Սույն հրապարակման հիմք են հանդիսացել ՀՀ քաղաքացի Ելիզավետա Ջալալյանի եւ նրա կողմից լիազորված անձանց մեզ տրամադրված փաստաթղթերը, առանձին վկայություններ, Երեւանի թիվ 20 դպրոցի ուսուցիչների դիմումը ՀՀ վճռաբեկ դատարանին, 30 հոգու դիմում-բողոքները ՀՀ դատախազությանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանի՝ ՀՀ Գերագույն դատարանի նախագահությանն ուղարկված հսկողական կարգով բողոքը (16.08.98թ.), Ե. Ջալալյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռ. Ռշտունու հսկողական գանգատը ԳԴ 1-ին ատյանի նկատմամբ…
Այս գործը միակը չէ հանրապետությունում, դարձյալ առնչվում է կտակ-նվիրատվություն հիմնահարցին։ Մի հարց, որ սպառնում է դառնալ գերմոդայիկ դատական պրակտիկայում, սակայն, կտակի եւ նվիրատվության «ձեւակերպման» մեխանիզմները շարունակում են ենթատեքստում մնալ խիստ կասկածելի… Ամեն ինչ սկսվեց 1967թ. նոյեմբերի 4-ից, երբ Երեւանի թիվ 20 (նախկին Ձերժինսկու անվան) դպրոցի 40 տարվա մանկավարժ Ջեմմա Ջալալյանը գնեց Այգեստան 9 փողոցի 4 տունը (պայմանագրի մի օրինակը մնաց Մյասնիկյանի շրջանի պետնոտարական գրասենյակի գործում, մյուս օրինակը՝ 2-րդը, Ջ.Ջալալյանի մոտ)։ Միայնակ կնոջ համար, սակայն, տունը տուն դարձավ հատկապես 1972-ին, երբ նա որդեգրեց մեկամյա Ելիզավետային, որին նվիրվեց մինչեւ իր կյանքի վերջը…
«Ամեն տարի,- վկայում են դպրոցի ուսուցիչները,- Ջեմման նշում էր Լիզայի ծննդյան օրը, հրավիրում նրա ընկերներին, մեզ, սակայն ոչ մի անգամ այդ հանդիսություններին, ինչպես եւ Լիզայի հարսանյաց հանդեսին, ներկա չեղան ոչ Ջեմմայի եղբայրը՝ Կարապետ Ջալալյանը, ոչ նրա որդին՝ Մկրտիչը, որոնք 24 տարիների ընթացքում չբարեհաճեցին մի կծած կորեկ անգամ նվիրել Ելիզավետային, որին որպես հարազատ երբեք չեն ճանաչել, եւ նրա ճակատագիրը երբեք նրանց համար մի մրջյունի ճակատագրի արժեք անգամ չի ունեցել»։
Իսկ Ելիզավետան փայլուն ավարտեց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, որի առթիվ մայրը տանը հատուկ վերնահարկ (մանսարդա) կառուցեց, որպեսզի աղջիկն ունենա իր առանձին արվեստանոցն ու կարողանա զբաղվել սիրած աշխատանքով։ Ավարտելուց հետո Լիզան աշխատեց Հայաստանի պետպատկերասրահում եւ նույն դպրոցում, ուր աշխատել է մայրը։
Կարդացեք նաև
Փորձության սկիզբ
Սակայն 1995թ. Ջալալյանը հիվանդանում է ձախ կրծքի քաղցկեղով՝ տեղափոխվելով ուռուցքաբանության հանրապետական կենտրոն։ Հիվանդության ողջ ընթացքում տիկին Ջեմմայի խնամքն իրականացրել են Լիզան եւ իր ընկերուհիները։
Կարճ. ապաքինվելուց եւ դպրոց վերադառնալուց հետո, 1996թ. նոյեմբերին, հիվանդությունն իրեն զգացնել է տալիս. այս անգամ աջ ուսահոդի վրա ամրացնում են Հոֆմանի (5 կգ-ից ավելի քաշ ունեցող) ապարատ. «4 տեղից ծակեցին թեւը, որպեսզի ձեռքն անշարժ մնա։ Ձեռքն ամբողջությամբ սեւացել էր, երբ ցանկանում էր մի փոքր հեռացնել, ցավից ճչում էր…», ԳԴ դատական նիստի ժամանակ (նախագահող՝ Ս. Գյուրջյան) այսպես է վկայում Ջեմմայի եղբոր կինը՝ Էմման… Վերջապես, օգոստոսի 22-ին, վաղաժամկետ, ապարատը թեւին, «հարազատների խնդրանքով» տիկին Ջեմման փոխադրվում է տուն (ի դեպ, հիվանդության պատմությունը լրացվել է մինչեւ սեպտեմբերի 7-ը – Ռ.Մ.)։ Իսկ թե ինչո՞ւ էին հարազատներն այդքան անհանգստացած, ցույց տվեցին նրանց հետագա գործողությունները։
«Պայմանագիրն իր բնույթով չի եղել անհատույց գործարք»
Չունենալով համապատասխան լիազորություն եւ ունենալով, սակայն, լայն կապեր, օգոստոսի 26-ին Մկրտիչ Ջալալյանն ինվենտբյուրոյից, առանց Ջեմմայի լիազորագրի, Ջեմմայի անունից իր կողմից կատարված ստորագրությամբ ստանում է նրա բնակարանը օտարելու մասին թույլտվություն։ Ընդսմին, ճանաչված իրավաբանի որդին ինվենտբյուրոյից ստանում է տան առուծախի պայմանագրի պատճենը (1967թ.)։ (Ի դեպ, օտարելու համար այդ պայմանագրի կարիքը չկար, բայց նրա վրա կար Ջ.Ջալալյանի ստորագրությունը – Ռ.Մ.)։
Մինչ քրոջ բնակարանի բռնազավթման իրականացումը, Ջալալյաններն իրենց գործարքը հիմնավորելու էին նրանով, թե «Ջեմման պայման է դրել, որ Լիզայի համար իրենք գնեն մեկ սենյականոց եւ գույք», ինչի արդյունքում էլ տիկին Ջեմման «համաձայնվում է ստորագրել» տունը Մկրտչին «կտակելու» եւ «նվիրատվություն» անելու մասին… փաստաթղթերը (անհասկանալի է, սակայն, ինչո՞ւ ե՛ւ կտակ, ե՛ւ միաժամանակ նվիրատվություն – Ռ.Մ.)։ Սակայն նվիրատվությունը անհատույց է եւ պայմանով տրվել չէր կարող…
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հ.Խաչատրյանն էլ իր 16.08.98թ. հսկողական բողոքում ահա թե ինչու էր գրում.
1) Պայմանագիրն իր բնույթով չի եղել անհատույց գործարք։
2) Պայմանագիրը չի եղել միակողմանի գործարք, քանի որ նվիրառուն եւս ձեռք է բերել սուբյեկտիվ գույքային պարտականություններ։
3) Պայմանագիրը չի եղել ռեալ գործարք եւ նրա կնքումը կախման մեջ է դրվել նվիրառուի կողմից նվիրատվության պայմանագրի կնքման համար որպես պայման սուբյեկտիվ գույքային պարտականություններ ստանձնելու համաձայնություն տալուց եւ ստանձնած պարտականությունները (1 սենյականոց գնելու) կատարումից։
Այդ պատճառով էլ «վիճելի բնակարանի տան նվիրատվության պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջների խախտմամբ»։ Ջ. Ջալալյանը մահանում է 1996թ. հոկտեմբերին։ Հայր եւ որդի Ջալալյանները մուտք են գործում վիճելի տարածքը եւ հայտնում կրկին որբացած Լիզային, թե տունն ու գույքը կտակով եւ նվիրատվությամբ իրենց է պատկանում։ Ելիզավետան դատարանում արդեն պիտի իր զարմանքը հայտներ, ինչպես կարող էր նոտարը տուն գալ, որ ինքը չիմանար, երբ ինքը թե հիվանդանոցում, թե տանը չի բացակայել մոր մոտից…
Մանր չինովնիկները «զարգացնում են» կեղծիքը
Հոկտեմբերի 29-ին Մյասնիկյանի ժողդատարան քաղհայց է ներկայացնում Ե. Ջալալյանն ընդդեմ Մյասնիկյանի շրջանի նոտարական գրասենյակի եւ Մ.Ջալալյանի նվիրատվության պայմանագիրն ու կտակն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը փորձաքննություն է նշանակում։ Արդյունքում, ՆԳ փորձագետ Լ. Սաֆարյանը եզրակացնում է (դատաձեռագրաբանական փորձաքննության 1125 եզրակացություն). «Ջ.Ջալալյանի անունից նվիրատվության 3933 (27.08.96թ.) պայմանագրի 3 օրինակներում եւ 3932 (27.08.96թ.) կտակի 2 օրինակներում, ամուսին չունենալու մասին դիմումում եւ Մյասնիկյան շրջանի պետնոտարական գրասենյակի սեղան-մատյանի 3932, 3933 սյունյակներում Ջ.Ջալալյանի անունից ստորագրությունները կատարված են ոչ թե Ջ.Ջալալյանի, այլ՝ այլ անձի (անձանց) կողմից, նմանեցնելով Ջ.Ջալալյանի իսկական ստորագրությանը, որն առկա է 4.11.67թ. թիվ 14-046 պայմանագրում։
«Ջալալյան» տառային գրառումը վերոհիշյալ ուսումնասիրվող փաստաթղթերում կատարված է ոչ թե Ջ.Ջալալյանի, այլ՝ այլ անձանց կողմից։ Որոշել՝ կատարված են այդ ստորագրությունները եւ տառային գրառումը նույն անձի կողմից, հնարավոր չէ՝ ձեռագրային նյութի զգալի աղավաղման պատճառով»։ Ի դեպ, «ջալալյան» տառային գրառումն արված է փոքրատառով։ Դժվար թե 40 տարվա մանկավարժ աշխատած կինն իրեն այդ սխալը թույլ տար… Ջ.Ջալալյանի բուժող բժշկի վկայությունն էլ թե գումարենք. «նրա աջ թեւի վերջույթները չէին գործում, նա նույնիսկ տետր չէր կարող բռնել»…
Ժողդատարանն ի պատիվ իրեն (դատավոր՝ Է. Ավետիսյան) անվավեր է ճանաչում Ջ.Ջալալյանի անունից հաստատված կտակն ու նվիրատվության պայմանագիրը։
Սակայն հիմա էլ՝ «հավանաբարը»
Հարցին այդպես չմոտեցավ ՀՀ ԳԴ քաղգործերի դատական կոլեգիան (10.12.97թ.)։ Ըստ Ե.Ջալալյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռ.Ռշտունու (տարօրինակ իրավաբանական մենամարտ. մի կողմում Ռշտունի, մյուս կողմում՝ այս գործում շահագրգիռ անձ, եղբայր, փաստաբան Կարապետ Ջալալյան – Ռ.Մ.), տեղի է ունենում ԳԴ պրակտիկայում արտառոց դեպք, երբ գործը միանգամից փոխադրվում է ԳԴ, «1-ին ատյան», որտեղ էլ նշանակվում է կրկնակի դատաձեռագրաբանական փորձաքննություն, ինչը հանձնարարվում է այս անգամ արդարադատության նախարարության դատափորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիային։ Փորձագետներ Ս. Քոչարյանն ու Ժ.Հովսեփյանը հանգում են նրան, որ «փորձաքննություններին ներկայացված փաստաթղթերում առկա ստորագրությունները կատարված են հավանաբար իր՝ Ջեմմա Ջալալյանի կողմից»։
Եվ այդ «հավանաբարն» էլ դառնում է Լիզայի հարցը մերժելու հիմքերից մեկը (եթե հարգարժան փորձագետներն ասեին, որ «իքս-քաղաքացին հավանաբար գող է», մի կասկածեք, իքս-քաղաքացու վրա քր.հոդված կբարդվեր – Ռ.Մ.)։ Փաստաբան Ռշտունու գնահատմամբ 1967թ. պայմանագիրն օգտագործվում է «որպես նմուշ եւ ոչ թե կեղծիքը պարզելու համար նույնացման նյութ»։
Ո՞րն է արժանահավատ. երկու քարի արանքում
Փաստենք, որ մենք գործ ունենք իրարամերժ ձեռագրաբանական փորձաքննության արդյունքների հետ. մի դեպքում ՆԳ նախարարության ՓԿՎ-ն տվել է, որ փորձաքննության ներկայացված Ջ.Ջալալյանի անունից կատարված բոլոր ստորագրությունները, նրանց կողքին փոքրատառով «ջալալյան» գրառումը կատարված է այլ անձի (անձանց) կողմից, իսկ ԱՆ փորձագիտական կենտրոնն էլ ասում է իր «հավանաբարը»…
Հայցվոր կողմը, տվյալ դեպքում՝ Ելիզավետան եւ նրա շահերի ներկայացուցիչ Ռշտունին, պահանջեցին դատաօրթոպեդիական-ձեռագրաբանական կրկնակի փորձաքննություն, քանի որ ԱՆ կենտրոնի կատարած փորձաքննությունը եղել է դատաբժշկական-ձեռագրաբանական եւ նախորդն էլ հերքված չէ (միջնորդությանը միացել է նաեւ դատախազ Ս.Միքայելյանը), ինչը մերժվեց։ Ավելին, առաջին ատյանը «գտավ», որ «հայցվորների եւ վկաների մի մասի փաստարկները չեն կարող էական համարվել»…
Մինչդեռ իրական ժառանգորդի՝ Ելիզավետայի ճակատագիրը դեռ պարզ չէ, եւ բարոյական հարցադրումներից զատ կան էլի շատ հարցեր, որոնք հարկ է նոր դատաքննությամբ պարզել, ինչպես. ինվենտբյուրոն վիճելի տան առքուվաճառքի թույլտվությունն առանց Ջ.Ջալալյանի լիազորագրի ի՞նչ իրավունքով է տվել Մ.Ջալալյանին, պետնոտար Ռ.Մանուչարյանը, երբ «ձեւակերպում» էր կտակը եւ նվիրատվությունը, չգիտե՞ր, որ այն անձը, հօգուտ որի կտակ է արվում իրավունք չունի ներկա լինել կտակի կազմմանն ու ստորագրմանը, եթե կտակարարը առողջական վիճակից ելնելով ի վիճակի չի եղել գործարքը ստորագրել, ո՞վ է եղել «չշահագրգռված» անձը (գործարքի իսկությունը հաստատելը վկաների միջոցով օրենքով նախատեսված չէ – Ռ.Մ.), փորձագետների եզրակացություններից վերջապես ո՞րն է արժանահավատ։
Իսկ ընդհանրապես, մենք չխոսեցինք նաեւ տունն ամեն գնով իրենցով անելու համար Ելիզավետային ծեծի ենթարկելու (11.09.97), այդ առթիվ հարուցված քր.գործն առ այսօր դատարանում «քնեցնելու» եւ, վերջապես, որդեգրման գաղտնիքն հայտնելու միջոցով բարոյահոգեբանական ճնշում գործադրելու… մասին։ Մենք գործ ունենք ոչ միայն բնակարանային վեճի հետ։ Մենք գործ ունենք 27-ամյա կնոջ հետ, որը ոչ ոք եւ ոչինչ չունի եւ կարող է ընդմիշտ որբանալ։ Մենք գործ ունենք իրենց հարազատ անվանող այրերի հետ, որոնք հանուն կայքի եւ տան պատրաստ են մոռացության տալ իրենց հարազատ քրոջ հիշատակը։
Իսկ դրա համար կա նպաստավոր հող. միջին պաշտոնյաներն ու մանր չինովնիկները, որոնք ներընտանեկան վեճերում հաշտության եզրեր առաջարկելու փոխարեն լծվել են նրանց ձեռքերով կրակից շագանակներ հանելու գործին։ Ինչո՞ւ չենք ուզում խոստովանել, որ այսպես քանդվում են ընտանիքներ, որ նպաստելով ընտանիքների քայքայմանը, վաղը նպաստելու ենք այս պետության քայքայմանը։ Ինչո՞ւ ենք ուզում արդեն հանգուցյալից խլել նրա մայրական ամենաթանկ իրավունքը… Ո՞ր իրավունքով։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ