Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԼԻՍ ԵՆ ՄԵԶ ԱՆԴԱՄԱԳՐԵԼՈ՞Ւ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ

Օգոստոս 29,1998 00:00
exxv

Օգոստոսի 31-ին Թբիլիսի եւ Բաքու կատարելիք այցերի ավարտին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը, որն, ինչպես հայտնի է, գլխավորելու է այդ կառույցի գլխավոր քարտուղար, 55-ամյա Դանիել Տարշիսը։ Վերջինս շատ հետաքրքիր քաղաքական ճանապարհ է անցել։

Ծնվել է Ստոկհոլմում։ Մեկ տարի հայրենի քաղաքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ուսանելուց հետո, 1966 թվականին, ուսանողների փոխանակման ծրագրով տեղափոխվել է Լենինգրադ։ Բացառիկ երեւույթ այն տարիների համար, երբ Սովետական Միությունը կապիտալիստական զարգացած երկրից ուսանող էր ընդունում։ Այնուհետեւ ուսումը շարունակել է Փրինսթընի համալսարանում, ուր եւ դարձել է քաղաքականության եւ սովետոլոգիայի դոկտոր։

Դանիել Տարշիսը եղել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի պետական քարտուղարը, գլխավորել երկրի խորհրդարանի սոցիալական, իսկ այնուհետեւ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը։ 1992-ին Եվրոպայի խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղարն անցել է միջազգային գործունեության ասպարեզ՝ ընտրվելով Լիբերալ ինտերնացիոնալի փոխնախագահ։ Եվրոպայի խորհրդում Դանիել Տարշիսը գործունեություն է ծավալում 1981 թվականից, 1991 թվականին նա արդեն լիբերալ, ժողովրդավարական, ռեֆորմիստների խմբավորման նախագահն էր։ Նախընտրում է հոդվածներով հանդես գալ Dagens Nyheter թերթում։

Քաղաքական փիլիսոփայության, բյուջետային քաղաքականության, պետական կառավարման եւ համեմատական քաղաքականության հարցերի շուրջ մի շարք գրքերի եւ հոդվածների հեղինակ է։ Խոսում է շվեդերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն։ Ունի երկու դուստր։ Քանի որ Հունաստանը ներկայումս Եվրոպայի խորհրդում նախագահող երկիր է, գլխավոր քարտուղարի հետ անդրկովկասյան հանրապետություններ է ժամանում նաեւ Հունաստանի փոխարտգործնախարար Յանոս Կրանիդիոտիսը։ Նա փոխարտգործնախարար է 97-ի փետրվարից։ ՊԱՍՈԿ կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է։ Հեղինակել է բազմաթիվ գրքեր եւ հոդվածներ՝ նվիրված միջազգային հարաբերություններին, արտաքին եւ եվրոպական քաղաքականությանը։ Բացի մայրենի լեզվից, խոսում է նաեւ անգլերեն ու ֆրանսերեն։

Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ ունեցած իր ելույթում Հունաստանի ալտերնատ արտգործնախարար Ջ. Պապանդրեուն դիմելով Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի նախարարներին, մասնավորապես հայտարարել է, որ. «Հունաստանի նախագահության հիմնական նպատակն է լինելու խրախուսել չորս նոր երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Հարավսլավիայի Եվրոպայի խորհրդին անդամակցելու ընթացակարգը»։ Նրա դիմումի տեքստն ամբողջությամբ լույս է ընծայվել Athens Newstlash թերթում։

Ասենք, որ Ստրասբուրգից Հայաստան կժամանեն նաեւ Կլաուս Շումանը, որը գլխավորում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի աշխատակազմը, նախագահների կոմիտեի փոխքարտուղար պրն Ռոջեր Մասին, քաղաքական հարցերի տնօրինության խորհրդականներ Իրժի Վոգլն ու Իվան Կոեջիկովը։ Վերջինս տարածաշրջան է ժամանում անձնական նախաձեռնությամբ։ Ութ անդամից է կազմված հունական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է երկու լրագրող։ Բաքվից Երեւան ժամանող եվրոպացիները Հայաստանում կմնան 5 ժամ, այդ ընթացքում հանդիպելով արտգործնախարարի, խորհրդարանի եւ հանրապետության նախագահների հետ։ Վարչապետի հետ հանդիպում նախատեսված չէ։ Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը Երեւանից կմեկնի ոչ թե Ստրասբուրգ, այլ Հռոմ։

Ա. Զ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31