Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՆԱՄԱԿԸ «ԱՌԱՎՈՏԻՆ»

Օգոստոս 28,1998 00:00
namak

Հարգելի պարոն խմբագիր Ձեր թերթի ս.թ. օգոստոսի 22-ի համարում զետեղվել է «Բա՜, էսպես բաներ, պրն Խոսրով Ե» խորագիրը կրող հոդվածը՝ ստորագրությամբ «նախկին Խորհրդային Միության, նախկին Հայրենական պատերազմի նախկին մասնակից, ներկա՝ երկրորդ խմբի հաշմանդամ։ Նախկին ԽՍՀՄ նախկին ժուռնալիստների միության նախկին անդամ, ներկա՝ պարապ-սարապ անհատական թոշակառու» Սուրեն Անտոնյանի։

Սույնով հայցում եմ Ձեր օգնությունը, հարգելի խմբագիր, խռովահույզ հոդվածագրին գտնելու եւ Ազգային ժողովի նախագահի մոտ հրավիրելու համար՝ պարզելու խնդրո առարկան եւ փորձելու գտնել այն հարցերի լուծումները, որոնք կարող են հանդարտեցնել քաղաքացու մոլեգնած հոգեկանը, որ կարող էր տեղիք տալ նման անմակարդակ զազրախոսության։ Եթե «նախկին…» Սուրեն Անտոնյանն առողջական դրության պատճառով ի վիճակի չի լինի գալ խորհրդարան, ապա հայտնում եմ, որ վերջինիս կարող է այցելել ԱԺ նախագահը։ Սակայն, դատելով հոդվածի «բարդ աշխարհագրությունից» կարելի է եզրակացնել, որ «նախկին… եւ ներկա…» հարգելի Անտոնյանը կարողունակ է ազատ տեղաշարժվելու եւ գտնվում է մարզական լավ վիճակում»։

Հարգելի խմբագիր, խնդրում եմ հրապարակային այս հրավերը զետեղել «Առավոտի» էջերում, իսկ հանդիպման մանրամասներին խոստանում ենք անմիջապես համակողմանիորեն ծանոթացնել Ձեզ եւ թերթի ընթերցողներին։

Պրն Սուրեն Անտոնյանին սիրով սպասող՝ Վ. ՄԿՐՏՉՅԱՆ

ԱԺ նախագահի խորհրդական

Չափազանց հուզիչ է, որ ԱԺ նախագահի խորհրդականը դիմում է մեր թերթի օգնությանը այնպիսի կարեւոր հարցով, ինչպիսին «խռովահույզ հոդվածագրին» գտնելն է ու «ԱԺ նախագահի մոտ» հրավիրելը։ Բացի այն, որ հոդվածագիրը կարող է կարդալ նրա դիմումը եւ «գտնվել» ինքնակամ, «Առավոտը» առաջիկա շաբաթ-կիրակի օրերին գլխապատառ կարշավի մեր հանրապետության ողջ տարածքով՝ կատարելու այդ հուզիչ խնդրանքը։ Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի ազնիվ ցանկությանը՝ «հանդարտեցնել քաղաքացու մոլեգնած հոգեկանը», սաստել «անմակարդակ զազրախոսությունը» եւ այլն՝ ապա մեծ սիրով կհրապարակենք դրա իրագործման բոլոր փուլերը ի նպաստ մեր պետության բարգավաճման, ի շահ հրապարակայնության եւ մարդու ոտնահարված իրավունքների վերականգնման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31