Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՎՈՏԸ

Օգոստոս 29,1998 00:00
Armen Shekoyan

Հայացք ներսուդրսից

Չէինք ասի, թե գրողի եւ լրագրողի մասնագիտություններն ու խնդիրներն այնքան սերտաճած են, որ ստիպված ենք միեւնույն քննական հայացքով դիտել դրանք։ Դրանցից առաջինը զուտ մշակույթ է, իսկ երկրորդը՝ զուտ մասնագիտություն. պարզապես երբեմն տրամադրվում ենք դրանք նույնացնել, որովհետեւ շատ հաճախ նույն մարդն այս երկու գործով էլ զուգահեռաբար զբաղվում է։

Խորհրդային տարիներին Գրողների միությունում գոյություն ուներ հրապարակախոսության սեկցիա, եւ շատ հաճախ այդ խողովակով գրողների միության շարքերն էին ընդունվում նաեւ մարդիկ, ովքեր երբեւէ «մաքուր գեղարվեստական» որեւէ գործ չէին գրել։ Եվ շատ շուտով այդ նույն մարդիկ սկսում էին նաեւ պատմվածքներ գրել, որովհետեւ մեր մեծ ու փոքր հայրենիքներում այդ ժամանակ գրողի պատիվն ու հնարավորությունները շատ ավելի մեծ էին, քան՝ ժուռնալիստինը։ Կար նաեւ ժողովրդի գործոնը. մարդիկ ավելի նախընտրում էին կարդալ գեղարվեստական գրականություն, քան՝ ակնարկ կամ հոդված։ Պատճառն այն էր, որ այն ժամանակների գրականությունը, ինչքան էլ որ տարօրինակ է, շատ ավելի էր մոտ կյանքին ու իրականությանը, քան՝ նույն այդ ժամանակների լրագրությունը։ Եվ չնայած նաեւ գոյություն ուներ Ժուռնալիստների միությունը, եւ գոյություն ունեին նաեւ «մաքուր» լրագրողներ, բայց, այդուհանդերձ, այն ժամանակների մեր լավագույն լրագրողներն ու հրապարակախոսները հենց գրողներն էին (Ս. Խանզադյան, Վ. Պետրոսյան, Ս. Կապուտիկյան, Զ. Բալայան, Մ. Ղուկասյան, Մ. Տեր-Գուլանյան եւ ուրիշներ)։

Հայաստանի անկախացումից հետո պատկերը գլխիվայր շուռ եկավ ոչ միայն այն պատճառով, որ գրականության մարդիկ (Պ. Զեյթունցյան, Զ. Բալայան, Ա. Հովհաննիսյան, Հ. Հովհաննիսյան, Ռ. Հովսեփյան, Ա. Պետրոսյան եւ ուրիշներ) ավելի ու ավելի հաճախ սկսեցին դիմել լրագրային ժանրերին, այլեւ այն պարզ պատճառով, որ յոթանասուն տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ մեր թերթերն ու լրագրողները սկսեցին մեր բուն կյանքն ու կյանքի ճշմարտացիությունն արտացոլելու որոշակի փորձեր անել։

Պերեստրոյկայով որոշակիորեն թարմ օդ ներարկվեց լրագրություն, եւ մի քանի տարի անց արդեն անկախացած Հայաստանում ձեւավորված օրաթերթերն ու շաբաթաթերթերը («Երկիր», «Իրավունք», «ՀՀ», «Առավոտ», «Մոլորակ», «Ազգ», «Հայք», «Ազատամարտ», «Լուսավորիչ» եւ այլն) մաքրեցին տեղեկատվական այն գետինը, որի լայնքով ու երկայնքով ազատորեն սկսեց «չոչ անել» լրագրողների նորագույն սերունդը (Ա. Իսրայելյան, Ռ. Խաչատրյան, Ա. Վարդանյան, Տ. Պասկեւիչյան, Վ. Իշխանյան, Վ. Դարբինյան, Վ. Մարտիրոսյան, Ա. Բարխուդարյան, Կ. Խոդիկյան, Ո. Մամիկոնյան, Ա. Զաքարյան, Ա. Մարության, Ս. Մկրտչյան, Ա. Բաղդասարյան, Մ. Հայրապետյան, Տ. Հայրապետյան, Ա. Աղաբաբյան, Հ. Ղահրիյան, Ռ. Մինասյան, Լ. Հովհաննիսյան, Վ. Հովհաննիսյան, Ա. Գեւորգյան, Ա. Ադամյան, Ն. Փաշինյան, Հ. Գալաչյան, Ա. Պեպանյան, Ա. Գալոյան, Ա. Օհանյան, Մ. Եսայան, Ն. Դիլբարյան, Հ. Չարխչյան, Հ. Երանյան, Գ. Վանյան, Ն. Զոհրաբյան, Օ. Խեչոյան, Գ. Մարտիրոսյան, Տ. Նաղդալյան, Ժ. Ալեքսանյան, Գ. Մկրտչյան Ա. Հակոբյան, Ա. Հովսեփյան եւ ուրիշներ)։

Թվարկածս լրագրողները մեր անկախության առաջին իսկ օրերից կային եւ այսօր էլ կան մեր լրագրության առաջին շարքերում (նրանցից հետո եկան ավելի նորերը՝ (Ս. Սեյրանյան, Ա. Ղազինյան, Ա. Գնունի, Ն. Ալեքսանյան, Ա. Թրվանց, Ս. Մամյան, Ա. Բաբաջանյան, Ն. Հովհաննիսյան, Հ. Բուդաղյան, Լ. Ավագյան Ա. Գրիգորյան, Մ. Արշակյան, Լ. Մարգարյան, Ծ. Նազարյան եւ ուրիշներ)։ Այս ցուցակներն այսքան երկարաշունչ դարձնելու համար մեծ ճիգ չգործադրեցի (ընդհակառակը՝ թվարկեցի բացառապես ծանոթներիս անունները), ասել կուզեմ, որ հայ լրագրողների նորագույն սերունդն ավելի քան ներկայացած ու կայացած է, եւ, որքան էլ ինձ ու ձեզ տհաճ լինի անունների թվարկման մեխանիկական աշխատանքը, էլի պիտի անուններ թվարկեմ, քանզի այսօր ջահել լրագրողների հետ կողք-կողքի համառորեն կան նաեւ համեմատաբար տարիքավորներն ու համեմատաբար փորձառուները (Հ. Մաթեւոսյան, Ա. Սահակյան, Ն. Պետրոսյան, Մ. Միքայելյան, Լ. Ճաղարյան, Գ. Բաբայան, Ա. Հարությունյան, Մ. Հարությունյան, Ռ. Հովհաննիսյան, Հ. Գրիգորյան, Լ. Անանյան, Յու. Խաչատրյան, Լ. Մարտոյան, Կ. Դավթյան եւ ուրիշներ), ովքեր այլ զբաղմունք չունենալու (իմ դեպքում) եւ այլ հարգելի պատճառներով վերստին մտել են լրագրության ասպարեզ, կամ պարզապես շարունակել են մնալ այստեղ։

Այս ցուցակները գրելիս մտաբերեցի, որ մի ժամանակ այսպիսի երկարատեւ ցուցակներ էին իրենց հոդվածներում ներառում գրաքննադատները, եւ այդ ցուցակներում յուրաքանչյուր գրող ուներ իր անշարժ ու մնայուն տեղը, եւ Հրանտ Մաթեւոսյանի անունը Վարդգես Պետրոսյանի անունից առաջ գրելը (կամ՝ հակառակը) մեծ ռիսկի հետ էր կապված։ Այսինքն՝ մի ժամանակ գրական մթնոլորտի կարեւորության զգացողությունը կար, ճիշտ այնպես, ինչպես որ հիմա՝ լրագրային մթնոլորտինը։

Մի խոսքով՝ լրագրությունը, կարելի է ասել, աննախընթաց վերելքի մեջ է, եւ լրագրողները (ներառյալ նաեւ նորանոր ալիքների հեռուստառադիոլրագրողները, որոնց չանդրադարձանք) ստեղծագործական բուռն ու հետաքրքիր կյանք են ապրում եւ իրենց ասպարեզը լքելու առանձնապես տրամադրվածություն չունեն։ Չանդրադարձանք նաեւ (մեր իմացության պակասի պատճառով) մեր ռուսալեզու լրագրողներին, որոնք, ըստ որոշ ռուսալեզու թերթերի սպառման ծավալի, նույնպես վերելքի մեջ են։ Մի առանձին հոդվածի առիթ կարող էին հանդիսանալ մեր հայալեզու այն լրագրողները (Ա. Աբրահամյան, Տ. Հակոբյան, Հ. Բաբուխանյան, Գ. Մկրտչյան, Վ. Սարգսյան), ովքեր մինչեւ Հայաստանի անկախացումը ոչ միայն լրագրությամբ չեն զբաղվել, այլեւ հայկական կրթություն չունեն։ Այդուհանդերձ, նրանք այսօր հայալեզու մամուլի առաջատարներից են, եւ հավանաբար նրանց ոչ հայկական կրթությունն ինչ-որ տեղ նաեւ դրական դեր ունի, քանզի նրանք, որպես նաեւ գլխավոր խմբագիրներ, ավելի նյութի բովանդակությունն են կարեւորում, քան՝ լեզվական կողմը։

Այս իմաստով անտեղի ու անհիմն են մեր հին լրագրողական սերնդի տրտունջներն առ այն, թե լրագրողների մեր նոր սերունդը գրագետ չէ, հայերենից կաղում է եւ այլն եւ այլն։ Այդպես մտածողներին խորհուրդ կտայինք համեմատվել այլ հատկանիշներով (համարձակություն, շիտակություն, ժամանակի զգացողություն եւ այլն), իսկ լեզվական երբեմնակի սայթաքումները, համոզված ենք, ժամանակի ընթացքում կվերանան։

Ամենակարեւորն այն է, որ ընդամենը 7-8 տարիների ընթացքում կայացած Չորրորդ իշխանությունն աճել է ինքնուրույն, գրեթե առանց օտարերկրյա վարկատուների ու գրանտատուների միջնորդության։ Վերջիններիս ուղարկած փողերը հիմնականում ուղղվել ու ուղղվում են զանազան մամլո ակումբների ու կլոր սեղանների ցուցադրական ինքնագործունեությանը։ Ու նաեւ անհրաժեշտ է շեշտել, որ մեր Չորրորդ իշխանության կայացումն ընդհանուր առմամբ ի կատար է ածվել ի հեճուկս մեր նախկին ու ներկա իշխանությունների։

Բազմանդամ ու բազմանուն ցուցակներ բերելով՝ բնավ մտադիր չէի հավասարության նշաններ դնել որեւէ երկուսի միջեւ, քանզի նշածս լրագրողներն իրարից տարբեր են թե՛ տաղանդի չափերով, թե՛ համարձակության գործոնով, թե՛ բարոյական չափանիշների ըմբռնումներով եւ թե՛ լեզվական իմացությամբ։ Բայց այն ազդեցությունը, որ ունի այսօր Չորրորդ իշխանությունը մյուս երեքի ու նաեւ հասարակության վրա, հատկապես լրագրողների նորագույն սերնդի միացյալ նվաճումն է։ Յուրաքանչյուր օրաթերթ կամ շաբաթաթերթ իր դեմքն ունի եւ յուրաքանչյուրն ունի իր ընթերցողն ու չընթերցողը։ Եվ շատ հաճախ դրանցից յուրաքանչյուրը շատ ավելի սկզբունքային է, քան՝ իր ընթերցողը։ Եվ շատ հաճախ մեր լրագրողները շատ ավելի սկզբունքային են, քան՝ մեր ամենասկզբունքային քաղաքական գործիչները։

«Առավոտի» օրինակով կարող եմ նաեւ վկայել հետեւյալը. մեր շատ ու շատ ընդդիմադիր գործիչների խոսքերով ասած՝ «Առավոտը» միակ, լավագույն, անփոխարինելի եւ այլն եւ այլն օրաթերթն է։ Բայց բան է՝ եթե հանկարծ այս ընդդիմադիրներից մեկնումեկը մի թեթեւ պաշտոնի է գնում, նույն «Առավոտն» ընդամենը մի շաբաթվա մեջ դառնում է նրա աչքի փուշը, եւ մեր նախկին ընդդիմադիրը մի քանի օրվա ընթացքում հիմնավորապես վերանայում է սույն թերթի հասցեին իր որակումները՝ ծախու, ազգադավ, պատվեր կատարող եւ այլն, առանց մի պահ կասկածելու, որ 30 հոգանոց խմբագրակազմը դժվար թե հասցրած լինի ընդամենը մի շաբաթում ծախվել։ Ու նաեւ չի կասկածում, որ հենց ի՛նքն է ծախվել (իր կամքին հակառակ, իհարկե) ու մի շաբաթվա մեջ փոխվել. չէ՞ որ մեկին առնելն անհամեմատ հեշտ է (ինչքան էլ այդ մեկն անկաշառ ու աներեր լինի), քան՝ 30-ին։

Ամենակարեւորն այն է, որ ընդամենը 7-8 տարիների ընթացքում կայացած Չորրորդ իշխանությունն աճել է ինքնուրույն, գրեթե առանց օտարերկրյա վարկատուների ու գրանտատուների միջնորդության։ Վերջիններիս ուղարկած փողերը հիմնականում ուղղվել ու ուղղվում են զանազան մամլո ակումբների ու կլոր սեղանների ցուցադրական ինքնագործունեությանը։ Ու նաեւ անհրաժեշտ է շեշտել, որ մեր Չորրորդ իշխանության կայացումն ընդհանուր առմամբ ի կատար է ածվել ի հեճուկս մեր նախկին ու ներկա իշխանությունների։ Բայց ես իմ խոստումնալից նախաբանում նոր սերնդի գրողների ու լրագրողների համեմատություն խոստացա։ Այս թեման անհամեմատ կարճ կկապեմ, որովհետեւ գրողների նոր սերունդ, որպես այդպիսին, դեռեւս չի եկել։ Իսկ այն եկածը (Ա. Վարդանյան, Վ. Մարտիրոսյան, Վ. Աթաբեկյան, Ա. Խաչատրյան, Վ. Գրիգորյան, Խ. Մանուկյան, Ա. Դավթյան, Մ. Պետրոսյան, Ա. Համբարձումյան, Լ. Խեչոյան, Գ. Խանջյան եւ ուրիշներ), որ այսօր կա եւ հորջորջվում է գրական նոր սերունդ, խորհրդային տարիների վերջերին իր հաջող նորամուտով (առնվազն թվարկածս մասով) արդեն իսկ եկած ու կայացած էր։ Իսկ գրական այն ամենանորը, որին պիտի հեղեղով բերեր քաղաքական ու սոցիալական արդի հորձանքը, այդպես էլ ի հայտ չեկավ։ Եվ եթե ինչ-որ չափով ի հայտ եկավ էլ, ապա՝ վերստին լրագրողների (Ռ. Խաչատրյան, Տ. Պասկեւիչյան, Ս. Մկրտչյան, Վ. Իշխանյան, Ա. Ղազինյան, Հ. Երանյան) ջանքերով։

Այսուամենայնիվ, չարժե սրանից ավելի խորացնել գրող-լրագրող սահմանազատումը, քանզի, ի վերջո, երկուսի աշխատանքային գործիքներն էլ թուղթն ու գրիչն են, երկուսի ուսումնասիրության առարկաներն էլ կյանքն ու մարդն են, եւ երկուսի կյանքն էլ առջեւում է։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31