Մեր ընթերցողներին հայտնել էինք, որ առողջապահության նախարարությունը գումարներ ունի տալու «Հայդեղագործություն» ՓԲԸ-ին, եւ որ դրանց ուշացման պատճառով հիվանդանոցներին եւ դեղատներին թմրադեղերի մատակարարման ընդհատումներ կարող են լինել։ «Հայդեղագործության» ֆինանսական գծով փոխտնօրեն Յուրա Ստեփանյանը տեղեկացրեց, որ առողջապահության նախարարությունը 50 մլն դրամ պարտքը ՓԲԸ-ի հաշվին մուծել էր դեռեւս օգոստոսի 19-ին։ Սակայն ֆինանսների նախարարությունն է ուշացրել փոխանցումը։ Այսօր գումարն ամբողջությամբ հասել է հասցեատիրոջը։
Փոխտնօրենը հայտնեց, որ թմրադեղերի մատակարարման մեջ ճեղքվածք չի լինի։ Ճիշտ է, դեռեւս չեն ստացել, բայց որոշակի գումարի փոխանցում էլ է կատարել առողջապահության նախարարությունը՝ որպես հետագա մատակարարման կանխավճար եւ նոր գոյացած պարտքի մի մաս (Յուրա Ստեփանյանը առանց սպասելու մեր հարցին, հրաժարվեց հրապարակել այդ թվերը)։ Այս մի հարցը «հորով-մորով» արինք եւ փորձեցինք պարզաբանել մի ուրիշ, ոչ պակաս կարեւորը։ Լուրեր էին պտտվում, թե արդեն մի քանի ամիս է, ինչ թմրադեղերի դուրսգրման բլանկի ձեւը փոխվել է, սակայն նորերը չլինելու պատճառով բժիշկները շարունակել են լրացնել հին ձեւերի վրա, հիվանդներն էլ վերջիններս ներկայացրել դեղատներ։
«Հայդեղագործություն» ՓԲԸ-ի ընդհանուր կազմակերպչական հարցերով փոխտնօրեն Ալբերտ Սահակյանից իմացանք, որ, իսկապես, նման բան է տեղի ունեցել. առողջապահության նախարարի մարտի 3-ի հրամանով թմրադեղերի դուրսգրման նախկինում հաստատված բլանկի ձեւը չեղյալ է հայտարարվել եւ փոխարինվել նոր երկու ձեւով՝ մեկը թմրադեղերի, մյուսը՝ հոգեմետ դեղերի համար։ Իսկ այս մասին դեղորայք մատակարարող ամենախոշոր կազմակերպությունը՝ «Հայդեղագործությունը», իմացել է միայն այն ժամանակ, երբ մի դեղատնից իրենց տեղյակ են պահել նոր ձեւի բլանկներ ստանալու մասին։ Ընկերությունը հարցը քննարկում է եւ նախարարությունից գրավոր պարզաբանում պահանջում։
Օգոստոսի 28-ին (որտե՞ղ ես, մարտի 3 – Ա.Գ.) նախարարությունում քննարկվում է այս հարցը եւ մի նոր հրաման տրվում՝ ի լրումն նախորդի։ Այս նոր հրամանը նոր բլանկներով դեղերի դուրսգրման ժամկետ է սահմանում հոկտեմբերի 1-ը։ Չէ՛, չկարծեք, թե այս վեց ամիսը տրվել է հին բլանկների վերջնական սպառման ու մնացածների ոչնչացման համար։ Դրա համար նախատեսված է միայն այս մեկ ամիսը։ Պարզապես մարտի 3-ի հրամանում… բացակայում է հրամանի կիրարկման ժամանակը։ (Ջա՜ն, այդ վեց ամսում ինչեր կարելի էր անել)։ «Հայդեղագործությունը» այս մասին իմացել է այսքան ուշացումով եւ ոչ առողջապահության նախարարությունից, որովհետեւ, ինչպես ասել են նախարարությունում, դա իրենց չէր վերաբերում։ (Տեսնես ուրիշ ո՞ւմ կարող էր վերաբերվել այս ամենը)։
Կարդացեք նաև
Քանի որ դեղորայք մատակարարող կազմակերպությունն այս կարծիքին չի եղել, այդ պատճառով էլ առողջապահության նախարարությանն առաջարկել է այսուհետեւ նորմատիվային ակտերը համաձայնեցնել իր հետ։ Բայց թե քանի գրոշի արժեք ունի այս հրամանը, սրա նախորդը եւ ընդհանրապես այս կարգի ցանկացած նորմատիվային ակտ՝ պատասխանը տվել է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Վերջինս չի հաստատել վերոհիշյալ հրամաններից ոչ մեկը՝ պատճառաբանելով, թե «Դեղի մասին» օրենքի բացակայության պայմաններում իրենք չեն կարող նման ոչ մի հրաման հաստատել։ Հրամանը տրվել է, չի հաստատվել, առողջապահության նախարարության թերթում հրապարակվել է։ Ուրեմն արդեն ենթակա՞ է գործադրման։ Հըբը էն վեց ամի՞սը։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ