Ընթացիկ տարվա գարնանային նստաշրջանի ավարտին Ազգային ժողովի խմբերն ու խմբակցությունները մեկական ներկայացուցիչներ տալով, կազմավորեցին հետաքրքիր անվանում ունեցող մի հանձնաժողով։ Այն պետք է ուսումնասիրի օտարերկրյա պետություններից եւ կազմակերպություններից ստացված վարկերի ու փոփոխությունների օգտագործման արդյունավետությունը։ Հանձնաժողովի քարտուղար Վահագն Խաչատրյանը հայտնեց, որ իրենք պարբերաբար նիստեր են գումարում՝ երեքշաբթի օրերին։
Վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահն էլ «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամ Պետրոս Մակեյանն է։ Այն, որ հանձնաժողովի աշխատանքի ամբողջ ընթացքում սա զանգվածային լրատվության հետ առաջին պաշտոնական շփումն է, Վահագն Խաչատրյանը բացատրում է հանձնաժողովի անդամների միջեւ պայմանավորվածությամբ. «Մինչեւ հանձնաժողովում որոշում չկայացվի, մենք սահմանափակ իրավունքներ ունենք ինֆորմացիա տալու առումով։ Չենք ուզում այնպիսի իրավիճակ լինի, երբ մի պատգամավոր իր ուսումնասիրության վերաբերյալ մի կարծիք է հայտնում, իսկ հանձնաժողովը՝ մեկ այլ»։ Իսկ փոքրիշատե ամբողջական տեղեկատվություն մամուլին կհաղորդվի առաջիկա 10 օրվա ընթացքում. հանձնաժողովը տեղեկանք կպատրաստի, ուր մասնակիորեն հաշվետվություն կլինի անցած 2 ամիսներին կատարված եւ հաջորդելիք մեկ ամսվա ընթացքում նախատեսված աշխատանքի ծավալների մասին։
Հանձնաժողովին իրավասություն է տրված անդրադառնալ 1993 թվականից այս կողմ Հայաստանի ստացած բոլոր վարկերին։ Իսկ այստեղ գոյություն ունի պատկառելի մի ցուցակ, որն ընդգրկում է ձեռնարկությունների զարգացման, ոռոգման համակարգի, ավտոճանապարհների վերանորոգման, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրի, մեծածախ շուկայի կառուցման վարկերը։ Կառուցվածքային վարկեր էլ կան, որոնք հատկացվել են բարեփոխումների եւ տեխնիկական աջակցության համար։ Կա ապրանքային վարկ։ Այն տրամադրվել է հացահատիկ ձեռք բերելու նպատակով։ Հանձնաժողովը կանդրադառնա նաեւ Ռուսաստանի եւ Թուրքմենստանի հետ պարտքի վերաձեւակերպման խնդրին։
Մի խոսքով, Վահագն Խաչատրյանի ձեւակերպմամբ՝ «Այն ամենը, ինչը մեր պետությունը ձեւակերպել է իբրեւ արտաքին պարտք, շուրջ 829 մլն դոլար, զբաղվելու ենք դրա ուսումնասիրությամբ»։ Վարկերի օգտագործման արդյունավետության մասին մեր հարցադրումը նախ արժանացավ չեզոք պատասխանի. «Մեր հիմնական նպատակը խախտումներ հայտնաբերելը չէ։ Դա մեր առաջնային խնդիրը չէ։ Ձգտելու ենք պարզել, արդյոք վարկերը ծառայեցվե՞լ են այն նպատակներին, ինչի համար վերցվել են»։ Ի դեպ, կան վարկեր, որոնց օգտագործման մեջ Վերահսկիչ պալատը բացթողումներ է արձանագրել։ Դրանք են. «կառուցվածքային բարեփոխումների վարկը, խոսակցություններ կան՝ կապված «Արմավենի» ընկերության խորհրդատվական գործունեությանը հետ, խնդիրներ են ծագել նաեւ մեծածախ շուկայի վարկերի օգտագործման հարցում։
Կարդացեք նաև
Ի դեպ, ասեմ, որ Վերահսկիչ պալատը կոնկրետ մեծածախ շուկայի վարկի գործը վերջին նիստում ուղարկեց դատախազություն»։ Հանձնաժողովը խորամուխ է լինում Վերահսկիչ պալատի եզրակացություններին հետեւած գործընթացների մեջ, Վահագն Խաչատրյանի խոսքերով, պարզելու համար. «Ինչ է եղել հետագայում՝ կառավարությունը, դատախազությունը կամ իրավապահ մարմինները համապատասխան վերաբերմունք ցուցաբերե՞լ են, թե՞ ոչ»։ Մեր հաջորդ հարցը Վահագն Խաչատրյանին այս էր՝ ճի՞շտ է, որ մայրուղիների վարկից «Ջիպ» է գնվել վարչապետ Արմեն Դարբինյանի համար։ Հանձնաժողովի քարտուղարն ասաց, թե ըստ տրանսպորտի նախարարությունից, իսկ ավելի կոնկրետ՝ մայրուղիների ծրագրերի իրականացման վարչությունից ստացված փաստաթղթի. «Իսկապես գնվել է բարձր անցողականության 9 մեքենա։ Գումարը եղել է 255.400 դոլար։ Ի՞նչ նպատակով են օգտագործվում այդ մեքենաները եւ ո՞ւմ են տրամադրված, մենք դեռեւս տեղեկատվությանը չենք տիրապետում»։
Վերջում մեր խոսակցությանը միացավ նաեւ հանձնաժողովի նախագահ Պետրոս Մակեյանը։ Նա ասաց. «Հանձնաժողովն ավելի մեծ խնդիր ունի, քան տեղերում չափել, թե որքան ցեմենտ են «կերել», ինչից ինչքան է պակասել, որքան հավելումներ են կատարել»։ Հետեւությունն այն է, որ ՀՀ վարկերի օգտագործման մեխանիզմը մեր երկրի պես պետությունում սխալ է։ Վարկ ստացողը, ֆինանսներն ընդունողը, օգտագործողը, վերահսկողը կառավարության նույն օղակն է։ Այդ պայմաններում խոսք չի կարող լինել վարկերի արդյունավետ օգտագործման մասին»։ Վերջնարդյունքում, Պետրոս Մակեյանի խոսքերով, օրենսդրական նախաձեռնությամբ նախագիծ կներկայացվի ԱԺ։ Դա խիստ անհրաժեշտ է, որովհետեւ «այն, ինչ ուսումնասիրել ենք, կարող եմ միանշանակ ասել՝ օգտագործել են խիստ անարդյունավետ ու աննպատակ։ Սա մեր նախնական գնահատականն է»։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ