Լրահոս
Օրվա լրահոսը

Ա՛ՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սեպտեմբեր 02,1998 00:00
expo

Ամերիկյան TNT Productions ֆիրմայի եւ հայկական ArmExpo կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում երեկ բացվեց Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես (BDHX)՝ 4 օր տեւողությամբ։ Սա Հայաստանում կազմակերպված առաջին նման ցուցահանդեսն է, որին մասնակցում են արտասահմանյան 24 երկրների ֆիրմաներ։ Հայկական մասնակից-ֆիրմաների թիվը 26-ն է։

ԺՏՆՑ-ն թանգարան էր փակ երկնքի տակ

Ցուցահանդեսը, քանի որ վաճառք չէր ենթադրում, հաճախորդներ շատ չուներ. կոնկուրենտ ֆիրմաների ներկայացուցիչներն էին ուսումնասիրում եղած-չեղածը։ «Գրանդ տոբակո» ընկերության թուխ տնօրենը ուսումնասիրում էր անցնող-դարձող աղջիկներին, իսկ արտադրանքը (ծխախոտը) հսկող երիտասարդները սաստում էին պատանիներին, որոնք դեմ չէին մեկ-երկու գլանակ թռցնել։ Ի դեպ, հրավիրատոմսերի անկյունում նշված էր, որ մինչեւ 16 տարեկանները մուտք չունեն ցուցահանդես։ Սակայն անվճար գարեջրից եւ սիգարետից հիմնականում այդ տարիքի տղաներն էին օգտվում։ Ցուցադրվում էր հայկական բրենդիի ողջ տեսականին։ Հայկական հրուշակեղենը, որի համար առանձին տաղավար էր հատկացված, թե՛ համի, թե՛ փաթեթավորման անճաշակության ու հնության առումով անփոփոխ էր եւ հիշեցնում էր 70-ականները։ Այնքան անփոփոխ էր, որ հաճախորդներից մեկը թխվածքաբլիթը մինչեւ վերջ ուտելու համար օգտվեց հարեւան տաղավարի մուրաբաներից։

Ցուցադրվում էին հայկական գորգեր, «Անուշ» կարի միավորման հագուստներ. գոնե ցուցադրվող հագուստի նմուշները հաստատ մրցունակ չէին եւ աչքի չէին ընկնում ճաշակով։ Եկան, «ջիջիլ» գցեցին, կգնան… Մարդկանց հիմնական կուտակումները (մուտքի մոտ անվճար մինչեւ պայթելը գարեջուր խմելուց հետո) նկատվում էին արտասահմանյան երշիկեղենի ու ապխտած մսերի տեսականու մոտ։ Տաղավարի հետեւում կանգնած գերմանացին անտարբեր դիտում էր ոտքները կախ գցողներին, ու «նոլ վնիմանյե»։ Դարձյալ արտասահմանյան կոնֆետեղենի բաժնում վխտում էին մանուկները, բայց նրանց ոչ ոք նպատակ չուներ հյուրասիրելու կոնֆետով կամ մաստակով։ Արտասահմանյան այլ ֆիրմաներ ցուցադրում էին Երեւանի ցանկացած սուպեր մարկետում վաճառվող ուտեստներ, խմիչքներ։

Մերը ոչ միայն ուրիշ էր, այլեւ անկապ

Հայկական տաղավարները մի տեսակ անխնամ ու աղքատիկ էին։ Ցուցադրվող գինիներն ու բրենդին, մուրաբաներն ու հանքային ջրերը ավելի վանում էին, քան հրապուրում։ Տաղավարների հետեւում կանգնած աղջիկները մի տեսակ կարծես պաշտպանում էին իրենց «ապրանքը» օտարի ձեռքերից։ Մուրաբաները համտեսելու նպատակով 3-4 գդալ էր նախատեսված (ճիշտ հայտնի անեկդոտի նման՝ բոլորն էլ մաքուր էին. էնքան մարդ է դրանցով համտես անում, բա կեղտոտ կմնա՞ն)։ Զզվողները անտարբեր էին։ «Պեչենի» տեսակի թխվածքները պահպանել էին 70-ականների տեսքն ու փաթեթավորումը։ Շենքի ներսի անտանելի հեղձուկը դարձյալ ու դարձյալ դեպի գարեջուրն էր մղում… Մի քիչ աշխուժություն առաջացրեց Հայաստանի այս տարվա գեղեցկուհին՝ իր երկու կոլեգաների հետ։ Ճեմում էին սրահով՝ ներկաների քննախույզ հայացքների ներքո, ոչ մեկին չնկատելով, ու ժպտում։

… Կարող ա մեզ հետեւում են…

Սրահում շրջում էին նաեւ օտարազգի տղամարդիկ, որոնք, ինչպես հետո պարզվեց, պոտենցիալ պայմանագիր կնքողներ են։ Պարզվեց, որ մեր մուրաբաները, գինիները, բրենդին, օղին, գորգերը հետաքրքրել են նրանց, եւ չի բացառվում, որ կնքվեն փոխշահավետ պայմանագրեր։ Այս ցուցահանդեսը ունենալու է տարին մեկ պարբերականություն, այնպես որ մեր արտադրողների համար կբացվեն նոր հեռանկարներ։ Պայմանագրերի կնքման մեխանիզմը դեռ կազմակերպիչները չեն մշակել։

Թերեւս հետաքրքիր մանրամասն

Տաղավարների տերերից փորձեցի ճշտել, թե որքան գումար են վճարում մեկ քմ-ի համար, ասացին, որ արտասահմանյան ֆիրմաները վճարում են 300 դոլար, հայկական ֆիրմաները՝ 50 տոկոս զեղչով՝ այսինքն՝ 150 դոլար։ Իսկ ցուցահանդեսի կազմակերպիչներն ասացին, որ դա այդպես չէ. արտասահմանցիները 1 քմ համար վճարում են 195 դոլար, մերոնք՝ 60 տոկոս զեղչով։ Իսկ եկամուտները բաշխվում են հետեւյալ կերպ՝ TNT Productions-ը վերցնում է 195 դոլարը, իսկ 28 դոլարը մեծահոգաբար տալիս է ARMEXPO-ին։ Ցուցահանդեսը տեղակայված է 400-ից 450 քմ տարածքի վրա, եւ պարզապես ծուլությունից չեմ ուզում հաշվել կազմակերպիչների եկամուտները։

Մերոնք հուսահատված չեն

Իրենց արտադրանքը ներկայացնող ֆիրմաների ներկայացուցիչները համոզված են, որ իրենց հետ անպայման պայմանագրեր են կնքվելու։ Եթե ոչ այսօր, ապա վաղը։ Եթե ոչ վաղը, գոնե մինչեւ ամսի 4-ը մի բան կլինի։ Պայմանագիր ասելով նրանք ոչ միայն արտասահմանյան կազմակերպություններին նկատի ունեն, այլեւ ներսի, քանի որ համոզված են՝ Հայաստանի ներքին շուկայում էլ իրենք կարող են իրացնել իրենց արտադրանքը։ Սույն ցուցահանդեսը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 4-ը։ Ի դեպ ԺՏՆՑ-ին ոչ մի պաշտոնյա ներկա չէր, եթե չհաշվենք ՀՀ Առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջիկության փոխնախարարին։ Բայց կարեւորը՝ կտրվեց կարմիր ժապավենը։ Դժվար է ասել, որքանով այդ ցուցահանդեսից կշահի հայ արտադրողը, բայց հարակից տարածքի բնակիչները հույս ունեն այս 4 օրերի ընթացքում հագեցնել իրենց ծարավը սառը գարեջրով։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930