Օգոստոսի 7-8 ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում Բաքվում կայանալիք միջազգային համաժողովը ամենախոշոր ռեգիոնալ միջոցառումն է, որին, ի թիվս 35 մասնակից պետությունների, մասնակցում է նաեւ Հայաստանը: Հիշեցնենք, որ ՏՐԱՍԵԿԱ-ի անդամ երկրներն են Կովկասի 3 /Հայաստան, Ադրբեջան, Վրաստան/, Կենտրոնական /Միջին/ Ասիայի 5, ինչպես նաեւ՝ Ուկրաինան, Մոլդովան, Մոնղոլիան: Բնական է, որ այս ծրագրի եւ նրա շրջանակներում Բաքվում կայանալիք կոնֆերանսի հանդեպ մեծ է հետաքրքրությունը:
Միջանցքը՝ որպես բնակավայր
1997թ. հունիսին Երեւանում կայացած «Անդրկովկասն այսօր. Տարածաշրջանային ինտեգրացիայի հեռանկարները» միջազգային գիտաժողովի ընթացքում քաղաքական կայուն տերմինների շարքում հնչեց նաեւ «Տրանսպորտային միջանցք» /Transport Corridor/ բանաձեւը: Տարածաշրջանային համագործակցություն, ինտեգրացիա, տարածաշրջանային անվտանգություն, խաղաղ, բարգավաճ Կովկաս եւ այլ հասկացությունները սերտ առնչություն ունեին նավթամուղի, Կասպից ծովի, նրա հարստությունների, ուստի՝ գլոբալ քաղաքականության հետ:
Գիտաժողովի մասնակիցների հիմնական մտահոգությունը տարածաշրջանի տնտեսական զարգացման միակ խոչընդոտ՝ ռեգիոնալ հակամարտություններն էին, որոնց լուծման ուղիների շուրջ էր նաեւ հիմնական բանավեճը: Հարավային Կովկասի պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, դիտվում էին /եւ այսօր էլ դիտվում են/ իբրեւ մի ամբողջականություն, «նավթամուղի շրջակա միջավայր», ինտեգրմանը ենթակա միասնական համակարգ, կամ ավելի կարճ՝ Միջանցք:
Կարդացեք նաև
ՏՐԱՍԵԿԱ-ի համառոտ պատմությունից
93-ի մայիսին Բրյուսելում կայացած կոնֆերանսի ժամանակ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տրանսպորտի եւ առեւտրի 8 նախարարներ, քննարկելով այս ոլորտների բազմաբնույթ հարցեր եւ ակնկալելով Եվրամիության ֆինանսական աջակցությունը, ձեռնամուխ եղան ՏՐԱՍԵԿԱ ծրագրի ստեղծմանը: Հետագա տարիների ընթացքում ՏՐԱՍԵԿԱ-ի աշխատանքային խումբը 4 անգամ հանդիպումներ է ունեցել՝ Ալմաթիում, Վիեննայում, Վենետիկում, Աթենքում:
1997թ. Թբիլիսիում Համաեվրոպական ցանցի ծրագրի շրջանակներում կայացավ տրանսպորտի նախարարների մակարդակով եւս մի հանդիպում, ուր քննարկվեցին այս երկու ծրագրերի եւ Սեւծովյան տարածաշրջանի ճանապարհները իրար հետ կապելու հնարավորությունները: 1997-ի սեպտեմբերին նախագահներ Ալիեւն ու Շեւարդնաձեն ձեռք բերեցին 1998թ. Կովկասում հանդիպելու համաձայնությունը. ավելի ճիշտ՝ Բաքուն, որպես հավաքատեղի առաջարկեց Ադրբեջանի նախագահը: Այստեղ սեպտեմբերի 8-ին պիտի ստորագրվի Բազմակողմանի տրանսպորտային համաձայնագիր, որը, ներառելով ցամաքային, երկաթգծի եւ ծովային ճանապարհները, Եվրամիության տրանսպորտային գլոբալ քաղաքականության մաս է դառնալու: Համաձայնագրի հիմքում ընկած է 1997 թ. Սարաքսի /Իրան/ փորձնական համաձայնագիրը, որը ստորագրել էին Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի ու Թուրքմենստանի նախագահները:
Ֆինանսներ եւ բանկեր
ՏՐԱՍԵԿԱ ծրագրի նպատակները բազմաբնույթ են՝ օգնել նորանկախ պետությունների ճանապարհային ցանցի կառուցմանը, դրանով իսկ բացել մուտքը դեպի համաշխարհային շուկա, համապատասխանեցնել մասնակից երկրների տրանսպորտի ոլորտի օրենսդրական եւ նորմատիվ փաստաթղթերը եվրոպական կառույցներին, կազմակերպել թրեյնինգի զանազան ծրագրեր եւ այլն: Ունենալով առեւտրի բազմազան ուղիներ, ծրագրի իրականացման դեպքում կթուլանա այս երկրների կախվածությունը Ռուսաստանից, իսկ դա դարձյալ կնպաստի այս ճանապարհի վրա գտնվող երկրների քաղաքական անկախությանը: Մյուս նպատակը՝ տարածաշրջանային համագործակցությանը զարկ տալն է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Քորբոյը նշեց, որ հիմնական համաձայնագիրը կնքելուց հետո գլխավորը կդառնա ներդրումների հարցը: Արդեն բազմիցս նշվել է, որ Եվրամիությունը ինքը չի ֆինանսավորում ՏՐԱՍԵԿԱ ծրագիրը, այլ օժանդակում է դրան Եվրաբանկի, Համաշխարհային բանկի, TACIS ծրագրի եւ այլ միջոցներով: Այս պահին ՏՐԱՍԵԿԱ-ի 28 ծրագրեր կան, որոնց մեջ Եվրամիությունը 38 մլն. էքյու է ներդրել, Վերականգնման եւ Զարգացման Եվրոպական բանկը արդեն 350 մլն դոլար է տրամադրել, իսկ ՀԲ-ը 80 մլն դոլար է տրամադրել Վրաստանի եւ Հայաստանի մայրուղիների վերականգնման համար:
«Եթե նայեք այս թվերին, կտեսնեք, որ խոշոր ֆինանսական կազմակերպությունները զգալի ներդրումներ արդեն կատարել են այս ծրագրի մեջ»,- նկատեց պարոն Քորբոյը, հիշեցնելով նաեւ, որ Հայաստանը Եվրամիությանը 51 մլն. դոլարի պարտք ունի, բայց ամեն բան արվում է այդ պարտքը թեթեւացնելու եւ Եվրամիությունից Հայաստանին նոր վարկեր տրամադրելու համար:
Ի՞նչ է երջանկությունը
«Ես հասկացա, որ մեծ հետաքրքրություն կա ՏՐԱՍԵԿԱ-ի հանդեպ, կապված սեպտեմբերի 7-ին Բաքվում կայանալիք հանդիպման հետ: Հայաստանը եղել է այս ծրագրի ակունքում եւ մնում է նրա իրականացման ակտիվ մասնակիցներից մեկը»,- նշել էր Եվրամիության դեսպանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Երբ հետաքրքրվեցինք, թե առարկայորեն ինչ կտա մեզ համակովկասյան բարգավաճման տանող այն նոր ծրագիրը, նա հիշեց «Economist» ամսագրի մի լուսանկար, ուր ավտոմեքենայի ապակուն փակցված գրությունը ազդարարում էր՝ երջանկությունը նավթամուղերի բազմազանության մեջ է: Ժպտացինք՝ նավթամուղերի անցկացման, նրանց ուղիների, Կովկասին ընդհանրապես, Հայաստանին ու Ղարաբաղին, մասնավորապես, սպասվող օգուտների, Ռուսաստան-Արեւմուտք հնարավոր զարգացումների եւ այլնի մասին ամեն մեկս մեր /իբրեւ թե լուրջ ու ծանրակշիռ/ հրապարակումները հասցրել ենք անել: Հիմա ահա այս նորի հերթն է:
Չլինի թե ՏՐԱՍԵԿԱ-ին մեր հայերիս մասնակցությունը վնասի մեր ամենամեծ բարեկամ Ռուսաստանի շահերին, չէ՞ որ փաստորեն այս նոր ճանապարհը շրջանցելու է նրա տարածքը: Դենիս Քորբոյը զրույցի ընթացքում ստիպված էր մի քանի անգամ նշել երկու հանգամանք՝ նախ, որ սա լրացուցիչ, բոլոր անդամ-պետությունների համար շահավետ, Եվրոպան Ասիային կապող ճանապարհ է լինելու, որ այն չի կարելի դիտել որպես Ռուսաստանի շահերին հակասող մի կառույց, այլ հակառակը՝ նրան օգտակար եւ շահավետ:
«Այն, որ այս ճանապարհը չի անցնում Ռուսաստանի տարածքով, ամենեւին չի նշանակում, որ սա հակառուսական ծրագիր է: Ռուսաստանը ՏՐԱՍԵԿԱ-ին առնչություն ունեցող բոլոր երկրների պես պետք է իր շահույթն ունենա այս ճանապարհից»,- նշել էր պարոն Քորբոյը: Ինչ վերաբերում է Հայաստանում վերջերս քննարկվող եւս մի ազգային /տրանսպորտային/ «Խաչմերուկ» ծրագրին, ապա պարոն դեսպանը իրավամբ նշեց, որ խաչմերուկ ունենալու համար նախ ճանապարհներ է պետք ունենալ:
«ՏՐԱՍԵԿԱ-ի Կովկասով անցնելու միակ խանգարող հանգամանքը Կովկասում գոյություն ունեցող հակամարտություններն են՝ Աբխազիայի եւ Վրաստանի պրոբլեմները, Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը: Մենք պիտի բաց եւ ավելի անկեղծ լինենք, սակայն ՏՐԱՍԵԿԱ-ի ամբողջական ներուժը Հայաստանի համար չի կարող ամբողջությամբ իրագործվել, քանի դեռ հակամարտությունը լուծված չէ»:
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ