Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՑՔ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՃԱՂԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ

Սեպտեմբեր 01,1998 00:00

Նախագահի նստավայրի դիմաց հացադուլ եւ նստացույց անողների պահանջները մամուլում հանգամանալից ներկայացվել են։ Սակայն գրեթե ամեն օր ներկայացնելով նրանց առնչվող անցուդարձը՝ առայժմ փորձ չի արվել նաեւ հակառակ կողմի տեսակետները լսել։ Իրո՞ք ցուցարարներն անտարբերության են մատնված, եւ փորձ չի արվում նրանց խնդիրները լուծել։ Այս հարցերը պարզաբանելու նպատակով էլ զրուցեցինք նրանց հետ, ում անունն ամենահաճախն էր շոշափվում այս առնչությամբ՝ նախագահի օգնական Արմեն Գեւորգյանի եւ նախագահի աշխատակազմի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի վարիչ Մարգարիտա Ազարյանի հետ։

-Դուք երկուսդ էլ բազմիցս ընդունել, զրուցել եք ցուցարարների հետ, բայց հրապարակումներից դատելով՝ միջոցներ չե՞ք ձեռնարկել նրանց ճակատագրին գործուն միջամտություն ցուցաբերելու համար։

Արմեն Գեւորգյան– Մամուլում այս ամենը, փաստորեն, միակողմանիորեն է լուսաբանվել՝ ներկայացվել են միայն այն խնդիրներն ու պահանջները, որ ունեն նախագահի նստավայրի մոտ նստածները։ Սովորաբար անարձագանք եւ անուշադրության չի կարող մատնվել որեւէ պահանջ եւ առավել եւս՝ նման դեպքերում։ Բայց մամուլը գրում է, թե 20 օրից ավելի այդ մարդիկ այնտեղ պառկած են, ոչ ոք նրանցով չի զբաղվում… Երեւի մոտեցումը ճիշտ չէ։ Զարմանալի է, լրագրողները գալիս հարցազրույց են անցկացնում այդ մարդկանց հետ, բայց «դժվարանում» են 20 մետր ներքեւ իջնել, մտնել նամակների բաժնի վարիչի մոտ եւ նաեւ նրա բացատրությունները լսել։

Հիմա այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկված։ Դեռ առաջին օրը, երբ նստացույցի եւ հացադուլի հայտարարություններն արվեցին՝ մենք ուսումնասիրեցինք ներկայացված բոլոր դիմումները եւ նրանց ասացինք, որ այդ դիմումներին, ըստ գործող օրենսդրության, համապատասխան ընթացք կտանք։ Ըստ այդմ, նախագահի աշխատակազմը դիմումներին լուծումներ չի տալիս։ Մենք չենք կարող այստեղ որոշումներ կայացնել, այլ կարող ենք այդ դիմումներն ուղարկել համապատասխան մարմիններին, բայց արդեն՝ մեր հսկողությամբ։ Նրանք պիտի ստուգեն, ուսումնասիրեն, անհրաժեշտ ընթացք տան։ Եթե դա դատական վճռի, անօրինական լինելու հարց է՝ դատախազությունը պիտի բողոքարկի եւ այլն։ Այդ բոլոր 12 դեպքերը…

Մարգարիտա Ազարյան– Նրանցից երկուսի հարցերը միանգամից լուծվեցին եւ երկրորդ օրվանից արդեն դադարեցրին նստացույցը։ Մյուս երկուսի հարցերն ընթացքում են լուծվել՝ նրանք էլ են դադարեցրել։ Հիմա ցուցարարներն 8-ն են, իսկ լրատվամիջոցները հաղորդում են, թե այնտեղ 18-ն են։ Կանգնածների՞ն են հաշվում։ Դա ուղղակի գեղեցիկ էլ չէ։

Ա. Գ.– Նախագահի օգնականներից եւ խորհրդականներից մինչեւ վերահսկողական ծառայության պետ ու աշխատակազմի ղեկավար՝ բոլորը զբաղվել են նրանցով։ Բայց, ցավոք սրտի, ավելի շատ ենթադրվում էր, որ մեզնից մեկնումեկը պիտի հեռախոսով կարգադրություններ անի համապատասխան մարմիններին։ Բայց եթե խնդիրը դատական համակարգի գործունեությանն է վերաբերում՝ մենք այլեւս միջամտելու իրավասություն չունենք, ցավոք սրտի։ Իրոք, շատ տարօրինակ դատավճիռներ են լինում, եւ մենք կարող ենք միայն գնահատականներ տալ, բայց, բնականաբար, ոչինչ չենք կարող փոխել։ Ցավոք սրտի, շատերը սա չեն կարող կամ չեն ցանկանում հասկանալ։

-Ի դեպ, հացադուլավոր Նարինե Հարությունյանը մի առիթով լրատվամիջոցներին էր փոխանցել, թե դուք սպառնացել եք նրան հոգեբուժարան փոխադրել։ Դա իրականությանը համապատասխանո՞ւմ է։

Ա. Գ.- Անցած կիրակի տիկին Մարգարիտան ինձ տեղեկացրեց, որ հացադուլավորի առողջական վիճակն իրոք վատացել է։ Ես իջա ներքեւ, խնդրեցի, որ շտապօգնություն ու նաեւ Կարմիր խաչի ներկայացուցչին կանչեն։ Բուժօգնության մեքենան եկավ, բժիշկը զննելուց հետո ասաց, թե այդ պահին միջին ծանր վիճակ է, եթե վիճակը վատանա՝ պետք է հիվանդանոց տեղափոխել։ Տիկին Նարինեն սակայն անձամբ ստորագրեց, որ հրաժարվում է բուժօգնությունից։ Սա կրկնվում է ամեն օր՝ շտապօգնության մեքենան գալիս է, եւ նա ամեն օր ստորագրում է, որ հրաժարվում է բուժօգնությունից։ Երբ ինքն ի վիճակի էլ չէ՝ ամուսինն է ստորագրում։ Իսկ այդ օրը ես ընդամենն ասել էի, որ եթե երեկոյան նրա ինքնազգացողությունը վատանա՝ պարտադիր հիվանդանոց պիտի տեղափոխվի։ Դրանից հետո կարդացի, իբր ասել եմ, թե նրան պետք է հոգեբուժարան տեղափոխել։

Ի դեպ, նրա երիտասարդ ամուսինը, որը կնոջ կողքին նստած, փաստորեն, խրախուսում է 3 երեխաների մոր հացադուլը, շատ անգամ շանտաժի էլ է դիմել՝ տիկին Մարգարիտային սադրիչ հարցեր են տվել, փորձելով թաքուն ձայնագրել, որ մամուլին տրամադրեն։ Մի քանի նման դեպք է եղել։ Անկեղծ ասած, նրանց հետ զրուցելու կամ համագործակցելու ցանկությունը նման բաներից հետո կորչում է։ Դա՝ զուտ մարդկայնորեն, իսկ ի պաշտոնե մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել եւ այսօր փաստորեն միայն մի անլուծելի խնդիր կա՝ հենց Նարինե Հարությունյանի դեպքն է։

Մ. Ա.– Դատաիրավական համակարգում սա փակուղային իրավիճակ է։ Հայրն իրեն գումար է պարտք, իրավաբանորեն ոչինչ չունի՝ փորձեք հետ ստանալ։

-Մի բարդ դեպք էլ կարծեմ կար։ Մի գյումրեցի կին պահանջում էր, որ իր տան կողքին գտնվող տունը քանդեն, իսկ այդ հողն իր քրոջը տան։

Մ. Ա.- Դա շատ տգեղ փաստ է։ Առայժմ չեմ ցանկանում դրան անդրադառնալ։ Նստացույցի ավարտից հետո ամեն ինչ փաստաթղթերով հիմնավորելով՝ ես երեւի մի առանձին հոդված կպատրաստեմ այդ դեպքի մասին։

Ա. Գ.– Իրոք, անընդունելի է։ Եթե Երեւանում լիներ՝ էլի ըմբռնումով կմոտենայինք։ Գյումրիում տուն է կառուցվել, մարդիկ տնակներում են ապրում, այդ կնոջն ասում ենք, թե ուզում է, որ այդ տունը քանդե՞նք։ Ասում է՝ այո՛։ Հարցնում ենք, թե համաձա՞յն է, որ այդ մարդուն այնտեղից վտարենք եւ այնտեղ բնակեցնենք մեկ ուրիշին, որը տնակում է բնակվում կամ թեկուզ իր կողքին նստած ախուրյանցի նստացուցարարին՝ չի համաձայնում, ասում է՝ քանդե՛ք։ Այստեղ լուծում չկա։

Մ. Ա.– Սակայն Աննա Շահինյանի գործն էլ է ուղարկված ե՛ւ դատախազություն, ե՛ւ Շիրակի մարզպետարան։ Կարելի է մեկ առ մեկ այլ գործերն էլ ներկայացնել։ «Արմենիա» բանկի ավանդատուին, ներողություն, ոչինչ չենք կարող առաջարկել։ Չնայած, նրա գործերն ուղարկել ենք ե՛ւ դատախազություն, ե՛ւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն։ Լիզա Փիլոսյանի գործը բնականոն ընթացքի մեջ է։ Նիկողոսյանները պիտի դադարեցնեն հացադուլը (հարցազրույցը կայացել է օգոստոսի 28-ին- Ա. Ի.) եւ ես համոզված եմ, որ կդադարեցնեն, քանզի մենք ընդամենը մի հրամանի պատճենի ենք սպասում։ Երկու ախուրյանցիների գործն ընթացքի մեջ է։ Ամալյա Գրիգորյանի գործը հիմա նայում ու փորձում ենք մի լուծում գտնել։ Լաուրա Իսախանյանի գործը մի քիչ անորոշ է։ Այստեղ էությունը հետեւյալն է՝ քաղաքացուհին ժառանգներ չունի, ինքը տունը նվիրատվություն է ձեւակերպել իր բարեկամին եւ փոշմանել է… Կներեք, կարո՞ղ եք փորձել օգնել նրան։

Ա.Գ.- Այնինչ գալիս, սկսում են մեղադրել, թե ոչ ոք չի զբաղվում։ Երեւի օր չկա, որ մենք երեկոյան նախագահին չզեկուցենք, թե ինչ ընթացքում են այդ բոլոր գործերը։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի մոտ մի քանի անգամ նաեւ այս բոլոր խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է եղել։

Մեկ այլ՝ ավելի ընդհանրական խնդիրը ժողովրդի իրավական գրագիտության մակարդակն է։ Օրենսդրությամբ սահմանված աստիճանները չանցնելով՝ միանգամից նախագահի մոտ են գալիս արդարություն պահանջելու։ Սա հասկանալի է, բայց ճիշտն այն է, որ այստեղ բողոքելու գան ոչ թե խնդրի էությունից, այլ՝ որ տվյալ խնդիրն այսինչ մարմնում համապատասխան լուծում չի ստացել։ Եվ ես նաեւ գիտեմ, եթե մենք հօգուտ մի կողմի որոշում կայացրինք՝ հաջորդ օրը մյուս կողմն է գալու այստեղ նստի։ Այդպիսի դեպքեր եղել են՝ մի օր գյուղի մի կեսն է եկել, հաջորդ օրը՝ մյուս կեսը…

-Մարդիկ գուցե իրոք ելք չտեսնելով, դատաիրավական համակարգին չվստահելով են անմիջապես նախագահին դիմում։ Բայց մյուս կողմից էլ՝ այդ դեպքում անմիջապես միջոցներ ձեռնարկելով չե՞ք խրախուսում այն, որ յուրաքանչյուր մանր խնդրի դեպքում գան ու նախագահի ցանկապատի մոտ նստեն։

Ա. Գ.– Անկեղծ ասած, դա մեր վախն էլ է, թե նախադեպ կստեղծենք, որ եթե պարտադրենք ու տվյալ անձի ուզած լուծումը տրվի՝ այստեղ հերթ կգոյանա։

Մ. Ա.– Իրականում ես էլ եմ նման նախադեպ ստեղծելուն դեմ։ Բայց հավատացեք, որ հիմա մեր օգնությունը նրանց ավելի շատ «ճիշտ ուղու» վրա կանգնեցնելն է՝ խորհուրդներ տալ, ընդամենը բացատրել, թե ինչ քայլեր պիտի անեն։ Թե չէ շատերն անգամ չգիտեն, որ գոյություն ունի, ասենք, դատավճռի գանգատարկում հասկացությունը։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Երեկ նախագահի նստավայրի մոտ մնացել էին միայն հացադուլավոր Նարինե Հարությունյանը եւ գյումրեցի Աննա Շահինյանը։ Մնացածը հեռացել էին։ Դեռ ուրբաթ օրը Նիկողոսյանները «Առավոտի» միջոցով շնորհակալության եւ մարդկային գնահատանքի խոսքեր էին փոխանցում նախագահի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի հասցեին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930