Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔՆ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԳԼԽԻ

Սեպտեմբեր 01,1998 00:00
Artashat

Կիրակի օրը Արտաշատում կայացած քաղաքապետի ընտրություններից հետո օգոստոսյան շոգն ու շիկացած կրքերը մի այնպիսի ներդաշնակություն էին ստեղծել, որ մարզպետարանի մուտքի մոտ առաջին հանդիպածները շտապօգնության ճերմակխալաթավոր քույրերն էին։ Ու համայնքային հանձնաժողովի ներկայացուցիչներին գտնելու համար պետք էր պարզապես հետեւել նրանց։ Լրագրողների առատությունը հոգնած դեմքերով մարդկանց համար առանձնապես հաճելի չէր։ Սակայն վստահաբար կարելի էր ասել, որ այդ զգացումը փոխադարձ էր, քանի որ բազմաթիվ խախտումների, փոխադարձ մեղադրանքների ու ստեղծված անելանելի կացության պայմաններում մամուլն այնքան էլ հակված չէր ստանձնելու արդարադատության դերը։

Նախորդ օրվա եւ հետագա դեպքերի խառնիխուռն շարադրանքներում հակասությունները հաջորդում էին մեկը մյուսին, եւ իսկությունը պարզելու համար հարկ եղավ համադրել մի քանի տարբերակներ։ Նախ նշենք, որ քաղաքապետի թափուր աթոռի համար պայքարում էին 6 թեկնածուներ։ 17408 ընտրողներից թեկնածուների օգտին իրենց ձայնն են տվել 7108-ը։ Համաձայն համայնքային ընտրական հանձնաժողովի կազմած արձանագրության, առավել թվով ձայներ են հավաքել Վարդգես Հովակիմյանը (3524), «Երկրապահի» թեկնածու Հարություն Մնացականյանը (1291) եւ քաղաքապետի պաշտոնակատար Սուրիկ Մկրտչյանը (1031)։ Հաշվի առնելով արձանագրությունը վավերացրած ստորագրությունները, թվում է՝ հիմքեր կան ընտրությունները համարել կայացած եւ առաջնորդվել օրենքի պահանջներով։

Բայց արի ու տես, որ ամեն բան այնքան էլ հեշտ չէ ու վերը հիշատակված արձանագրության գոյության փաստն այսօր արդեն քչերին է հետաքրքրում։ Շատ ավելի արդիականը ընտրություններն անվավեր ճանաչելու, երկրորդ փուլ կազմակերպելու եւ մեկի լիակատար հաղթանակը ճանաչելու պահանջներն են։ Պարտվողներն անզիջում են, հաղթողներն՝ առավել եւս։ Մինչդեռ հանձնաժողովներն ու նրանց անդամները ոչ մի կերպ լեզու չեն գտնում։ Ի՞նչ է կատարվել։ Խախտումների մասին առաջին ահազանգերը հնչեցին ընտրությունների մեկնարկից անմիջապես հետո։ Սկիզբը առավել քան տարօրինակ էր։

7-րդ ընտրական տեղամասում ընտրությունները սկսվեցին… ժամը 11-ին, 2-րդ տեղամասում՝ 55 րոպե ուշացմամբ, 1-ին տեղամասում՝ 20 րոպե։ 6-րդ տեղամասում ծագած անախորժությունը հաջողվեց մի կերպ հարթել։ Սակայն մարդիկ ոչ թե քնով էին անցել, այլ փորձում էին գտնել արդեն կորցրած բնականոն հունը։ 1-ին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը դեռ օգոստոսի 29-ի երեկոյան վիճակահանությամբ ստացել էր զմռսված դրոշմակնիքները։ Առավոտյան բացելով այն՝ տեսել են, որ դրոշմակնիքներից 2-ը նոր են, իսկ 1-ը՝ օգտագործված։ Կասկածներն այն մասին, որ ընտրություններից առաջ թանաքոտ կնիքով կարող էին քվեաթերթիկներ կնքվել, հանձնաժողովի անդամներին ստիպեց հանդես գալ նորարարական առաջարկությամբ, այն է՝ փոխել թանաքի գույնը։ Նախապատվությունը տրվեց կարմիրին։

Փոփոխությունը կատարվեց, ընդ որում, տեղամասային ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց 3-ի փոխարեն օգտագործել միայն 2 դրոշմակնիք։ Սա, իհարկե, այլեւս անիմաստ էր, սակայն ավելորդ կրքերից խուսափելու համար ոչ ոք առանձնապես չհակաճառեց։ Ճիշտ է, մարզային եւ համայնքային ընտրական հանձնաժողովների նախագահները բացատրեցին, որ կատարվածն, ըստ էության, օրենքի խախտում է, բայց… Շատ չանցած իր անհնազանդ գոյության մասին տեղեկացրեց նաեւ 2-րդ ընտրական տեղամասը։

Այստեղ ներկաներին դուր չէր եկել քվեատուփի տեսքը։ Վստահված անձանցից ոմանք պնդել էին, թե կափարիչը մի երկրորդ բացվածք էլ ունի, որտեղից կարող են քվեաթերթիկներ ներս հրել։ Հարկ եղավ փակել բոլոր ավելորդ ճեղքերը։ 5-րդ տեղամասը փորձեց ոչնչով ետ չմնալ նախորդներից։ Երեկոյան, երբ ընտրությունները մոտենում էին ավարտին, հանկարծ բոլորի համար անսպասելի մարեցին լույսերը։ Հոսանքը վերականգնելուց հետո ներկաները հանձնաժողովի անդամների համար նախատեսված աթոռներից մեկի վրա հայտնաբերեցին մոտ 200 քվեաթերթիկներ՝ Սուրիկ Մկրտչյանի օգտին արված նշումներով։

Մեկ այլ տարբերակի համաձայն, մեղավորը բռնվել է այդ թերթիկները արկղի մեջ նետելու փորձի պահին։ Եվս մի բացթողում կապված էր քվեաթերթիկների քանակի հետ։ Օրենքով նախատեսված կարգի համաձայն, պիտի պատրաստվեին շուրջ 18 հազար թերթիկներ, գումարած դրանց 50%-ի չափը։ Սակայն հավելյալ 9 հազարը այդպես էր տպագրվել։ Մարզային ընտրական հանձնաժողովում մեզ բացատրեցին, որ յուրաքանչյուր քվեաթերթիկի համար պետք է վճարեին 2 դրամ։ Եվ քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վճարվել է միայն 36 հազար դրամ (մարզային հանձնաժողովի նախագահը պնդում է, թե տրվել է 40 հազար, որից 4 հազարը՝ իր գրպանից), ապա ստիպված են եղել բավարարվել այդքանով։

Ավելի ուշ մեզ տեղեկացրին, որ ամենեւին էլ հարկ չկար քվեաթերթիկները տպագրել Երեւանում, երբ Արտաշատն էլ տպարան ունի եւ բացի այդ, այս տպարանի տնօրենը համաձայնել է յուրաքանչյուր թերթիկի համար գանձել ոչ թե 2, այլ կես դրամ։ Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեդրակ Սարգսյանին այցելելուց առաջ մեր ճանապարհը փակեցին մարզպետարանի մոտ խմբված մարդիկ, որոնք վանկարկում էին Վարդգես Հովակիմյանի անունը եւ պահանջում արդար ընտրություններ։ Զրույցի սկզբում հանձնաժողովի նախագահը հավաստիացրեց, թե ինքը բացախոսության կողմնակից է ու 10 տարի պայքարել է դրա համար։ Այնուհետեւ մեր հարցերին պատասխանեց այսպես. «Իմ կարծիքով, ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» օրենքի համաձայն, որեւէ մեկն ընտրությունների ընթացքը դադարեցնելու իրավունքը չունի։ Այս պահին 2 տարբերակ կա՝ կամ անվավեր ճանաչել, կամ անցկացնել երկրորդ փուլը 14 օր հետո»։

Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահին հարկ եղավ սպասել մի քանի ժամ։ Մարդը գնացել էր հանգստանալու։ Իսկ այդ ընթացքում տրամադրությունները ժամ առ ժամ փոխվում էին ու արդեն շշուկներ էին շրջում, թե հանձնաժողովի անդամների մեծ մասը հակված է երկրորդ փուլ անցկացնելու տարբերակին։ Պատմեցին նաեւ, որ ընտրությունների ընթացքին առնչվող բողոքների փաթեթը քննարկվել է գիշերվա 3-ից մինչեւ առավոտ, սակայն արդյունքների մասին որեւէ հիմնավոր տեղեկություն այդպես էլ չստացանք։ Փոխարենը զրուցեցինք Վ. Հովակիմյանի վստահված անձի հետ, որը պնդեց, թե համայնքային հանձնաժողովն արդեն իր որոշումը կայացրել է ընտրություններն անվավեր ճանաչելու մասին։ «Որոշումը կայացված է, քվեարկությունն անցկացված է 1 ձեռնպահ, 8 կողմ հարաբերակցությամբ։ Ես ժամը 10-ից սպասում եմ, որ օրինակը ինձ տան, չեն տալիս»,- ասաց նա։

Վերջապես վերադարձած Արմեն Մարգարյանը՝ համայնքային հանձնաժողովի ուժասպառված նախագահը, էլ ավելի խճճեց մեր տպավորությունները։ Պարզվեց, որ նրա հանձնարարությամբ կազմվել եւ համակարգիչ է անցկացվել որոշման 2 նախագծի տեքստ՝ մեկն անվավերի, մյուսը՝ վավերի համար։ «Հիմա ես հանձնաժողովին կհավաքեմ, կդնեմ քվեարկության, վերջնական որոշումը կկայացնեմ,- հանգիստ տոնով բացատրեց նա՝ մեզ հարկադրելով վերանայել այն քարացած պատկերացումները, թե ճշմարտությունը մեկն է լինում։ Իսկ ինքն անձամբ անվավեր ճանաչելու ջատագովն էր, եւ 2-րդ տարբերակը բոլորովին էլ «հոգեհարազատ չի»։

Դարձյալ մի քանի ժամ ստիպված եղանք սպասել, որպեսզի մեր աչքերով տեսնենք որոշման ստորագրված օրինակը։ Ավաղ, այդ բախտին չարժանացանք, թեեւ հանձնաժողովի նիստը կայացավ, մարդիկ տաք-տաք ելույթներ ունեցան, եզրահանգումներ արեցին։ Հավանաբար կուլիսներից այն կողմ ընթացող բանակցություններն ավելի ազդեցիկ են եւ հենց դրանք էլ կարող են որոշել անորոշության ելքը։ Ու չի բացառվում (ամենեւին չի բացառվում), որ մարդկանց հրամցվի միանգամայն այլ՝ երրորդ տարբերակ։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930