Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Հերոյանի կրունկի տա՞կ

Օգոստոս 29,1998 00:00
armavir

Երեկ Արմավիրի ժողդատարանում նախագահությամբ Լեւոն Տիգրանյանի, լսվում էր Արմավիրի մարզպետարանի նախկին քարտուղար ԱԺ պատգամավոր Դավիթ Մելիքյանի հայցն ընդդեմ Արմավիրի մարզպետարանի՝ իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար։ Հունիսի վերջին մարզպետ նշանակված Ալբերտ Հերոյանին համբույրով ընդունած Դավիթ Մելիքյանը շատ շուտով զգում է, որ մարզպետ Հերոյանը դժգոհ է իրենից, քանի որ կային լուրջ պատճառներ. Դավիթ Մելիքյանը դեմ էր քվեարկել կոնյակի գործարանի վաճառքին, կողմ չէր «Երկրապահ» խմբակցության կողմից ներկայացված ընտրական օրենսգրքին…

Իր նշանակումից երկու շաբաթ անց սրատես մարզպետի աչքը չի վրիպում, որ մարզպետարանի չորս վարչության պետեր ունեն քարտուղարուհիներ, որոնք ներգրավված չեն հաստիքացուցակում։ Եվ չգիտես ինչու, որոշում է պատժել քարտուղարին՝ նրան առաջարկելով աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Քաղաքաշինության եւ գյուղատնտեսության վարչության պետերը ստանում են նկատողություն։ Կրթության վարչության պետ Ռաֆիկ Սահակյանը եւ առողջապահության վարչության պետ Լարիսա Մուրադյանը ստանում են բանավոր զգուշացում։ Եթե առաջինի դեպքում դա հասկանալի է, քանի որ մարզպետի կողմից ստուգում անցկացնելու ժամանակ նա մի քանի օրվա աշխատող էր, ապա Լարիսա Մուրադյանը ներկայանում է որպես ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի ազգականուհի, որի ներկայությամբ պրն Հերոյանը սիրում է կրկնել. «Իմ համար բարոյականության երկու չափանիշներ կան՝ Վազգեն եւ Սերժ Սարգսյանները»։

Դավիթ Մելիքյանի ինքնակամ հեռանալ հրաժարվելուց հետո, պրն Հերոյանը հուլիսի 8-ի իր հրամանով ազատում է նրան։ Պրն Մելիքյանն էլ դիմում է ժողդատարան՝ պաշտոնում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի համար վարձատրվելու հայցադիմումով։ Դատական նիստը սկսվեց նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանի դիմումի ընթերցմամբ, որտեղ նա ասում է, որ առանց հաստիքների աշխատակիցներ՝ քարտուղարուհիներ պահելը կատարվել է տվյալ բաժնի վարիչների խնդրանքին ընդառաջելու հետեւանքով։ Իսկ Դավիթ Մելիքյանը ի պաշտոնե այդ խնդրին չի առնչվել եւ դրա համար պատասխանատու չէ։

Նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանի կողմից եւս՝ 97-ին արգելվել է նման քարտուղարուհիների ծառայություններից օգտվելը, սակայն այդ բաժնի վարիչների համառ պահանջները, թե առանց նրանց օգնության հնարավոր չէ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, մարզպետն ի վերջո ընդունել է։ Ըստ Դավիթ Մելիքյանի եւ նրա շահերի պաշտպան Արայիկ Ղազարյանի, առկա է ՀՀ նախագահի հրամանագիր, որով կարգավորվում են մարզպետարանի քարտուղարի իրավասություններն ու պարտականությունները։ Իսկ այնտեղ բացարձակապես ոչինչ չկա այն մասին, որ քարտուղարը պետք է զբաղվի կադրային քաղաքականությամբ։ Չնայած հրամանագրի այդ հոդվածը (8-1 մաս) ընթերցվեց մի քանի անգամ, սակայն դատախազի պաշտոնակատար Կարլեն Հովհաննիսյանը եւ մարզպետարանի ներկայացուցիչ Վրեժ Ղարիբյանն անընդհատ կառչում էին Արմավիրի մարզպետարանի կանոնադրության 18-1 հոդվածից եւ կառավարության համապատասխան որոշումից, ըստ որոնց, քարտուղարը կարող է առաջարկություններ ներկայացնել ինչ-որ մարդկանց աշխատանքի ընդունելու կամ ազատելու վերաբերյալ։ Նրանք եւ դատավոր Լեւոն Տիգրանյանը համառորեն չէին ցանկանում պատասխանել պաշտպան Ղազարյանի այն հարցադրմանը, թե. «Մի՞թե ձեզ հայտնի չէ, որ նախագահի հրամանագիրն ավելի մեծ իրավաբանական ուժ եւ առաջնահերթություն ունի, քան մարզպետարանի կանոնադրությունը կամ կառավարության որոշումը»։

Անպատասխան էին մնում նաեւ պրն Մելիքյանի «Արեք թացը չորից ջոկեք, եւ փորձեք հասկանալ, որ եթե ես նույնիսկ զբաղվեի կադրերով, ապա այդ քարտուղարուհիները մարզպետարանի հաստիքացուցակում չեն եղել»։ Պաշտպան Ղազարյանի այն հարցին, թե ինչպես եք գնահատում Մելիքյանին, մարզպետարանի ներկայացուցիչ Վրեժ Ղարիբյանը սկզբում ասաց. «Շատ լավ»,- սակայն մտածելով իր ասածի հնարավոր հետեւանքների մասին, ճշտեց.- «Ո՛չ, շատ վատ»։ Չնայած ամեն ինչ առավել քան պարզ էր եւ հստակ, սակայն դատավոր Տիգրանյանի լարված դեմքից եւ դատախազ Հովհաննիսյանի ագրեսիվ պահվածքից զգացվում էր, որ նրանց վրա խոր ազդեցություն է թողել Ալբերտ Հերոյանի դատարան ուղարկած պարզաբանում-փաստաթուղթը, որը վերաջանում էր «հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման» եզրակացություն-հրամանով։ Ժամանակ շահելու նպատակով դատարանը որոշեց լսել նաեւ մարզպետարանի մի քանի աշխատակիցների, նրանց ցուցմունքներում ցանկալի հակասություններ գտնելու հույսով։

Ի դեպ, մարզպետ Հերոյանը հետագայում եւս թույլ է տվել անհաստիք գործավարուհի պահել (իհարկե, Սերժ Սարգսյանի ազգականուհի՝ Լարիսա Մուրադյանին)։ Այդ փաստը անգիտակցաբար հաստատեց նաեւ մարզպետարանի իրավաբանական բաժնի վարիչ Վրեժ Ղարիբյանը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31