Եկեղեցու խաբված ավանդատուներ – 4
Այսպես պետք է կոչվեր այս հրապարակումը, եթե պահպանվեր ժառանգականությունը։ Սակայն Աստվածաշնչյան «Ավետարան ըստ Մատթեոսի» 5-րդ գլխի 40 կետում այնպիսի ընդհանրություններ հայտնաբերվեցին Էջմիածնի ժողդատարանում ընթացող՝ Անահիտ Ֆերջուլյան- Մայր Աթոռ սուրբ Էջմիածին գործի հետ, որ չդիմացա գայթակղությանը եւ որոշեցի նյութը վերնագրել հենց այդպես։
Երեկ Էջմիածնի ժողդատարանում շարունակվեց արդեն հայտնի գործի քննությունը։ Ինչպես եւ նախօրոք հայտնել էինք, գործի առնչությամբ վկայություն տալու համար հրավիրված էր Արտակ աբեղա Տիգրանյանը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի քարտուղարը։ Պատասխանող կողմի (Ս. Էջմիածին) փաստաբան Հայկ Խաչատրյանի խոսքն այս անգամ էլ ինքն իրեն հարազատ էր եւ դժվարամարս։ Մեկ ասվեց, թե Արտակ աբեղան շուտով կգա, մեկ էլ՝ երեւի չգա, հետո էլ՝ եթե պետք լինի 20 րոպեից կգա եւ այլն։
Այսպես անորոշության մեջ էլ կխարխափեին ներկաները, եթե պարոն Հ. Խաչատրյանը մի քանի հետաքրքիր հայտարարություններ չաներ։ Մասնավորապես հետեւյալը՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը չի հերքել, որ ինքը հանդիպել է հայցվորի ամուսնուն՝ Ժորա Սարգսյանին, եւ պարտքի վերադարձման շուրջ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Բայց այնուամենայնիվ սրբազանը հերքել է, թե այս զրույցից հետո ինքը եւ Ժ. Սարգսյանը մտել են կաթողիկոսի մոտ։ Առաջիկայում սպասվում է, որ Ներսես սրբազանը իր գրավոր բացատրությունները կներկայացնի այս հարցի կապակցությամբ։
Կարդացեք նաև
Հայցվորի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդությամբ հանդես գալով, առաջարկեց զննել Մայր աթոռի պահեստները եւ տեղում համոզվել՝ Ֆերջուլյանների պահ տրված հարստությունն այնտեղ է, թե ոչ։ Արդեն դատական նիստից հետո կողմերը պայմանավորվում էին գնալ եկեղեցի եւ ամեն ինչ տեղում պարզել։ Սակայն խոսքը ոչ թե պահեստները, այլ դրանց կատալոգները նայելու մասին է։ Ինչն էլ մերժվեց եկեղեցու չգիտեմ որ իրավասուի կողմից։ Համենայնդեպս, պատասխանող կողմի փաստաբանը այդ իրավասուի անունը չուզեց տալ։ Ասվեց միայն, որ այդ օրը կատալոգները հնարավոր չէ զննել, իսկ թե երբ կարելի կլինի, կիմացվի ավելի ուշ։ Թեպետ նախնական զրույցի ժամանակ ասվել էր, որ կատալոգները նայելու խնդիր չի լինի։
Հետո էլ պարզվեց, թե կատալոգները գտնվում են Վեհափառի մոտ եւ նրա հետ պետք է համաձայնեցնել։ Իսկ մեր այն հարցին, թե ինչու մամուլի ներկայացուցիչները չեն կարող մասնակցել այդ արարողությանը, պատասխանվեց. «դա կապված է ռեժիմի հետ»։ Ասեմ, որ կատալոգները նայելը հայցվորի փաստաբանն առանձնապես չի կարեւորում եւ մեծ սպասելիքներ չունի. «Հիմա ես զգացի, որ այդ հարցը (կատալոգները նայելու հարցի մասին է -Մ. Ե.) ինչ-որ ձեւով խոչընդոտվեց, բայց եւ կարծում եմ եկեղեցին դատարանի որոշումը կկատարի։
Այնուամենայնիվ, եթե բավարարված չլինեմ կատալոգների բովանդակությամբ (գտնում եմ, որ նրանք ոչ լրիվ ծավալով են արտացոլում պահեստներում եղած իրերը), պնդելու եմ իմ միջնորդությունը, որ զննություն կատարվի պահեստներում, որովհետեւ գործով եղած տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ շատ հնարավոր է պահեստներում նման գույք կա, մասնավորապես, գործով վկա Ժորա Սարգսյանի պնդումը, որ նա հաստատապես ասաց. «Համենայնդեպս, մինչեւ անցյալ տարվա հոկտեմբեր ամիսը գույքը եղել է պահեստներում», եւ երկրորդ՝ եթե հիշում եք, դատական նիստի առաջին օրը բացատրություններ տվեց պատասխանողի ներկայացուցիչը, եւ ես հարց տվեցի՝ գանձարաններում կա՞ն օսմանյան լիրաներ, կարմիր քարով մատանիներ, ժամացույցներ, նա ասաց՝ հնարավոր է լինի, հնարավոր է չլինի։Այս պատասխանը եւս չի բացառում, որ այդ գույքը հնարավոր է կա պահեստներում»։ Վերադառնալով սկզբին՝ վերջապես ասեմ, թե ի՞նչ է գրված Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխի 40 կետում. «Եթե մեկը ուզե քեզի հետ դատ վարել եւ քո շապիկդ առնել, թող տուր անոր քո վերարկուդ ալ»։
Ավետարաններն էլ կարելի է երկդիմի ընկալել։ Իսկ «Առավոտի» հրապարակումները, որքան հասցրինք նկատել այս նիստերի ընթացքում, առավել են կարեւորվում եկեղեցու մշակների կողմից, քան դատն ու դատարանը։ Դե ինչ, հրապարակայնությունը որքան հաճելի, նույնքան էլ գլխացավանք։ է։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ