատակազմի «Պաշտոնական տեղեկագիր» պետական ՓԲԸ փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար Մ. Մարգարյանի, այսպես կոչված, պաշտոնական պատասխանը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տպագրության կապակցությամբ «Առավոտին» տված իմ հարցազրույցին, որից ակնհայտ է, որ հարգարժան Մ. Մարգարյանը հանդես է եկել Ալեքսանդր Մատրոսովի դերում։ Հետեւելով իրավագիտության դոկտորներին իրավաբանություն ուսուցանելու մեզանում ամրապնդված ավանդույթին, նորահայտ Ալեքսանդր Մատրոսովն իր կյանքը (իմա՝ պաշտոնը) մահացու վտանգի տակ դնելով, ինձ բացատրում է իմ իսկ գրած օրենսգիրքը եւ հանգում հրեշտակին վայել եզրակացությունների։

Ես էլ, օգտվելով նույն ավանդույթից, փորձեմ հեղինակին ծանոթացնել, ասենք, ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի հետ, որտեղ սպիտակի վրա սեւով գրված է, որ «Պետական մարմինները եւ պաշտոնական անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ»։ Այդքանից հետո, էլի ավանդույթի համաձայն, նորահայտ Մատրոսովին հիշեցնեմ, որ «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգի մասին» օրենքով, ինչպես նաեւ, ազնիվ խոսք, ՀՀ ցանկացած այլ օրենքով, ՀՀ կառավարությունը, որը, իմ համոզմամբ, պետական մարմին է, լիազորված չէ «ՀՀ պաշտոնական տեղեկագիրը» վերածելու իր աշխատակազմի շահույթ ստանալու նպատակ հետապնդող ընկերության։ Այդ օրենքի 4 հոդվածում ասված է, որ «ՀՀ պաշտոնական տեղեկագիրը» կառավարության կողմից հրատարակվող պաշտոնական պարբերական է»։

Ենթադրում եմ, որ նորահայտ Մատրոսովը կռահեց իր կրծքով կրակակետը փակելու անիմաստությունը։ Որեւէ մեկը, ներառյալ ես, կասկածի տակ չի դրել, որ «Օրենքների… հրապարակումը «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» պարտադիր է եւ համարվում է պաշտոնական հրապարակում»։ Իզուր է Մատրոսովը նենգափոխում խնդիրը։ Խոսքը գնում է ոչ թե պաշտոնական հրապարակման, այլ օրենքների պաշտոնական հրապարակումը ՀՀ կառավարության աշխատակազմի շահութաբեր գործունեության վերածելու անթույլատրելիության մասին։ Իր պատասխանի վերջին մասում կառավարության ինքնազոհ պաշտպանը թույլ է տալիս իմ մտքերի հաջորդ նենգափոխումը։ Ինձ կույրի տեղ դնելով, նա հավաստիացնում է, որ «ՀՀ պաշտոնական տեղեկագրի» 1998 թ. 17-րդ համարում (որում տպագրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը) զետեղված է օրենսգրքի բովանդակությունը՝ ըստ բաժինների եւ գլուխների։

Մինչդեռ, կարծում ենք, որ փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատարը հիշյալ օրենսգիրքը հրապարակելիս կարող էր պատահաբար նկատել, որ վերնագրեր ունեն ոչ միայն բաժինները եւ գլուխները, այլեւ այդ օրենսգրքի բոլոր 1293 հոդվածները։ Դրանց բացակայությունը պաշտոնական հրատարակությունում, իրավագիտության ոլորտում իմ ունեցած շուրջ կեսդարյա համեստ փորձի թելադրանքով, բերում է այն միանշանակ հետեւության, որ առանց բովանդակության մեջ հոդվածների վերնագրերը ներառելու, այդ գրքի տպագրությունն անիմաստ է, քանի որ դրանով իսկ բացառվում է այդ օրենսգրքից օգտվելու բնականոն հնարավորությունը։ Օրենսգրքի լիակատար բովանդակությունը, ի գիտություն փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատարի, այդ օրենսգրքի հավելվածը չէ, ինչպես փորձում է նա ուսուցանել լայն հասարակությանը։

Թերեւս, առավել զարմանահրաշ է Մատրոսովի ձգտումը ինձ սովորեցնելու իմ իսկ գրած ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը եւ ընթացքից էլ նենգափոխելու իմ հարցադրման էությունը։ Նա մեջբերում է կատարում իմ մշակած օրենսգրքի 1114 հոդվածից, սակայն ծուլանում է կարդալ հաջորդ 1115 հոդվածը, որտեղ, ցավոք, գրված է, որ «Պաշտոնական փաստաթղթերի… նախագծի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է նախագիծը ստեղծած անձին (մշակողին)»։

«Առավոտին» տված հարցազրույցում ես ինձ թույլ էի տվել հարցնել կառավարությունից, թե այդ ով է մշակել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագիծը եւ ինչ գործարքի ուժով է այդ նախագիծը հայտնվել կառավարության ձեռքին, քանի որ լայն հասարակության մեջ կարող է պատկերացում ստեղծվել, որ այդ օրենսգրքի նախագիծը երկնային մանանայի պես թափվել է կառավարության դռանը։ Շտապեմ փարատել Մատրոսովի մտավախությունը՝ հեղինակային իրավունքի պաշտպանության խնդրում իմ անկարողության մասին։ Շատ շուտով նա ականատես կլինի այդ տհաճ գործընթացին։ Նախքան հրեշտակային եզրակացությանն անդրադառնալը, կուզեի մեջբերում կատարել Մատրոսովի մտքերից։ Նա պնդում է, որ շահույթ ստանալու նպատակ հետապնդող իր տնօրինության տակ գտնվող «Ընկերության հիմնադիրն է ՀՀ կառավարության աշխատակազմը, կանոնադրական հիմնադրամը՝ 100 000 (հարյուր հազար) դրամ է»։

Չնայած այսօրվա վիճակով հազիվ թե հնարավոր լինի որեւէ մեկին զարմացնել, սակայն պարզ թվաբանությունը մեզ հանգեցնում է ապշեցուցիչ եզրակացությունների, պարզվում է, որ 100 000 (հարյուր հազար) դրամով հնարավոր է հրատարակել մեծ ֆորմատի 430 էջ ծավալ ունեցող գիրք՝ 6000 տպաքանակով, որից 3000-ը՝ կաշվե կազմով։ Մեր համեստ գիտելիքների շրջանակում կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ օրենսգրքի մեկ օրինակի արժեքը կազմել է շուրջ 16 դրամ։ Իսկույն օրինական հարց է առաջանում, ինչո՞ւ է մեր հայրենի կառավարությունը 16 դրամ արժողությամբ ապրանքը վաճառում գնողունակությունից զուրկ իր քաղաքացիներին 2500-ից (սովորական կազմով) մինչեւ 4500 (կաշվե կազմով) դրամով։

Շահույթների տոկոսների հաշվարկը թողնում ենք Ա. Մատրոսովի եւ նրա տերերի խղճին։ «Առավոտին» տված իմ հարցազրույցում «Սկադեն…» անգլիական ֆիրմայի կատարած ավազակությունների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի եզրակացության հիման վրա ես ցույց էի տվել, թե ինչպես են հափշտակվում հարյուր հազարավոր դոլարների պետական վարկերը մի քանի հարյուր հոդված պարունակող օրենքների նախագծերի համար վարձատրության պատրվակով եւ, հաշվի առնելով այդ իրողությունը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի շահույթ ստանալու նպատակ հետապնդող ապօրինածին ընկերության գոյությունը, ես խնդրել էի իմ հայրենի կառավարությանը խոստանալ, որ իմ ղեկավարած հեղինակային կոլեկտիվի մշակած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վրա դուրս չեն գրվի միլիոնավոր դոլարներ մեր հանրապետությանը հատկացված վարկերից։ Ուրիշ ակնկալիք ես չեմ ունեցել։

Թե ինչո՞ւ է այդ վարկերի խնդիրը փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատարը վերցնում իր վրա՝ ինձ անհայտ է եւ բոլորովին էլ տրամադիր չեմ ասելու «Գող՝ սիրտդ դող»։ Այժմ անդրադառնանք հրաշք եզրահանգմանը։ «Առավոտում» տպագրված նյութերում,- հավաստիացնում է մեզ Ալեքսանդր Մատրոսովը,- ոչ թե հետապնդվել է սպառողի շահերի պաշտպանության նպատակ, այլ զուտ առեւտրային բնույթ է կրում՝ փորձելով ակնհայտ հերյուրանքներ տարածելու ճանապարհով ապահովել քաղաքացիական օրենսգրքի ոչ պաշտոնական հրատարակության միջոցով խոշոր շահույթի ստացումը»։

Մենք անկեղծ համոզված ենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմն իր շահույթ ստանալու նպատակ հետապնդող ընկերության միջոցով իր իսկ խոստովանությամբ 16 դրամ արժողությամբ օրենսգիրքը մի քանի հազար դրամով վաճառելով, նպատակ է ունեցել պաշտպանելու սպառողի շահերը եւ այդ խնդրում մեր տարակարծիքությունը, ինչ խոսք, կրում է առեւտրային բնույթ, քանի որ մենք նույնիսկ չենք կարող երեւակայել սպառողի շահերի այնպիսի պաշտպանություն, որի արդյունքում 2000 տոկոսով շահույթ են ստանում եւ հակառակը կարծողին համարում ես հերյուրանք տարածող։

Ինչ վերաբերում է նախագծի հեղինակային կոլեկտիվի ակնկալվող շահույթներին, ապա պատիվ ունենք զեկուցելու Ա. Մատրոսովին եւ նրան կրակակետի վրա նետած տերերին, որ արդեն հրապարակի վրա է «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սխեմաներում ու աղյուսակներում» ժողովածուն, տպագրության պատրաստ է «Քաղաքացիական իրավական պայմանագրերի նմուշները օրենսդրական ծանոթագրություններով» ժողովածուն։ Ստեղծագործական կոլեկտիվն աշխատում է «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ծանոթագրություններով եւ մեկնաբանություններով» քառահատոր աշխատության վրա, որոնք վաճառքի հանելիս խոստանում ենք չօգտվել սպառողի շահերի պաշտպանության «Պաշտոնական տեղեկագրի» հնարքից, քանզի հարգում ենք նրա՝ սպառողին կողոպտելու հեղինակային իրավունքը։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՏՐՈՍՈՎԻ հարեւան վաշտի հրամանատար ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930