Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խորհուրդն ԱԺ-ին չի փոխարինի

Օգոստոս 29,1998 00:00
Robert Qocharyan

Համենայնդեպս, ՔԽ-ի անդրանիկ նիստում այդպես է հավաստիացրել Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն ՔԽ-ի երեկ կայացած անդրանիկ նիստն իր փակ բնույթով (միայն օպերատորներին է թույլատրվել ներկա գտնվել) Անվտանգության խորհրդի հետ զուգահեռների տեղիք է տալիս։ Հուսալով, թե հետագայում այս նորաստեղծ կառույցն էլ բացառություն չի լինի նախագահին առընթեր գործող բաց եւ հրապարակային աշխատելաձեւ որդեգրած մարմինների շարքում, առայժմ հրապարակում ենք նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունն այդ նիստի վերաբերյալ։

Բացելով նիստը նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Քաղաքական խորհրդի ստեղծումը մեզանում առաջին փորձն է քաղաքական ուժերը համախմբելու եւ համատեղ աշխատանք կատարելու։«Այս կառույցը դեռեւս շատ փխրուն է,- ասել է նա։- Այստեղ հավաքված են տարբեր քաղաքական ուժեր, եւ մենք պարտավոր ենք մեր հարաբերությունները ճիշտ ուղիով կառուցել, փորձել իրար լսել ու հասկանալ։ Մեզնից պահանջվելու է մեծ հանդուրժողականություն, որը կձեւավորի փոխհարաբերությունների նոր մակարդակ»։ Նախագահի խոսքերով, բնականաբար, միշտ էլ տարբեր կարծիքներ, դիրքորոշումներ լինելու են, կարեւորն այն է, որ հնարավորություն ունենք դրանք քաղաքակիրթ ձեւով արտահայտել։ «Ես պատրաստ եմ բաց, անկեղծ երկխոսության եւ սերտ համագործակցության բոլոր քաղաքական ուժերի հետ եւ նույնն ակնկալում եմ ձեզանից»,- շեշտել է Ռոբերտ Քոչարյանն, ավելացնելով, թե կցանկանար, որ մեզանում ձեւավորվեր քաղաքական համագործակցության նոր ոճ։

Ըստ նախագահի, Ազգային ժողովի գալիք ընտրությունների հետ կապված՝ սպասվում է կարեւոր ժամանակահատված։ Առաջիկա ընտրությունները չպետք է լրացուցիչ լարվածություն մտցնեն եւ բացասաբար անդրադառնան երկրի կայունության ու տնտեսական զարգացման տեմպերի վրա։ Այս առումով Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է Քաղաքական խորհրդի դերն ու նշանակությունը։ Ըստ նախագահի, քաղաքական ուժերի շրջանում որոշակի մտահոգություն կա, թե Քաղաքական խորհուրդը խորհրդարանին փոխարինելու փորձ է։ «Ազգային ժողովն ունի իր ուրույն տեղը, եւ նրա լիազորություններն ամրագրված են Սահմանադրությամբ»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է Քաղաքական խորհրդին, ապա սա մի կառույց է, որտեղ բոլոր քաղաքական ուժերը կկարողանան տեսակետներ փոխանակել, ուղղակի կապ կհաստատվի նախագահի եւ կուսակցությունների միջեւ, ինչը երկրի կարեւորագույն խնդիրների շուրջ դիրքորոշումների հստակեցման հնարավորություն կստեղծի։ Խորհրդի աշխատանքներին այսօր մասնակցում են ոչ բոլոր քաղաքական ուժերը, սակայն, ինչպես նշել է նախագահը, մեր դռները բաց են։ Դիմելով խորհրդի անդամներին, նա ասել է. «Հուսանք, որ այս սեղանի շուրջ կլինեն նաեւ նրանք, ովքեր այսօր դեռ այստեղ չեն։ Այս հարցում ես ակնկալում եմ նաեւ ներկաների աջակցությունը»։

Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում քննարկվել են կազմակերպական եւ խորհրդի հետագա աշխատակարգին վերաբերող հարցեր։ Մտքերի փոխանակություն է ծավալվել Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղարի ֆունկցիաների շուրջ՝ դրանք պետք է լինեն կազմակերպական-տեխնիկակա՞ն, թե՞ քաղաքական։ Քննարկումների արդյունքում նախապատվությունը տրվել է քաղաքականին եւ որոշվել, որ խորհրդի գործադիր քարտուղարի գործունեությունը կկարգավորվի ռոտացիոն սկզբունքով։ Գործադիր քարտուղարի աշխատանքի համար սահմանվել է երեք ամիս ժամկետ եւ վերընտրվելու իրավունք։ Նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար է ընտրվել Սահմանադրական իրավունք միության նախագահ Հրանտ Խաչատրյանը։ Խորհրդի նիստերը կգումարվեն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31