Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

Սեպտեմբեր 02,1998 00:00
hrant bagratyan

Երեւանի Կոնյակի գործարանի վաճառքին հայկական պետականությունը պատրաստվում էր շատ վաղուց։ Հայաստանում, բացի այս գործարանից, գործում էին Արմավիրի, Արտաշատի եւ Արարատի կոնյակի գործարանները, որոնք մինչեւ 1993 թվականը ինքնուրույն միավորներ էին, այսինքն՝ որեւէ կախվածություն չունեին Երեւանի կոնյակի գործարանից։

Սակայն վարչապետ Հրանտ Բագրատյանի թեթեւ ձեռքով դրանք իրենց պատկանող խաղողի ընդունման կետերով դարձան Երեւանի կոնյակի գործարանի դուստր ձեռնարկություններ, իսկ սեփականաշնորհումից մի քանի ամիս առաջ նրանց կարգավիճակը փոխվեց իբրեւ մասնաճյուղեր, եւ տնօրենների փոխարեն նշանակվեցին կառավարիչներ։ Այս գործարաններն իրենց խաղողի ընդունման կետերով հայտնվեցին ֆրանսիական ղեկավարության տնօրինման տակ։ Սակայն որեւէ ֆրանսիացու նրանք այդպես էլ չտեսան։ Ընդամենը մեկ անգամ այդ գործարաններ եւ խաղողի մշակությամբ զբաղվող գյուղեր է այցելել Հրանտ Բագրատյանը։

-Նա եկել էր գյուղեր՝ գյուղացիների հետ զրուցելու, նրանց հետ խաղողի մթերման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։ Սակայն գյուղացիները նրան ամենուրեք ընդունում էին թշնամանքով։ Միայն մեր միջամտության շնորհիվ է, որ հնարավոր էր լինում խուսափել ընդհարումից,- պատմում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի խաղողի մթերման կետի տնօրեն Հովհաննես Մելիքյանը։

Պարոն Մելիքյանը պատմեց, որ իրենք հայտնվել էին անորոշ վիճակում։ Աշխատել ֆրանսիացիների հետ, թե՝ ոչ, կամ ինչ կարգավիճակում։ Այդ հարցին Հրանտ Բագրատյանը միանշանակ պատասխանել է, որ այո, քանի որ իրենք չեն պատրաստվում մասնագետներ հրավիրել Ֆրանսիայից։ Սակայն ընդամենը մեկ շաբաթ առաջ Արմավիր քաղաքի կոնյակի գործարանի կառավարիչն Արմավիր, Լուկաշին, Նալբանդյան եւ Արաքս գյուղերի խաղողի մթերման կետերի վարիչներին հրավիրել էր աշխատասենյակ եւ տեղեկացրել, որ իրենք ստանում են պաշտոնի բարձրացում եւ նշանակվում կառավարչի տեղակալներ տարբեր հարցերով՝ տնտեսական, անվտանգության…

Նման պաշտոնի բարձրացումը, բնականաբար, կատարվել էր առանց վարիչների համաձայնության եւ նախօրոք այդ մասին նրանց տեղյակ պահելու։ Չնայած «Ազատություն» կուսակցության լրատվության պատասխանատու պարոն Նազարյանի հերքումներին, մեզ հաստատապես հայտնի դարձավ, որ պաշտոնի բարձրացում ստացած, իսկ իրականում աշխատանքից ազատված այս չորս վարիչների փոխարեն Հրանտ Բագրատյանը աշխատանքի է ընդունել «Ազատության» կուսակցությանը հավատարմության երդում տված չորս անձանց։

Ըստ մեկ այլ աղբյուրի, բացի երդումից, այս մարդիկ Հրանտ Բագրատյանին են փոխանցել 35 հազար դոլար (երեքը՝ 10 հազարական, չորրորդը՝ 5 հազար)։ Առանց իրենց համաձայնության՝ այլ պաշտոնի նշանակված չորս վարիչներ որոշում են դիմել Երեւանի Սպանդարյանի շրջանի ժողդատարան (գործարանը գրանցված է Սպանդարյանի շրջանում), սակայն անհրաժեշտ փաստաթղթերի (բնութագիր, քաղվածք, հրամանի) համար դիմած մարդկանց կոնյակի գործարանում ընդհանրապես հրաժարվել են ընդունել։

-Հրանտ Բագրատյանի նպատակն է մինչեւ սեպտեմբերի 17-ը ձգձգել, որպեսզի լրանա դատարան դիմելու մեկամսյա ժամկետը եւ խուսափի դատական պատասխանատվությունից,- մեր զրույցի վերջում ասաց Հովհաննես Մելիքյանը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930