Չնայած դոլարի կուրսի հանդեպ դրամի որոշ տատանումներին, Ռուսաստանում բռնկված ֆինանսատնտեսական ճգնաժամն առայժմ Հայաստանի վրա առանձին ազդեցություն չի թողել: Հեռավոր մեխիկոներում եւ տոկիոներում ռուբլու անկումը ավելի լուրջ ազդեց պեսոյի եւ իենի վրա, իսկ մեր դրամը ռուբլու դեմ հպարտ կանգնած է՝ մեր լեռների պես: Ինչ խոսք, չափազանց ուժեղ ազգային դրամ ունենք, բոլոր ֆինանսական ճգնաժամերին դիմացող:
Նույնքան վստահ է եւ հպարտ մեր կառավարությունը, որը հենց սկզբից էլ ասաց, թե Հայաստանի քաղաքացիները կարող են չանհանգստանալ եւ հանգիստ քնել: Մասնավորապես, այդ հաճելի գործով կարող են զբաղվել նրանք, ովքեր դոլարներ ունեն ու այդ դոլարները պահում են բարձի տակ: Ընդ որում, այդ քաղաքացիներն ամեն օր փառք են տալիս մեր բոլոր կառավարություններին, որոնք տարիներ շարունակ թեեւ հայտարարում էին շուկայական բարեփոխումների, համաշխարհային տնտեսական տարածքի մեջ ինտեգրվելու եւ արժեթղթերի երկրորդական շուկա ստեղծելու մասին, բայց, փառք Տիրոջը, իրենց խոստումները իրականություն չեն դարձրել:
Բանն այն է, որ որոշ փորձագետների գնահատականով, ասիական եւ ռուսաստանյան ֆինանսական ճգնաճամերը պայմանավորված են ոչ թե ներդրումների պակասով, այլ, ընդհակառակը, նրանց գերհագեցվածությամբ: Այնպես որ մենք պետք է շնորհակալ լինենք մեր կառավարություններից՝ խոշոր ներդրումներ դեռ չկան, ստվերային տնտեսությունը գերհզոր է, քաղաքացիների ունեցվածքը տնտեսության զարգացման մեջ ներդնելն անհնարին է՝ փող ունեցողները գերադասում են այն պահել բարձի տակ, եւ մենք լիովին ապահովագրված ենք ցանկացած ֆինանսական ճգնաժամից: Չկա զարգացում, չկա, հետեւաբար, ֆինանսական ճգնաժամ:
Կա տնտեսական ճգնաժամ, որը խորանալու է այնքան ժամանակ, որքան մենք չկարողանանք օգտագործել փողը /այդ թվում նաեւ արտասահմանյան վարկերը/ տնտեսական զարգացման նպատակով: Բարձի տակի փողերը վաղ թե ուշ վերջանում են: Առանց իրական շուկայական տնտեսության անցնելու /նույնիսկ որոշ բանական ռիսկի գնով/ այդ փողը համալրելու եւ բազմապատկելու հույս չի լինի:
Կարդացեք նաև
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ