Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՆՎԱԳԱԽՄԲԻՆ

Սեպտեմբեր 02,1998 00:00
jazz

Ապրիլից՝ միայն ջազ

Նախագահական ընտրություններից հետո անմիջապես Հայաստանը հայկական ձեւով «ջազի երկիր» դարձավ։ Ռոբերտ Քոչարյանը ջազ է սիրում։ Ռոլանդ Շառոյանը՝ նույնպես, եւ հատկապես Մալխասին (Լեւոն Մալխասյան)։ Եվ այս ընթացքում էլի մի շարք պաշտոնյաներ առիթը բաց չթողեցին իրենց սերն արտահայտել ջազ երաժշտության հանդեպ։ Դրանից Մալխասը «աստղ» դարձավ, իսկ գրեթե բոլոր նորաբաց սրճարաններում սկսեցին ջազ նվագել։ «Պրիստիժի» հարց է։ Ու շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ջազ լսելու համար սկսեցին ավելի հաճախ այցելել նման սրճարաններ եւ հատուկ հայացքով ու լրջությամբ ջազը հարմարեցնել իրենց զգայարաններին։ Անգամ պետական հարցեր սկսեցին քննարկել ու լուծումներ գտնել ջազի ներքո։ Մեկ-մեկ էլ լսելու ընթացքում, ի նշան խորին կլանվածության եւ ուշադրության, ոտքերով երաժշտության ռիթմով թմբկահարել սկսեցին։ Ու կարեւոր էլ չի, եթե ռիթմը չի բռնում։

Փաստաթղթերով՝ պետական

Միայն Հայաստանում կարելի է լսել եւ տեսնել նման բան, որ ջազի հանդեպ սերն արտահայտեն միմիայն սրճարանների կատարումներով։ Ջազ սիրող այդ պաշտոնյաներից թերեւս ոչ ոք երբեւէ որեւէ խոսքում առ այսօր չի հիշել, որ, ի վերջո, ունենք Հայաստանի պետական ջազային նվագախումբ։ 1997 թ., հինգ տարվա լռությունից հետո, վերջապես մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանի նախաձեռնությամբ վերսկսեց գործել նվագախումբը։ Նվագախմբի վերաբացելու գործընթացը սկսվել է նախարարի կաբինետում տեղի ունեցած մի խոսակցությունից. «Սկիզբը շատ խոստումնալից էր։ Հարցրին՝ կարո՞ղ ես, ասացի՝ կարող եմ։ Ի՞նչ ժամկետներում՝ այս ժամկետներում։ Ասացին՝ սկզբնական գումարներ չկան ասացի՝ սկզբնական գումարներ ինձ պետք չեն»։

Նախարարի հետ նախնական պայմանավորվածության մասին, արդեն առանց նախկին ոգեւորության, հուսահատ պատմում է Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ Ապա նվագախումբը վերականգնելու հրաման եղավ. փաստաթղթային բոլոր ձեւակերպումներն արագ տեմպերով իրականացվեցին, փորձասենյակ տրվեց, եւ իբրեւ փորձատեղ ժամանակավոր տրամադրվեց Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճը։ Սկիզբը լավն էր, բայց միայն այդքանով ավարտվեց պետության հոգածությունը։ Այնուհետեւ նվագախումբը ստեղծվելուց հետո երկար ամիսներ գործում էր ներքին էնտուզիազմով, առանց նյութական շահերի։ Օր-օրի նվագախումբը ստեղծագործական ավելի բարձր արդյունքների էր հասնում՝ շնորհիվ նվագախմբի եւ մի շարք անհատ արվեստագետների։ Զուտ արտաքին տպավորությամբ պետությունը բոլոր հնարավորությունները կարծես թե ստեղծել է նվագախմբի գործունեության համար։

Սակայն այսօր, եթե չլինի «Կրիո Կրեմլյովսկայա» ընկերությունը, նվագախումբը միանշանակ, կարելի է ասել, որ վերստեղծումից մի քանի ամիս անց անպայման կլուծարվեր։ Փորձեր անցկացնելու համար նախարարության տրամադրած համերգային ծրագրի բոլոր տեսակի տեխնիկական խնդիրները լուծելու եւ սարքավորումների ձեռքբերման ու վերանորոգչական աշխատանքների համար նվագախումբը ստիպված է վճարել։ Պետական նվագախումբն անգամ գովազդային արտոնություններ չուներ։ Մինչեւ 1997 թ. դեկտեմբեր բոլոր գովազդները վճարովի էին եւ առանց արտոնությունների, հավասար ցանկացած շահութաբեր ձեռնարկության գովազդների համար կատարելիք վճարումներին։ Իսկ նվագախմբի եկամուտ ունենալու մասին մտածելն ու խոսելը, ինչ խոսք, անիմաստ է։ Այսպիսի մեծ նվագախմբին համերգից առաջ սարքավորումներ փնտրելու նպատակով դեսուդեն չընկնելու, ստեղծագործական եւ կատարողական բարձր որակ ապահովելու համար, բնականաբար, երաժշտական գործիքներ եւ որակյալ տեխնիկական սարքավորումներ են անհրաժեշտ, որի մասին պետությունն առհասարակ չէր մտածում։

Ընկերության շնորհիվ նվագախումբն այսօր ունի Հայաստանում լավագույն ձայնագրման սարքավորումները, աուդիո-վիդեո տեխնիկան (տեսախցիկներ, մոնտաժային տեխնիկա եւ այլն)։ Այսինքն՝ «Կրիո Կրեմլյովսկայան», նրա նախագահ Կարեն Թոսունյանը պետական ջազային նվագախմբի համար ստեղծել է բացարձակ ստեղծագործական պայմաններ, ինչը առաջին հերթին անհրաժեշտ է հենց արվեստագետին։ Պետության կողմից նվագախմբին մինչ օրս որեւէ աջակցություն չի եղել։ Թերեւս միայն փաստաթղթերով կարելի է տեղեկանալ, որ մեր ջազային միակ նվագախումբը պետության ենթակայության տակ է։

Ինձ տվեք, ես ձեզ տամ…

Առաջին դեպքն է, երեւի, երբ որեւէ գործարար կամ շահութաբեր ընկերություն առանց որեւէ շահի կամ մեզանում ընդունված հաշվարկների (ինչպես սովորաբար հիմա սփյուռքահայ բարերարներն են անում) մշակույթ է հովանավորում։ Սակայն պետությունն անգամ չի փորձում այնպիսի համակարգ ստեղծել, որ գործարար մարդիկ շահագրգռվեն եւ ցանկություն ունենան օգնել մշակույթին։ Վերջին ամիսներին, երբ ՀՀ նախագահը, վարչապետը եւ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը հանդիպեցին հայ մտավորականների հետ, գրականագետ եւ բանաստեղծ Հենրիկ Էդոյանն առաջարկեց քաղաքակիրթ երկրներում գործող որոշակի մեխանիզմներ կիրառել նաեւ Հայաստանում։ Այն է՝ գործարարները մշակույթին հովանավորելու դեպքում օգտվեն որոշակի հարկային արտոնություններից, որի արդյունքում մշակույթը կհովանավորվի, իսկ հովանավորների թիվը կավելանա։ Ռոբերտ Քոչարյանը այդ առաջարկի առիթով պատասխանեց՝ թող հարկերը տան ինձ, ես էլ ձեզ կտամ։

Հարցը փակվեց, եւ, բնականաբար, ընթացք չի տրվի։ Հովանավորներն էլ, հետեւաբար, կհիասթափվեն անընդհատ առանց որեւէ նյութական շահի բարեգործություն անել, այլ խոսքով ասած՝ փողերը ջուրը գցել։ Մեզ մոտ, ինչպես հայտնի է շատերին, պետբյուջեն լցվում է ոչ տրադիցիոն ճանապարհներով։ Հարկերը գանձվում են ոչ տրադիցիոն ձեւերով։ Ուրիշ երկրներում մարդ ինքն է շահագրգռված լինում հարկերը վճարել։ Այստեղ հակառակն է՝ գանձվում է։

-Նորմալ երկրներում հարկերը վճարվում են, չեն գանձվում,- ասում է Արմեն Մարտիրոսյանը։ -Լավ, եթե հիմա այդ համակարգն է գործում, ուրեմն եկեք գոնե դրան հարմարվենք, միգուցե հարյուր տարի հետո մեզ մոտ էլ կհղկվի, կհասունանա այդ համակարգը։ Բայց հիմա արվեստ չունենա՞նք։ Ոչ, եթե հարկերը գանձվում են ոչ տրադիցիոն ձեւերով, ուրեմն եկեք պոտենցիալ հովանավորողին նույնպես շահագրգռենք ոչ տրադիցիոն ձեւերով։ Հիմա ամեն ինչ է այդպես՝ հայկական ձեւով արվում։ Ինչո՞ւ արվեստում էլ այդ ձեւերը չկիրառենք, եւ եթե խելացի ձեւով արվի, մեխանիզմն այդպես էլ կաշխատի։ Չեմ ասում, թե դա արդար ճանապարհ է, բայց միակ ճանապարհն է, եւ նպատակն այդ դեպքում արդարացնում է բոլոր միջոցները։ Բարձր մակարդակի, մեծ մասշտաբի համերգի կազմակերպման ծախսերը մոտ 7-10 հազար դոլար գումար է կազմում։

«Կրիո Կրեմլյովսկայան» Հայաստանի պետական ջազային նվագախմբին արդեն 1 տարի հովանավորում է, ոգեւորվում է նվագախմբի օր-օրի բարձրացող մակարդակով, կատարված աշխատանքով, իսկ մեր մշակույթի նախարարությանը շատ հարմար է, որ ինչ-որ մեկն առանց պահանջների, առանց պետությունից գումարներ ուզողի աղաղակների իրենց փոխարեն կատարի բոլոր պարտականությունները, պատասխանատվություն ընդհանրապես չկրի։ Այսինքն՝ պարզվում է, որ գործարարը, հովանավորելով պետական նվագախմբին, ավելի շատ պետական մոտեցում եւ պետական մտածողություն ունի:

Հիշում են, երբ պետք է…

Վերջերս համառորեն խոսակցություններ են պտտվում Հայաստանում ջազ երաժշտության փառատոն անցկացնելու մասին, որը կկայանա հոկտեմբերի վերջին, եւ պետք է հրավիրվեն Հայաստանից գնացած, ինչպես նաեւ բազմաթիվ արտասահմանյան երգիչներ, ջազային խմբեր։ Ըստ հավաստի աղբյուրների, փառատոնի մասին խոսակցությունը տեղի է ունեցել «Պապլավոկի» Նուշիկյան հարկաբաժնում, որին ներկա են եղել այն ժամանակ դեռ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Մալխասյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ ուրիշներ։ Պարզվեց, որ փառատոնի կազմակերպման գործընթացը արագորեն ընթանում է, ֆինանսավորելու են կառավարությունը եւ մշակույթի նախարարությունը, իսկ առայժմ կազմակերպչական հարցերով զբաղվում է Մալխասը՝ նույն Լեւոն Մալխասյանը։

Ի դեպ, առանց Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի իմացության, նվագախումբը ընդգրկել են փառատոնի մեջ. իհարկե, երբ որ պետք է, հիշում են նվագախմբի պետական լինելու մասին։

Ջազում միայն… տղաներն են

Ընդ որում, փառատոնի կազմկոմիտեի նախագահ է նշանակվել Արմեն Դարբինյանը, իսկ կազմկոմիտեում ընդգրկվել են նաեւ (բացի Մալխասից) ԱրմենԹելի տնօրենը եւ ուրիշներ…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930