Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԺԱՄԻՑ Ո՞Վ Է ԳԱԼԻՍ, ՏԵՐ ՈՂՈՐՄԻՆ ՈՎ Է ՏԱԼԻՍ…

Օգոստոս 29,1998 00:00
namak

Մեծարգո խմբագիր, օգոստոսի 22-ի «Առավոտում» զետեղված «Բա՜ էսպես բաներ, պարոն Խոսրով Ե» հրապարակմանն ի պատասխան հայտնում ենք հետեւյալը.

Նախկին ԽՍՀՄ նախկին ժուռնալիստների միության նախկին անդամ, ներկա՝ պարապ-սարապ անհատական թոշակառու Սուրեն Անտոնյանը, ինչպես ստորագրել է հրապարակման ներքո, իր «իրապատում» հեքիաթում անհարկի մաղձ ու լուտանք է թափել ոչ միայն ՀՀ ԱԺ նախագահի, այլ նաեւ ՀՀ ԱԺ-ի եւ առհասարակ պետական մյուս կառույցների հասցեին։

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի մասին մամուլի եւ հատկապես «Առավոտի» հրապարակումները դարձնելով սկզբնաղբյուր, վաստակաշատ հեղինակը շրջել է իրերն ու երեւույթները՝ ձգտելով ամեն կերպ նսեմացնել պետական նշանավոր այրին եւ բարձրացնել իր գրչի արժեքը։ Ասենք, թե ինչ տվեց մարզի բնակչությանը Խոսրով Հարությունյանի այցը։ Այն էլ՝ շոշափելի թվերով։

ՀՀ ԱԺ նախագահը Կարճաղբյուրի համայնքին ՀՀ ԱԺ նախագահի հատուկ ֆոնդից հատկացրեց շուրջ երկու միլիոն դրամ՝ խմելու ջրատարի հետագա կառուցումը շարունակելու եւ ավարտին հասցնելու նպատակով։ Եվ ամենակարեւորը՝ հենց Խոսրով Հարությունյանի այցը խթանեց մարզի համայնքների համար կենսականորեն անհրաժեշտ մի հարցի լուծմանը. 94 միլիոն 900000 դրամ հատկացվեց 1997 թ. հունիս-հուլիս ամիսներին մարզի համայնքներին պատճառված աղետի հետեւանքները վերացնելու նպատակով։ Սա քի՞չ է… եթե քիչ է, մի քիչ էլ թող հրապարակման հեղինակը տա։ Զարմանալի հոգեբանություն է, շա՜տ զարմանալի։ Պետական այրը ժողովրդի հոգսերով չապրի՝ կասեն, թե անտարբեր է, կհայհոյեն, կատեն, կհամարեն ժողովրդի թշնամի։ Չմոռանանք, որ նախկին իշխանությունները հազվադեպ էին գնում ժողովրդի մեջ։

Հիմա ի՞նչ, ժողովրդի հետ անմիջականորեն շփվող պետական այրին ինչի՞ համար ենք քարկոծում։ Իհարկե, շատ հաճելի է ընթերցողների բանակ շահելը, սուր-սուր մտքեր ու խոսքեր տպագրելը, բայց պետական բարձրագույն ատյանն ու նրա նախագահին անհարկի մեղադրելու-մրելու հաշվի՞ն…

Ի դեպ, «Առավոտի» թղթակիցն էլ այդ նույն շրջայցի մասնակիցն էր, ինչո՞ւ նրա մտքով չանցավ նման «հեքիաթ» հորինել։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին

Այս թղթակցությունն ստանալուց առաջ ծավալուն մի նամակ էր ներկայացվել խմբագրություն, որի հեղինակներ Յու. Սաղաթելյանն ու Ս. Խաչատրյանը Կարճաղբյուր գյուղի բնակիչների շահերին հետամուտ՝ կապված գյուղի ջրագծի կառուցման խնդրին, դարձյալ պաշտպանում էին Խոսրով Հարությունյանին: Մեկ այլ՝ ոչ ծավալուն նամակ էլ, նույն բովանդակությամբ, ստացանք Չարենցավանի 49 բնակիչների ստորագրությամբ: Հնարավորություն չունենալով հրապարակել ԱԺ մեծարգո նախագահի հանդեպ նուրբ զգացումներ տածող բոլոր ընթերցողների ազնիվ պոռթկումները՝ պարզապես առաջարկում ենք ստեղծել ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի պաշտպանության ֆոնդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31