Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան

Սեպտեմբեր 03,1998 00:00
evropa

Մեկ հարց Եվրոպայի խորհրդի քաղաքական հանձնաժողովի մասնագետ Իրժի Վոգլի հետ

– Պարոն Վոգլ, դեռեւս ապրիլ ամսին առիթ էի ունեցել հրապարակելու, թե ձեր հանձնաժողովը պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթեր, որպեսզի Հայաստանում իրականացվեն մի շարք ծրագրեր՝ Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Այժմ ինչպիսի՞ն է վիճակը։

– Այո, ճիշտ եք, նման ծրագիր իրականացնելու մտահղացում կա։ Փաստաթղթերը դեռեւս մշակման փուլում են։ Մենք ուզում ենք, որ դրանք առավելագույնս արտացոլեն այն, ինչը իրականացվելու է։ Ակնկալում ենք, որ այդ ծրագրի նախագիծը վերջնականապես կմշակվի եւ ամփոփ տեսքի կբերվի մինչեւ ընթացիկ տարվա ավարտը։ Իմ կարծիքով, այդ ծրագիրը կսկսի իրականացվել գալիք տարվա հենց սկզբից։ Կներառվեն այն բոլոր գլխավոր հարցերը, որոնք Եվրոպայի խորհրդի շահագրգռությունների կենտրոնում են։ Ասեմ, որ մենք ձգտում ենք Հայաստանին օգնություն ցուցաբերել առավելապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միանալուն նախապատրաստվելու գործընթացում։ Այդ ոլորտում չափազանց շատ անելիք կա։

Նշյալ փաստաթղթով նախատեսվում է, ասենք, դատավորների, փաստաբանների, ոստիկանության ներկայացուցիչների եւ իրավապահ ոլորտի մյուս մարմիններում աշխատողների առանձնակի պատրաստվածության մակարդակ։ Այդ ամբողջը պետք է հասցվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրոպայի խորհրդի սահմանած ստանդարտներին։ Մեր ծրագրի երկրորդ մասը, ըստ էության, պետք է անդրադառնա եւս մեկ շատ կարեւոր հարցի՝ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը, տեղերում ժողովրդավարության աստիճանի բարձրացմանը։ Այս ոլորտում, ինչպես գիտեք, եւս նախապատրաստական մեծ աշխատանք է անհրաժեշտ։ Առաջին հերթին խոսքը կադրերի մասին է, որոնց հարկավոր է պատրաստել։

Արձանագրենք, որ այս բնագավառում կան բազմաթիվ մարդիկ, որոնք արդեն իսկ որոշակի աշխատանքային փորձ ունեն։ Եվրոպայի խորհուրդը շահագրգիռ մոտեցում ունի այն հարցում, որ ժողովրդավարությունը ոչ միայն կենտրոններում լինի, այլ ամուր հիմքեր ունենա տեղերում։ Ես թվարկեցի իրականացվելիք ծրագրի ընդամենը 2-3 ուղղությունները։ Իսկ այդ ամենն իրագործելու հարցում մենք պատրաստակամ ենք։ Եվրոպայի խորհուրդը, նորից ընդգծեմ, շահագրգիռ է հատկապես Հայաստանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միանալու հարցում։ Այդ փաստաթղթի կարեւոր կետերից է թիվ 10 հոդվածը, որը արտահայտվելու ազատության պահանջ է դնում։

Դա Եվրոպայի խորհրդին վերապահված իրավունք է, իսկ դրա կողքին էլ կա Մարդու իրավունքների հաստատության մշակած փաստաթուղթը, որով մեկնաբանվում է թիվ 10 հոդվածը։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Հայաստանի միանալու ծրագրի շրջանակներում մենք աշխատանք ենք իրականացնելու բազմաթիվ ուղղություններով։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930