Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՂ ՄԱՐԶՊԵՏ, ԽԵՂՃ ԴԱՏԱՐԱՆ. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՂՃՈՒԿ ՊԵՏԵՐ…

Սեպտեմբեր 01,1998 00:00
dat

Հիշեցում. ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» խմբակցության անդամ Դավիթ Մելիքյանը դիմել էր Արմավիրի ժողդատարան հայց ներկայացնելով մարզպետարանի դեմ (իրականում՝ մարզպետ Ալբերտ Հերոյանի դեմ, քանի որ նա է ստորագրել ազատման հրամանը) իր նախկին պաշտոնում՝ մարզպետարանի քարտուղար, վերականգնելու համար։ Ազատման համար հիմք էր ծառայել մարզպետարանի 4 վարչության պետերի կողմից մարզպետարանի հաստիքացուցակից դուրս քարտուղարուհիներ պահելը։ Ըստ դատարանում մարզպետարանի ներկայացուցիչ Վրեժ Ղարիբյանի, այդ փաստը ստուգելու համար մարզպետի կողմից կազմվել է հանձնաժողով, որը ստուգել է այդ փաստը, կազմել համապատասխան արձանագրություն, որը ստորագրել են հանձնաժողովի բոլոր 9 անդամները, բացի Դավիթ Մելիքյանից։ Կա նաեւ արձանագրություն, որ պարոն Մելիքյանը հրաժարվել է ստորագրել ստուգման արձանագրությունը։

Քանի որ պարոն Մելիքյանը նախորդ դատական նիստում հերքել էր նման հանձնաժողովի ստեղծման փաստը, եւ միաժամանակ պնդում էր, որ իրեն որեւէ արձանագրություն չի ներկայացվել ստորագրման համար, երեկ դատարան էին հրավիրվել ենթադրյալ հանձնաժողովի անդամները։ Ըստ էության, բոլոր վկայություն տվողներն էլ հաստատեցին, որ նման հանձնաժողով չի եղել։

Լարիսա Մուրադյանն, որը ենթադրյալ հանձնաժողովի անդամ է, ասում է. «Նրանք եկան իմ ընդունարան, ստուգեցին վիճակը եւ գնացին»։

Ռաֆիկ Սահակյան. «Երբ ես եկա, նրանք արդեն դուրս էին եկել իմ վարչությունից»։

Արմենակ Երվանդյան. «Ես ներկա եմ եղել միայն իմ վարչությունում կատարված ստուգմանը։ Նրանց հետ ես ոչ մի տեղ չեմ գնացել»։

Աղաբաբյան Արայիկ. «Ես մինչեւ եկա, նրանք արդեն ստուգումն ավարտել էին»։

Իսկ «նրանքը» մարզպետ Հերոյանն ու փոխմարզպետ Հրաչյա Հովսեփյանն են։ Ի դեպ, Զվարթնոց գյուղի մի խումբ բնակիչներ պատմեցին, որ իրենց գյուղ կատարած այցելության ժամանակ պարոն Հերոյանն իր երեխաների եւ թոռների արեւ երդվել է աշխատանքից ազատել նաեւ պարոն Հովսեփյանին։ Չնայած բազմաթիվ այլ փաստերին, նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանի այն հավաստիացումներին, որ այդ ամբողջը կազմակերպվել է իր պատասխանատվությամբ, դատավոր Լեւոն Տիգրանյանն որոշեց մերժել հայցը, դրա անհիմն լինելու պատճառով։ Իհարկե, հեշտ է գրել՝ որոշեց, դատավճիռը կարդալու 10 րոպեի ընթացքում պարոն Տիգրանյանի լարված եւ կարմրած դեմքը միայն խղճահարություն կարող էր առաջացնել, բայց ոչ պարոն Տիգրանյանի, այլ Հայաստանի ողջ դատական համակարգի նկատմամբ։

Յուրաքանչյուր բառ արտասանելիս պարոն Տիգրանյանը հեւում էր, շունչ առնում, ապա արտասանում մյուսը։ Նա շփոթմունքի մեջ նույնիսկ ասաց. «Հայցն արդարացի է եւ պետք է մերժել»։ Այս դատական պրոցեսի ավարտն հայտնի էր ի սկզբանե։ Որեւէ դատարան դեռեւս չի համարձակվել որոշում կայացնել մարզպետի դեմ։ Նման փաստ արձանագրելու դեպքում կարելի է ենթադրել, որ մենք էլ նույնպիսի եվրոպական երկիր ենք, ինչպիսի Նոր Վերջինիան կամ Դանիան։

Չնայած մարզպետ Հերոյանի մեծ հրամանին, այս հարցն ավելի ամբողջական պատկերացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել նաեւ մի շարք մանր կրքեր։ Դատախազ Կարլեն Հովհաննիսյանի որդին աշխատում է մարզպետարանի իրավաբանական բաժնում, եւ պարոն Հովհաննիսյանը նպատակ ունի նրան տեսնել այդ բաժնի ղեկավարի պաշտոնում։ Մարզպետի շահերի ճիշտ ընկալումը եւ մյուսներից դրանք ավելի լավ պաշտպանելը, կարծում ենք, կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ այդ նպատակի իրականացման համար։

Մարզպետարանի մի աշխատակից, որը պարոն Հերոյանի հրամանով մի քանի օր առաջ էր ազատվել աշխատանքից, մեզ հավաստիացնում էր, որ այն արձանագրությունը, որը ներկայացված էր դատարան, կազմվել է ոչ թե հուլիսի 3-ին, այլ մեկ շաբաթ առաջ, եւ մի քանի անգամ փոփոխվել է։ Պարոն Մելիքյանի հայցը պատշաճ մակարդակով չկարողացավ պաշտպանել նաեւ նրա շահերի պաշտպան Արայիկ Ղազարյանը, որը, չգիտես ինչու, հայտարարեց, որ շատ է հարգում մարզպետ Հերոյանին, իսկ դատավարությունն էլ համարում է արդարացի։ Անկախ վերոնշյալ փաստարկներից եւ ենթադրություններից, պրն Մելիքյանը մտադիր է դիմել վճռաբեկ դատարան, կարծելով, թե այն ավելի ազատ է եւ օբյեկտիվ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930