Կամ անտարբերություն կառավարական մակարդակով
Բնակարան ստանալը բաղձալի հաճույք է. 1960 թ. սեպտեմբերի 2-ը Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բնակիչների համար ուրախության օր էր։ Շահագործման հանձնվեց նրանց հինգհարկանի բնակելի շենքը, յուրաքանչյուրն ստացավ վաղօրոք իրեն հատկացված բնակարանը, որտեղ մինչեւ վերջին տարիները ապրում էին հանգիստ ու խաղաղ։ Ոչ ոք չէր ենթադրում, որ քարաշեն այդ ամուր շենքը կարող է այդքան շուտ դառնալ վթարային, վտանգ ներկայացնել բնակիչների կյանքի համար։
– Եթե մարզահամերգային համալիրի շինարարության ժամանակ կատարված պայթեցումները չլինեին,- ասում է շենքի լիազոր Միշա Սարգսյանը,- մեր շենքը քանդման վտանգի առաջ չէր կանգնի, պայթեցումների պատճառով առաջացած ցնցումները թուլացրին շենքի հիմքերն ու պատերը։ – Իսկ, իմ կարծիքով, շենքը սկսեց թուլանալ, երբ մեկը մյուսի հետեւից երկրաշարժեր տեղի ունեցան,- ասում է բնակիչներից մեկ ուրիշը։
Ինչեւէ, Հալաբյան թիվ 3 շենքը դարձել է խիստ վթարային եւ ապրելու համար վտանգավոր։ Մի բնակարանի հատակը նստել է, հիմնական պատերը եւ միջնապատերը ճաքճքել են, իրարից հեռացել մի քանի սանտիմետր։
Կարդացեք նաև
– Օր-օրի այդ բացվածքները մեծանում են,- ասում է բնակարանի տերը՝ Գեւորգ Մելքոնյանը,- նույնիսկ երբեմն ձայներ են լսվում։ – Իսկ դուք այդ հարցով որեւէ մեկին դիմե՞լ եք,- հարցնում եմ նրան։ – Է՜, էնքան ենք դիմել, բողոքել, բայց ո՞վ է բանի տեղ դնում, ո՞վ է հաշվի առնում, ասողին լսող է պետք։ Գիշերն էլ հանգիստ չենք կարողանում քնել, միշտ ահը սրտներումս է։ Երբ նայում ես բակի կողմից, պարզ երեւում է, որ շենքը ուղիղ մեջտեղից բաժանվում է երկու մասի, իրարից հեռանում են պատերը, առաջին եւ երկրորդ մուտքերը ձախ են թեքված, երրորդ եւ չորրորդ մուտքերը՝ աջ։ – Շենքը վթարային դարձավ այն պատճառով, որ տակից անընդհատ ստորգետնյա ջրեր հոսեցին, աստիճանաբար թուլացան, խարխլվեցին հիմքերը,- ասում է 48 բնակարանի բնակիչ Մարկոս Մելքոնյանը։
Այլ ելք չէր մնում բնակիչներին։ Նրանք շարունակեցին բողոքել վերադաս ատյաններին, ներկայացնել շենքի վիճակը, օգնություն խնդրել՝ այն ամրացնելու, սպառնացող վտանգը կանխելու համար, քանզի բավական է մի փոքր ստորգետնյա ցնցում, եւ շենքը կվերածվի ավերակների, պատճառ դառնալով բազմաթիվ մարդկային զոհերի։ Ի դեպ, այդ շենքը պատկանել է գիտությունների ազգային ակադեմիային։ Այդ շենքում են բնակվում դոկտոր-պրոֆեսորներ Ազատ Համբարյանը, Իոսիֆ Արաբյանը, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, բազմաթիվ ուրիշ մտավորականներ՝ արվեստագետներ, ինժեներներ, մանկավարժներ։
– Այս ծանր վիճակի հետ կապված դիմե՞լ եք որեւէ մեկին,- հարցնում եմ շենքի լիազոր-ներկայացուցչին։ – Բնակիչների անունից դիմումներ ենք ուղարկել տարբեր ատյաններ, նախկին վարչապետին, քաղաքապետին, թաղապետին,- ասում է պարոն Սարգսյանը,- բայց ինչ օգուտ, միայն գալիս են, նայում, թողնում-հեռանում։
1997 թ. սկզբներին բնակիչները կրկին դիմեցին նախկին վարչապետ պարոն Ռ. Քոչարյանին։ Վերջինիս կարգադրությամբ Աջափնյակ համայնքի նախկին թաղապետ պարոն Թ. Մադոյանը գործին «ընթացք» է տվել։ Նա հանձնարարել է Մաշտոցի թաղապետարանի շենքերի շահագործման գրասենյակի նախկին տնօրեն Ա. Ավետիսյանին՝ ստուգել եւ պատասխանել իրեն։ Վերջինս համապատասխան մասնագետներով ստուգել է վիճակը եւ նախկին թաղապետ պարոն Թ. Մադոյանին ներկայացրած գրավոր պատասխանի մեջ նշել. «Բնակիչների դիմումում եղած փաստերը համապատասխանում են իրականությանը։ Կազմվել է ակտ-նախահաշիվ՝ աշխատանքները շտապ սկսելու համար, որպեսզի օր առաջ կանխվի ջրի հոսքը շենքի հիմնատակ։ Նախահաշվարկային գումարը կազմում է մոտ 12 միլիոն դրամ»։
Մեկ տարի անց, 1998 թ. մարտի 31-ին Աջափնյակի նախկին թաղապետ Թ. Մադոյանը Մ. Սարգսյանին հայտնել է, որ նման շենքերի հարցը բարձրացվել է համապատասխան մարմիններում։ Ընթացքի մասին լրացուցիչ կհայտնվի։ (Իմիջիայլոց Աջափնյակում այդպիսի շենքեր շատ կան։ Լենինգրադյան թիվ 2 շենքի առաջին մուտքի թիվ 13 բնակարանի բնակիչ Գեւորգ Վարդանյանը վկայում է, որ իրենց շենքը նույնպես, բոլոր չորս մուտքերով հատկապես բակի կողմից, քանդվելու վտանգի տակ է, ճաքճքել են պատերը, աստիճանավանդակների հարթակները եւ այլն)։ Շուտով Թ. Մադոյանին փոխարինել է Պ. Կարապետյանը։ Վերջերս շենքի բնակիչները նորից դիմել են նորընտիր թաղապետին։
Մասնագետներ են եկել թաղապետարանից, ֆինանսների նախարարությունից, նորից համոզվել, որ անհապաղ պետք է լուծել շենքի ամրացման հարցը։ Այդպես շարունակ գալիս են, ստուգում, գնում, սակայն գործը տեղից չի շարժվում, շենքի վիճակը գնալով դառնում է ավելի ու ավելի վտանգավոր։ Այժմ էլ բնակիչները ակնկալում են նոր վարչապետի օգնությունը։ Կառավարությունը վերսկսել է անավարտ շինարարությունների աշխատանքը։ Կարծում ենք, որ կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ տրամադրի նաեւ խիստ վթարային շենքերն ամրացնելու, դրանց կյանքը հնարավորին չափ երկարացնելու եւ բնակիչների կյանքը անվտանգ դարձնելու համար։ Հակառակ դեպքում նա ստիպված կլինի ամրացման փոխարեն կառուցել նոր շենքեր, ինչը կպահանջի մի քանի անգամ ավելի շատ միջոցներ։
ԿԱՌԼԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ