Մեծարգո պարոն քաղաքապետ, օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դուք բավական կոպիտ արտահայտվեցիք ծխախոտի գովազդի եւ հատկապես «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության գովազդի մասին։ Ձեր արած հայտարարությունը գնահատվեց որպես սենսացիա եւ ցավոք բացասական ազդեցություն ունեցավ մեր ձեռնարկության համար։
Վերջին օրերին մեզ անընդհատ զանգահարում են եւ փորձում պարզել, թե ինչով է պայմանավորված Երեւանի քաղաքային իշխանությունների բացասական վերաբերմունքը մեր ձեռնարկության հանդեպ։ Ես որպես կանադական կողմի ներկայացուցիչ եւ «Գրանդ տոբակոյի» գլխավոր մենեջեր կապվել եմ կանադական ներդրողների հետ եւ խնդրել դադարեցնել ֆինանսական միջոցների առաքումը Հայաստան՝ մինչեւ իրավիճակի պարզվելը։
Պարոն քաղաքապետ, ինձ համար անհասկանալի է թե ինչու Դուք չեք նկատում, որ Երեւանը պարզապես ողողված է արտասահմանյան ծխախոտների գովազդային վահանակներով։ «Էրեբունի», «Գառնի», «Ախթամար» անուններով ծխախոտների մեր ընդամենը վեց գովազդային վահանակները Դուք իսկապե՞ս ավելի վտանգավոր եք համարում, քան բազմաթիվ այն արտասահմանյան ծխախոտների մեծածավալ վահանակները, որոնք բոլորին կոչ են անում «հայտնագործել Ամերիկայի ոգին» կամ կանչում են «բուրմունքի երկիր»։
Պարոն քաղաքապետ, ես ցանկանում եմ Ձեզ համառոտ ներկայացնել «Գրանդ Տոբակոյի» դերը Հայաստանի տնտեսական կյանքում։ նախ՝ մենք պայմանագրեր ենք կնքել 2 հազար ֆերմերների հետ։ Էջմիածնում, Աշտարակում, Արարատում, Տավուշում եւ այլ շրջաններում նրանց տրամադրելով եւ ֆինանսական միջոցներ, եւ սերմացու՝ փորձում ենք վերականգնել ծխախոտի մշակումը։ Ֆերմերների հետ կնքած պայմանագրերի համաձայն մենք նրանց արդեն վճարել ենք 270 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամ։ Տնտեսավարման ակտիվ մեթոդներով մեզ հաջողվում է անընդհատ ավելացնել «Գրանդ Տոբակոյի» արտադրության ծավալները։ Ձեռնարկությունում աշխատում է 350 մարդ։ 200 մարդ առաքում են մեր արտադրանքը հանրապետության տարածքով մեկ։ Մենք փորձում ենք նաեւ մեր պատրաստի արտադրանքը արտահանել այլ երկրներ։ Այս ամիս արդեն 5 մլն հատիկ ծխախոտ ենք արտահանել Ռուսաստան։ Այս գործարքը մեր կողմից գնահատվեց որպես լուրջ հաջողություն։
Կարդացեք նաև
շՌուսաստանը ծխախոտային արտադրանքի ներմուծման ոլորտում բավական խիստ եւ նույնիսկ կոշտ քաղաքականություն է վարում։ Բազմաթիվ ծխախոտատեսակներ, որոնք ազատորեն ներմուծվում են անգամ Հայաստան, Ռուսաստան մուտք չունեն։ Այդ երկրի ղեկավարությունը առողջապահական տեսանկյունից արգելում է վատորակ ծխախոտի ներմուծումը։ «Գրանդ Տոբակոյի» արտադրանքը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։ Մենք մեր արտադրանքը սերտիֆիկացրել ենք շվեյցարական եւ բելգիական հայտնի լաբորատորիաներում։ Մենք հպարտանում ենք նաեւ նրանով, որ արդեն դարձել ենք Հայաստանի Հանրապետության թիվ մեկ հարկատուն, որպես արտադրական ձեռնարկություն։ Մեր բիզնես պլանը հիմք է տալիս հաշվարկելու, որ հանրապետության բյուջե մենք տարեկան կմուծենք մոտ 3 մլն ամերիկյան դոլարին համարժեք դրամ։
Ասեմ նաեւ, որ հուլիս ամսին բյուջե ենք մուծել մոտ 280 հազար դոլարին համարժեք դրամ։ Պարոն քաղաքապետ , մեր համար անհասկանալի է, թե ինչու եք Դուք այդքան մեծ ուշադրություն դարձնում գովազդի վրա, եւ բոլորովին ուշադրություն չի դարձվում Հայաստանում վաճառվող արտասահմանյան ծխախոտի որակի վրա։ Խոսքը մասնավորապես «Freedom», «Brilliant», «American Dream», «Business Class», «Royal Club» ծխախոտների մասին է։ Ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, որ վաճառքում առկա էժանագին ծխախոտների մեծ մասը անհայտ ծագում ունեն։ Դրանք Հայաստան հիմնականում ներմուծվում են արաբ միջնորդների կողմից։ Չնայած որ դրանց տուփերի վրա կան տնտեսական իմաստով հզոր երկրների անուններ, ծխախոտի համաշխարհային շուկայում հայտնի մեծ կորպորացիաների անուններ, դրանք իրականում հենց նույն տուփերի վրա ունեն բուլղարական շտրիխ կոդեր։
«Գրանդ Տոբակոն» մեկ տարեկան ձեռնարկություն է, եւ մեզ համար գովազդը բացառիկ նշանակություն ունի։ Միայն ակտիվ գովազդային քաղաքականության շնորհիվ մենք կարող ենք մեր արտադրանքն իրացնել հանրապետությունում եւ կազմակերպել արտահանում։ Մենք արդեն սկսել ենք նաեւ Հայաստանում արտադրված ծխախոտի կտրտված տերեւների արտահանումը։ Դա մեզ հնարավորություն կտա ընդլայնել ծխախոտի մշակման պլանտացիաները հանրապետությունում։ Տնտեսական այս ցուցանիշների ապահովումը, այսքան աշխատատեղեր ստեղծելը հնարավոր է նաեւ ակտիվ գովազդային քաղաքականության շնորհիվ։ Գովազդը տնտեսավարման ոլորտում անհրաժեշտ գործոն է։ Սա է ցույց տալիս տնտեսավարման համաշխարհային փորձը։
Ձեզ ցանկանում եմ հայտնել նաեւ, որ բոլոր զարգացած երկրները պահանջում են որ ծխախոտային արտադրանքի վրա լինի առողջության պահպանման մասին նշում։ Հայաստանում վաճառվող ծխախոտներից միայն «Գրանդ Տոբակոն» է, որ համապատասխան նշում ունի։ Մեզ հասած ինֆորմացիայի համաձայն օրերս Հայաստանում գտնվող ֆրանսիական պաշտոնական պատվիրակությանը զարմացրել է արտասահմանյան ծխախոտի գովազդային վահանակների առատությունը։ Մեզ համար հաճելի էր իմանալ, որ ֆրանսիական պատվիրակության անդամներից մեկը «Ախթամար» ծխախոտ էր ծխում։ Այս այցելությունից հետո իշխանությունները հանրապետության նախագահի անունից խորհուրդ տվեցին Երեւանում երեք մեծ գովազդային ցուցանակներ տեղադրել։ Այս ֆոնի վրա, ճիշտն ասած, անհասկանալի է Ձեր բացասական վերաբերմունքը տեղական արտադրողի նկատմամբ։ Պաշտոնատար նման բարձրաստիճան այրի արած հայտարարությունը կասկած է առաջացնում արտասահմանյան ներդրողների համար։ Պատիվ չունենալով անձամբ ծանոթ լինել Ձեզ հետ, հույս ունեմ, որ Դուք կարճ ժամանակում կճշգրտեք Ձեր պաշտոնական վերաբերմունքը մեր արծարծած խնդիրների շուրջ։
Հարգանքներով՝ Մ2548-ԲԱՅ ԱՄԱԴՈՒ ԲՐՈՒՆՈ
«Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության գլխավոր մենեջեր
Հայաստանում բաց նամակի ժանրը նորություն չէ։ Ավելին, հաշվի առնելով մեր մամուլում տպագրվող բաց նամակների քանակը, այն կարելի էր համարել զուտ հայկական երեւույթ։ Սա առաջին դեպքն է, երբ պետական պաշտոնյային բաց նամակ է գրում արտասահմանցի գործարարը գրեթե փորձելով համոզել, որ սեւամորթների ճնշվածության միակ պատճառը քաղաքապետի հիշյալ ելույթն էր, եւ հայ ժողովրդի միակ փրկությունն էլ «Գրանդ Տոբակոյի արտադրանքը» ծխելն է… Սույն փաստը հիմք է տալիս ենթադրել, որ շուկայական տնտեսության ծնունդ գործարարների հոգին էլ մերոնց նման նուրբ է։ Մեր պաշտոնատար անձանց ելույթները, փաստորեն, նրանց էլ են խոցում։