Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԼՔ՝ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԽԱԲԿԱՆՔԻՑ

Սեպտեմբեր 01,1998 00:00
bajnetoms

Հեռուստադիտողներիս համար սովորական է դարձել «Բիզնես TV» ծրագրի Երեւանի ֆոնդային բորսայի գործունեությունը մեկնաբանող հաղորդաշարը։ Արեւմտյան երկրներից մեկի բորսայի խորհրդավոր եռուզեռի պատկերաշարի վրա սահում են Երեւանի ֆոնդային բորսային գործունեությունը հրապարակող թվեր ու բաժնետիրական ընկերությունների անվանումներ։ Հաղորդավարի վստահ եւ տրամադրող ձայնը ամբողջացնում է արժեթղթերի՝ ծավալված շուկայի տպավորությունը։ Իրականում այդպես չէ եւ հեռուստահնարքը ստեղծում է սոսկ կայացած բորսայի խաբկանք։ Մեզանում դեռեւս չի ձեւավորվել բաժնետոմսերի շուկա, այն մատնված է ինքնահոսի։ Մեկնաբանենք հիմնական պատճառները։

Հանրապետության չափահաս բնակչության մեծամասնությունը, անտեղյակ լինելով բաժնետիրական ընկերությունների գործունեության քաղաքակիթ չափանիշներին, շտապեց վաճառել սեփականաշնորհման սերտիֆիկատները (վաուչերները)։ Դրանք հիմնականում կուտակվեցին բնակչության դրամական միջոցներ ունեցող շուրջ 5 տոկոսի ձեռքում։ Վերջիններիս նախաձեռնությամբ ծավալվեց նաեւ առանց ընտրության առերեւույթ ու քողարկված պայքար։ Նպատակը մեկն էր. ամեն կերպ տիրանալ ընկերությունների բաժնետոմսերի հսկիչ ծրարներին (51 տոկոսին)։ Փոքր քանակությամբ սովորական բաժնետոմսերի բաժնետերերը աստիճանաբար գիտակցեցին հսկիչ ծրար տիրապետողների կողքին իրենց անպաշտպան վիճակը։

Փոքր բաժնետերերի անորոշ վիճակը եւ հնարավոր փոքր ներդրողներին բաժանորդագրության խաղից դուրս թողնելու արատավոր պրակտիկան, փաստորեն, ամրապնդվեց նախկին իշխանությունների՝ մինչեւ օրս պահպանվող օրենսդրական ակտերով։ Հնարավոր դարձավ գնահատման վիճելի չափանիշներով ստացված չնչին գների 25, ապա 50 տոկոսներով գնել ամբողջական ձեռնարկություններ։ Օրենսդրական համապատասխան ակտով ընկերության կանոնադրական հիմնադրամը մեխանիկորեն փոքրացնելու եղանակով բաժնետոմսերի չվաճառված մասը «նվիրվեց» գնորդներին եւ ոչ թե թողնվեց պետությանը։ Ուշադրություն դարձնենք, որ պետական ձեռնարկության եւ գնահատումը, եւ վաճառքը ձեռքից ձեռք փոխանցելով, կատարում են միեւնույն սեփականաշնորհման վարչության, ապա նախարարության տարբեր ստորաբաժանումները։

Օգտվելով օրենքի ընձեռած հնարավորությունից (ընկերությունը չի երաշխավորում շահաբաժին հատկացնելը), անկախ շահույթի չափից, տարիներով բաժնետերերին շահաբաժին չի հատկացվում կամ հատկացվում է չնչին չափով։ Պարզ է, տուժում են հույսեր փայփայած փոքր բաժնետերերը։ Վերջիններս իրենց համարելով խաբված ոչ թե շուկայի, այլ խոշոր բաժնետերերի թելադրած ցածր գներով, վաճառում կամ ավելի հաճախ անտարբեր են մնում բաժնետոմսերի նկատմամբ։ Իսկ խոշոր բաժնետերերը, մեծ մասամբ անտեսելով փոքրերի շահերը, այլ ուղիներով ձեռնարկությունների շահերը ծառայեցնում են իրենց նպատակներին։ Բորսայական ոլորտի տարերային վիճակն ամբողջացնելու համար ասենք, որ հանրապետության բազմաթիվ նոտարական գրասենյակներում կատարվում է ոչ միայն բաժնետոմսերի, այլ նաեւ դեռեւս չթողարկված, ընկերությունների բաժնետերերի գրանցամատյաններում չգրանցված բաժնետոմսերի առք ու վաճառքի գործարքներ։

Հասկանալի է, որ ցաքուցրիվ առք ու վաճառքը իսպառ բացառում է բաժնետոմսերի պահանջարկի ու առաջարկի ուսումնասիրման հնարավորությունն ու դրանց իրական գնագոյացումը։ Առավել եւս, ընկերությունները հիմնականում շրջանցում են նույնիսկ տարեկան տնտեսական գործունեության արդյունքները մամուլում հրապարակելու վերաբերյալ օրենքի պահանջը։ Այսինքն, բաժնետոմսերի հավանական գնորդները եւ ընդհանրապես շուկան զրկված են ընկերությունների տնտեսական իրավիճակի, գործունեության եւ հեռանկարի վերաբերյալ սպառիչ տեղեկատվությունից։ Հանրապետության տնտեսական ու քաղաքական կայունացումը, շուկայական հարաբերությունների հետագա զարգացումը ենթադրում են մոտ ապագայում արտադրական եւ այլ ոլորտների բաժնետիրական ընկերությունների սովորական բաժնետոմսերի հիմնական սեփականատերերի փոփոխում, ինչպես նաեւ փոքր բաժնետերերի մուտք բորսա։

Շուկայի թելադրմամբ շատ ընկերություններ կգտնեն իրենց իսկական տերերին՝ մասնագետներին եւ զարգացման բիզնես-պլաններ ու ներդրման աղբյուրներ ունեցողներին։ Այդ բնական գործընթացին կարող է խոչընդոտել բաժնետոմսերի առք ու վաճառքի շուկայի այսօրվա իրավիճակը։ Մեր կարծիքով, այն բարելավելու համար անհրաժեշտ է հաշվի առնել կարգավորման հետեւյալ բաղադրիչները։ Լրացուցիչ ներդրումներ չանելու եւ կարճ ժամանակում արդյունքի հասնելու համար նպատակահարմար է օգտագործել արդեն իսկ ինքնահաստատված եւ ուղի հարթած Երեւանի անկախ ֆոնդային բորսայի հնարավորությունները։ Նախ՝ անհրաժեշտ կլինի բաժնետոմսերի առք ու վաճառքը կենտրոնացնել միայն նշված բորսայի շրջանակներում։ Բացառել դրանց վաճառքը մինչեւ թողարկելն ու գրանցելը։ Բացառել բաժնետոմսերի արտաբորսային առեւտուրը։

Բաժանորդագրության փորձի բացահայտած սխալները, նախնական պայմանավորվածությունները, փոքր ներդրողներին գործընթացից դուրս մղելը բացառելու նպատակով բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը, ուղղակի վաճառքը, աճուրդները նպատակահարմար է համապատասխան պայմանագրով թողնել մասնագիտացված անկախ օղակի, տվյալ դեպքում՝ Երեւանի նույն ֆոնդային բորսայի իրավասությանը։ Ընդ որում, ձեռնարկություններն իրական եւ ոչ թե սիմվոլիկ գնով վաճառելու համար հարկ կլինի տվյալ ազատ բաժանորդագրությունը սահմանված չափանիշով կայանալուց հետո շարունակել որոշակի ժամանակ։ Իսկ վերջնական արդյունքում քիչ քանակությամբ բաժնետոմսեր վաճառվելու եւ բաժանորդագրությունը չկայանալու դեպքում՝ բնական ելք է՝ մնացած բաժնեմասը թողնելով պետական սեփականություն, ձեւավորել պետական մասնակցությամբ կամ ոչ պետական ընկերություն։

Ենթադրվում է վերջիններիս պետական բաժնեմասը առանց շտապողականության հետագայում մասնավորեցնել՝ կիրառելով ընկերության գործունեության թելադրած հարմար ձեւ։ Այս պայմաններում գնահատողից եւ պետությունից ու գնորդներից անկախ օղակը կկատարի ոչ թե ձեռնարկությունների, այլ իրապես դրանց բաժնետոմսերի վաճառք։ Ընկերության լուծարման կամ սնանկ ճանաչելու հիմք համարել նաեւ, երբ այն ստեղծվելուց հետո, ասենք, երեք տնտեսական տարիների գործունեության արդյունքում բաժնետերերին չի ապահովում սկզբնական կանոնադրական հիմնադրամի կամ բաժնետոմսերի անվանական արժեքի որոշակի տոկոսաչափով շահաբաժինների հատկացում։ Նման ելակետային պայմանը բխում է պետական ձեռնարկությունների մասնավորեցմամբ ստեղծված բաց ընկերությունների գործունեության ընդգծվող առանձնահատկություններից։

Տեղական առանձնահատկությունները թելադրում են կիրառել շեղումներ՝ ընդունված համաշխարհային չափանիշներից։ Չպետք է խուսափել առաջարկվող կամ այլ հնարավոր օրենսդրական փոփոխություններից։ Հակառակ դեպքում՝ իմաստազրկվում են ոչ միայն համեմատաբար փոքր ներդրումները, քիչ քանակությամբ բաժնետոմսերի առք ու վաճառքը, այլ նաեւ մասնակի անհատույց սեփականաշնորհումը։ Եթե այսպես շարունակվի, ապա վաղ թե ուշ, խաղից դուրս մնացած բազամահազար փոքր բաժնետերերը միավորվելով, ամեն կերպ կհակադրվեն խոշոր բաժնետերերին, այնուհետեւ պետությանը։

ԹՈՒՄԱՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930