Վարչապետը վերջին օրերին մի շարք կադրային փոփոխություններ է կատարել։ Աշխատանքից ազատվել է Արագածոտնի փոխմարզպետ Ռաֆիկ Մկրտչյանը։ Սա շարքային ազատում չէ։ Վերջինս անդամ է Էդվարդ Եգորյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության։ Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Հրաչ Գրիգորյանին աշխատանքից ազատել էին, որպեսզի ընտրությունների նախօրյակին, հանուն ազգային համաձայնության, մարզը վստահեն Ռ. Մկրտչյանին։ Արմեն Դարբինյանն այլ հրամանագրով իր խորհրդական է նշանակել ուսանողական եւ Մոսկվայի դեսպանատանն աշխատած տարիներին իր մերձավոր ընկեր Սարգիս Կանեցյանին։ Մեկ այլ հրամանագրով աշխատանքից ազատվել է քաղաքացիական ավիացիայի պետի տեղակալ Ալեքսանդր Բալտայանը եւ նրա տեղը նշանակվել է Սամվել Մարգարյանը։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Սրտատրոփ ընդունելության քննությունների անցողիկ միավորների հայտարարմանն են սպասում ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանի դուստրը դիմել է ժողովրդական տնտեսության ինստիտուտ եւ հավաքել 59 միավոր։ Չնայած դրան, հայրն անհանգիստ է, որ աղջիկը կարող է չընդունվել։ 53 միավոր է հավաքել Ավետ Գրիգորյանի դուստրը, որը քննություններ է հանձնել օտար լեզուների ինստիտուտ ընդունվելու համար։ 56 միավոր է հավաքել Տեր Հուսիկ Լազարյանի աղջիկը, սակայն չհաջողվեց ճշտել, թե նա ուր է դիմել։
ԻՄ-Ն ԻՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Կարդացեք նաև
Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստ, ուր արձանագրվել է, որ այս պահին չկա պաշտոնական շրջանառության մեջ գտնվող ընտրական օրենսգրքի որեւէ տարբերակ։ Թեպետ, ըստ մամուլում եղած հրապարակումների, «Երկրապահի» օրինագիծն արդեն պիտի հանձնված լիներ հանձնաժողովներին։ Նույն նիստում ԻՄ փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը տեղեկացրել է, որ ԻՄ-ը եւս ընտրական օրենսգրքի սեփական տարբերակն է մշակել, որը նույնպես դրվելու է պաշտոնական շրջանառության մեջ։