Լրահոս
Օրվա լրահոսը

Ահեղ դատաստանը կորոշի

Օգոստոս 28,1998 00:00
Grigor Lusavorich

Ըստ «Առավոտին» հասած լուրերի՝ չի բացառվում, որ դադարեցվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու շինարարությունը։ Այդ կապակցությամբ իրենց կարծիքներն են հայտնել «Երեւաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ինժեներ Ալբերտ Շաքարյանը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը։

Քանի որ նրանց կարծիքներն ահավոր իրարամերժ են, կարծիքների միջեւ ընդհանուր եզրեր գտնելու ակնկալիքով այցելեցի եկեղեցու շինհրապարակ։ Աշխատանքը, այսպես ասած, եռում էր։ Կռունկները գործում էին, եւ աշխատանքի դադարեցման շորշոփներ հնարավոր չէր նկատել։ Երբ շինվարչության պետ Եղիկյանից փորձեցի ճշտել մեր ունեցած լուրի իսկությունը՝ տեղնուտեղը հերքեց։

Իմ հաջորդ հարցին, թե քանի մարդ է աշխատում շինարարության վրա, չպատասխանեց, քանի որ որեւէ տրամաբանություն չգտավ հարցերիս հաջորդականության մեջ։ «Երբ կճշտեք, ձեր իմացած լուրը ճիշտ է, թե չէ, նոր կգա՜ք, սիրո՜ւն կնստենք, կխոսենք»։ Գլխավոր ճարտարապետն աշխատում է շրջանցել շինարարությունը Քանի որ մեր նախորդ հրապարակման մեջ Երեւանի գլխավոր ճարտարապետ, եկեղեցու` չընդունված մյուս նախագծի հեղինակ Համլետ Խաչատրյանը բավական վհատեցնող գուշակություններ էր արել եւ եկեղեցու շինարարությունը համարել դատապարտված (անհաջողության), նրա կարծիքն էլ՝ մանրամասներով, փորձեցինք ճշտել։ Պրն Խաչատրյանը խորհուրդ տվեց գտնել եւ ընթերցել 1 տարվա վաղեմության «Ազգ» թերթը, ուր ինքը մանրամասն շարադրել է իր վերաբերմունքը եւ դիտողությունները։ «Ես այլեւս չեմ ուզում այդ խնդրով զբաղվել։ … Մինչեւ 2001 թվականն այդ եկեղեցին կառուցել չեն հասցնի, անգամ եթե վերեւից չգիտեմ ով էլ իջնի։ Ես ոչ թե անիծում եմ, ո՜չ, հիմա ամենաշատը ես եմ ցանկանում, որ եկեղեցին կառուցվի։ Որ չասեն, թե…»։

Իմ այն հարցին, որ եթե շինարարությունը դատապարտված է տապալման (ուղղակի իմաստով), գուցե լավ է վնասի կեսից հետ դառնալ, մանավանդ որ հիմա նրա ձեռքին լծակներ կան, պրն Խաչատրյանը պատասխանեց. «Ժամանակին ասուլիս արեցինք, բոլոր թերթերն արձագանքեցին, բայց ոչ մեկը հետամուտ չեղավ հարցը մինչեւ վերջ տանելուն։ Հրանտ Մաթեւոսյանը, նաեւ՝ մասնագետները պաշտպանել են իմ նախագիծը։ Հիմա որ արդեն շինարարությունը սկսվել է, թող ավարտեն։ Ինչ վերաբերում է իմ լծակներին, այո՛, ունեմ լծակներ, սակայն չեմ չարաշահի իմ պաշտոնական դիրքը եւ դրանցից չեմ օգտվի։ Սա Աստծո գործ է, Աստված էլ կորոշի»։

Շինարարությունը կանխելը գլխավոր ճարտարապետը անիմաստ համարեց։ Իսկ շինարարության տեմպերին ծանոթ չէ, քանի որ այդ տարածքով աշխատում է չանցնել։ Կարող է հասցնեն, կարող է չհասցնեն «Երեւաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ինժեներ Ալբերտ Շաքարյանը չհիմնավորված համարեց եկեղեցու ոչ սեյսմակայունության վարկածը։ «Մասնագետը իրավունք չունի ինժեներական տեսակետից սխալ, չհաշվարկված նախագիծ ներկայացնելու»։ Հակառակ դեպքում, այդպիսի նախագիծը կմերժվեր։ Նա չժխտեց, որ ծավալատարածային եւ ճարտարապետական լուծումների առումով մասնագետների ճաշակները կարող են չհամընկնել. «Մեկի համար նույն աղջիկը կարող է սիրուն լինել, մյուսի համար տգեղ։ Հիմա՝ սա է»,- պատկերավորեց իր խոսքը պրն Շաքարյանը։

Այն, որ մինչեւ 2001 թվականը եկեղեցին կարող է եւ չկառուցվել, չհաստատեց, բայց եւ չժխտեց։ … Եվ փրկեա զմեզ ի չարեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու շուրջ շատ աշխարհիկ զրույցներ են պտտվում (որ գործող նախագիծը անց է կացվել՝ օգտվելով Վազգեն Առաջին Վեհափառի հիվանդությունից, որ այստեղ շատ մեծ փողեր են պտտեցնում եւ այլն) եւ կրքերն էլ, բնականաբար, միշտ բորբոքված են (շահն ու փողը խորթ չեն անգամ եկեղեցու սպասավորներին)։ Այնպես որ, եկեղեցու կառուցման ժամկետը եւ սեյսմակայունությունը կորոշի Աստված ինքը՝ թերեւս հաշվի առնելով շահագրգիռ կողմերի ազնվությունն ու աստվածավախությունը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31