Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԵԼ

Օգոստոս 28,1998 00:00
banak

Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի երեկվա նիստը Պարույր Հայրիկյանը սկսեց ուրախ լուրով, թե Ռոբերտ Քոչարյանը հաստատել է հանձնաժողովի գործունեության 1998-99-ի ծրագիրը եւ այն «զորեղ միջոց կդառնա հաղթահարելու անհաղթահարելի թվացող դժվարությունները»։ Այս պատմական նիստի օրակարգից առանձնացնենք առավել հետաքրքրական մի հարց՝ զորամասերում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գանգատների քննարկումն էր։

Վարդան Հարությունյանը նշեց, որ հանձնաժողովը բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնք վերաբերում են բանակում կատարվող սպանություններին. «Դրանք մենք տարբեր ատյաններ ենք ուղարկել՝ պատասխան չենք ստացել»։ Պրն Հարությունյանն առանձնացրել էր տարբեր ժամանակահատվածներում գրված 14 դիմում-գանգատներ, որոնցից յուրաքանչյուրում խոսվում էր խոշտանգված ու սպանված, բայց պաշտոնապես ինքնասպան համարված զինվորների մասին։ Բոլոր դիմումները ստացվել էին մահացածների հարազատներից, եւ Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ դրանք կարող են նաեւ ինչ-որ իմաստով սուբյեկտիվ լինել. «Դիմողներից յուրաքանչյուրը սակայն չի վստահում դատախազությանը՝ ո՛չ զինվորականին, ո՛չ հանրապետականին, որովհետեւ այդ ճանապարհով անցնելուց եւ պարտություն կրելուց հետո է, որ դիմել են մեզ»։

«Այդ 14 դիմում-գանգատների կողքին կարող եք 3 զրո էլ ավելացնել,- նշեց «Զինվորի մայր» կազմակերպության ղեկավար Գրետա Միրզոյանը։- Այդ առաջին հայացքից է թվում, թե մեր բանակը բաց է։ Սակայն այն գովելու համար դեռ շատ «աղ պիտի ուտենք»։ Գովելու տեղ չկա»։ «Բանակը փակ համակարգ է»,- տեղից նետեց Վարդան Հարությունյանը եւ քիչ հետո կեսկատակ առաջարկեց… բանակը գրավել։

Իսկ Սուրեն Զոլյանի առաջարկներն այլ էին. «Հայտարարությամբ հանդես գանք, մեր մտահոգությունը հայտնենք այդ դիմումների վերաբերյալ։ Զինվորական դատախազին հրավիրենք։ Թող տեղեկատվություն ներկայացնի, թե բանակում ինքնասպանությունների քանակն ինչո՞ւ է այդքան շատ»։ Ի վերջո, որոշվեց հանձնաժողովի հաջորդ նիստին հրավիրել պաշտպանության նախարարության, ռազմական ոստիկանության եւ զինվորական դատախազության ներկայացուցիչներին։ Մինչ այդ, հանձնաժողովի անդամները պիտի 5-10 օրում այս խնդրի շուրջ իրենց գրավոր առաջարկները ձեւակերպեն, որոնց հիման վրա կայացվելիք որոշումը պիտի ներկայացվի հանրապետության նախագահին։ «Հուսով եմ, որ գոնե այս հարցում օգտավետ, լավ կարծիք կարտահայտեն»,- «Առավոտին» ասաց Վարդան Հարությունյանը։ Իսկ ինչո՞ւ «գոնե» հարցին էլ պատասխանեց. «Որովհետեւ մի շարք հարցերում հանձնաժողովն, իմ կարծիքով, բացասական դեր է խաղացել»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31