Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսն իր դիվանագիտական գործունեության մեջ չորրորդ, իսկ վերջին պաշտոնում էլ երկրորդ անգամ, այցելում է Հայաստան։ Ամռան վերջին օրը նրա հանդիպումների գրաֆիկը շատ սեղմ էր։ Ճաշ արտգործնախարարի մոտ, եւ հետո հանդիպումներ Ազգային ժողովի եւ հանրապետության նախագահների հետ։ Սակայն շատ վատ էր կազմակերպված մամուլի հետ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հանդիպման գործը։ Նախագահի մամլո ծառայությունն, ասենք, առավոտյան կողմ ընդամենը մեկ-երկու օպերատորի ներկա լինելու հնարավորության մասին էր խոսում, իսկ երեկոյան պարզվեց, որ Դանիել Տարշիսին հանդիպել ցանկացող բոլոր լրագրողները պետք է հավաքվեն նախագահի աշխատակազմում։ Ինչեւիցե։
Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ հնարավոր չէր հանդիպել, որովհետեւ Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ հանդիպումից հետո, ինչպես իրենք իրենց մասին ասացին, արտգործնախարարության պրոտոկոլն ու անհայտ պատկանելության թիկնազորը հայ լրագրողներիցս այնպես պաշտպանեցին Եվրոպայի խորհրդի պատվիրակներին, որ, կարծես, ստույգ մահափորձի մասին լուր էին ստացել։ Ինչեւիցե, Դանիել Տարշիսի եւ ոչ էլ նրան ուղեկցող անձանց նկատմամբ որեւէ մեկն այդպես էլ անխոհեմ վերաբերմունք չցուցաբերեց, իսկ նախագահի աշխատակազմում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը սիրով պատասխանեց լրագրողների հարցերին։
Նա մասնավորապես ասաց, որ Հայաստանը բազմաթիվ միջոցառումների է մասնակցում Եվրոպայի խորհրդի շրջանակներում, ի մասնավորի՝ խորհրդարանական վեհաժողովում, եւ, բացի այդ, ակտիվ է նաեւ միջպետական հարաբերություններում։ Մի խոսքով՝ Հայաստանը ներկա է Ստրասբուրգում։ Եվրոպայի խորհրդի նախագահը համառոտ ծանուցեց, որ Հայաստանի ղեկավարության հետ կարծիքներ են փոխանակվել մեր երկրի՝ Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ դառնալու հարցի վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկումներ ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ։ «Մենք հուսով ենք, որ շատ շուտով այդ հարցում շարժ կնկատվի դեպի առաջ»։ Այսքանը։
Մինչդեռ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած մի աղբյուրն «Առավոտին» հայտնեց, որ փակ դռների հետեւում տեղի ունեցած խոսակցության ժամանակ Դանիել Տարշիսը մասնավորապես հիասթափություն է արտահայտել ղարաբաղյան հարցի նկատմամբ գոյություն ունեցող վիճակից եւ տեսակետ հայտնել, որ ղարաբաղյան բանակցային գործընթացը շարժ է արձանագրել դեպի հետ։ Ի դեպ, դրա մասին չխոսեցին ոչ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, եւ ոչ էլ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը, որոնք լրագրողներին ներկայացրեցին Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած խոսակցության բովանդակությունը։
Կարդացեք նաև
Այս առումով ավելի հանգամանալից խոսք ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահը։ Նա տեղեկացրեց, թե Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները գոհունակությամբ են անդրադարձել, որ զգալի տեղաշարժեր կան դատաիրավական բարեփոխումների ոլորտում, որ չի օգտագործվում մեծամասնության հանգամանքը ԱԺ-ում օրենքներ ընդունել տալու համար, եւ որ, մանավանդ ողջունելի է ընտրական օրենսգրքի դրույթների ընդհանրական մոտեցումների փնտրտուքը, ինչը պատասխանատվություն ստանձնելու ունակ բոլոր հիմնական ուժերին հնարավորություն կտա վստահության մթնոլորտ ձեւավորել ընդունվելիք փաստաթղթի նկատմամբ։ ԱԺ խոսնակը տեղեկացրեց, որ քննարկում է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, եւ այս հարցում միարժեքորեն ներկայացվել է ԱԺ դիրքորոշումը. դա հակամարտություն է ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ վերջինիս եւ ԼՂՀ-ի միջեւ։
Պետք է ուղիղ երկխոսություն սկսել, ինչպես, ասենք, վարվում են պաշտոնական Լոնդոնն ու Բելֆաստը։ Խ. Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ շուտով Լյուբլյանայում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Քաղաքական հանձնաժողովի նիստ, ուր կլսվի Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին այդ կազմակերպության կազմում ընդգրկելու հարցը։ Դանիել Տարշիսի գլխավորած պատվիրակության անդամ էր նաեւ Հունաստանի արտգործփոխնախարար Յ. Կրանիդիոտիսը։ Նա եւս գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանում կան ինստիտուցիոնալ եւ տնտեսական տեղաշարժեր, ինչը մեր պետությանը հնարավորություն կտա ակտիվացնել եվրոպական կառույցներին եւ, մասնավորապես, Եվրոպայի խորհրդին անդամագրվելու գործը։
«ԱՌԱՎՈՏԻ» ՀԱՐՑԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ
– Պարոն Հարությունյան, Դուք արգելել եք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը մեկնի Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի հերթական նիստին։ Ինչո՞ւ։
– Նախ ասեմ, որ տերմինները հարկավոր է ճիշտ օգտագործել՝ Ազգային ժողովի նախագահը ոչ մեկին ոչինչ չի արգելում։ ԱԺ նախագահն օգտվելով օրենքով, կանոնակարգով եւ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասություններից, այն է՝ ձեւավորել պատվիրակությունները՝ ելնելով քաղաքական ուժերի հարաբերակցությունից, վերաձեւավորել է Եվրոպայի խորհուրդ մեկնող պատվիրակությունը, հաշվի առնելով ԱԺ-ում առկա իրողությունները։ Այնպես որ, ոչ մեկին ոչինչ արգելված չէ։ Հովհ. Իգիթյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է եւ պետք է շարունակի իր աշխատանքը։ Խոսքը, տվյալ դեպքում, տարբեր բաների մասին է։ Պատվիրակությունը կգլխավորի Արմեն Մարտիրոսյանը, որը շատ լավ տիրապետում է անգլերենին եւ մասնակցել է բանակցությունների, այդ թվում եւ ՆԱՏՕ-ի հետ։
Ա. Զ.