Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ ՉԵՆՔ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ։ ՀԵՏՈ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ

Օգոստոս 29,1998 00:00
erkqaxaqaci

Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի երեկվա նիստի քննարկման նյութը ամենավիճահարույց հարցերից մեկն էր՝ երկքաղաքացիությունը։

Այս խնդրի վերաբերյալ դիրքորոշումների շուտափույթ ճշգրտման կողմնակիցներից մեկը հանրապետության նախագահն է։ Նաեւ ԱՄՆ-ում իր կարճատեւ արձակուրդն անցկացրած Պարույր Հայրիկյանին էին մեր սփյուռքահայ հայրենակիցներն այս հարցի վերաբերյալ իրենց հարցադրումներով «նեղել»։ Դե, լրատվամիջոցներն էլ մինչ այս քննարկումը ներկայացրել էին երկքաղաքացիությանը ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ հիմնավորումները։ Այնպես որ, հանձնաժողովների անդամները հավելյալ փաստարկումների կարիքը չունեին՝ ուղղակի լուծումների, հնարավոր ելքերի մասին էին խոսում։

Ըստ էության, առավել հաճախ կրկնվող տեսակետը հետեւյալն էր՝ երկքաղաքացիությունն արգելող դրույթն (այն է, թե Հայաստանի քաղաքացին չի կարող միաժամանակ լինել նաեւ այլ երկրի քաղաքացի), առայժմ պետք է ուղղակի հանել սահմանադրությունից։ «Այդ հարցը թողենք բաց։ Վերացնենք արգելքը, որ երկքաղաքացիությունը չի թույլատրվում եւ լուծումը թողնենք օրենքին»,- նախապես ասաց իրավագիտության դոկտոր Արմեն Հարությունյանը։

Պարզվեց, որ նրա տեսակետը լիովին համընկնում է ԱԺՄ-ի դիրքորոշմանը, որի ներկայացուցիչը՝ Շավարշ Քոչարյանը ներկա էր այս նիստին։ Չնայած «Լրաբեր-Լուրերը» բազմակի հավաստիացրել էր, թե ԱԺՄ-ն էլ է Հայկոմկուսի պես բոյկոտում սահմանադրական հանձնաժողովի աշխատանքները։ Պարզվեց, որ կառավարման համակարգի ձեւի ընտրության պես՝ երկքաղաքացիությունն էլ է այն խնդիրներից մեկը, որոնց լուծմամբ է ԱԺՄ-ն պայմանավորում իր ներկայությունը սահմանադրական բարեփոխումներ նախապատրաստող հանձնաժողովում։

ՀՌԱԿ-ի դիրքորոշումը ներկայացնող Համլետ Դալլաքյանը երկքաղաքացիությունն արգելող սահմանադրական դրույթը վերացնելու առաջարկը երրորդելով հավելեց, թե այս խնդիրը պիտի կարգավորվի հատուկ օրենքով կամ համաձայնագրով։ Մեջբերենք նաեւ դեմկուսի ներկայացուցիչ Կարինե Դանիելյանի առաջարկը, թե արգելող դրույթը վերացնելուն զուգահեռ պետք է «ինչ-որ կերպ երկքաղաքացիության թույլտվությունն ամրագրվի»։ Այս գրեթե միաձայն համախմբում անհամաչափ հնչեց նախ «Շամիրամի» ներկայացուցիչ Անժելա Բակունցի ձայնը, որը փորձեց հիշեցնել երկքաղաքացիության դեմ ավանդական հակափաստարկները՝ անվտանգության խնդիրներ, բանակում ծառայություն եւ այլ հարցեր։

Հետո զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը «ծագումո՞վ, թե՞ ազգությամբ հայ» ձեւակերպման առնչությամբ իր ենթադրական դատողությունը բարձրաձայնեց, թե «Թուրքիայի ողջ ժողովուրդը կարող է հայտարարել, որ ծագումով հայ են եւ Հայաստանի քաղաքացիություն պահանջել»։

ՀՀՇ-ի ներկայացուցիչ Սեդրակ Հովհաննիսյանն էլ նշեց, թե իրենց կուսակցությունն աննպատակահարմար է համարում Սահմանադրության մեջ երկքաղաքացիության դրույթի ամրագրումը։ Կարելի էր նաեւ հանձնաժողովում հնչած այլ տեսակետներ մեջբերել՝ «սեփական կամարտահայտությամբ կարող են դառնալ Հայաստանի քաղաքացի» (Կարեն Վարդանյան, ՍԻՄ)։ «Սա միայն հանրաքվեով որոշվելիք հարց է» (Անժելա Բակունց, «Շամիրամ»)։ «Շատ քիչ երկրներում երկքաղաքացիությունն արգելող դրույթ կա։ Որքան քիչ են արգելող դրույթները՝ այնքան շահում է եւ ճկուն է Սահմանադրությունը» (Ալվինա Գյուլումյան, Սահմանադրական դատարանի անդամ)։ Սակայն սահմանափակվենք հանձնաժողովի նախագահի՝ Պարույր Հայրիկյանի դիրքորոշումը ներկայացնելով, որը համոզված էր, թե սա անհատի որոշելիք հարցն է եւ պետությունը չպիտի խոչընդոտի այդ որոշման ընդունմանը։

Առայժմ այսքանը, քանզի սրանք նախնական քննարկումներ էին։ Մինչ հանձնաժողովի հաջորդ նիստը (որին պիտի մասնակցի նաեւ Ռոբերտ Քոչարյանը) աշխատանքային խումբը պիտի այս խնդրի լուծման տարբերակներ մշակի, որոնք հետո, Հայրիկյանի բնորոշմամբ, պիտի «բյուրեղացվեն»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31