Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑԻՆ ՀՆԱԶԱՆԴ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Օգոստոս 28,1998 00:00
mayr ator

Նախորդ օրն աշխատանքն ավարտած Գերագույն հոգեւոր ժողովի այս վերջին նիստը ինչ-որ առումով բացառիկ էր իր սկզբով իսկ։ Նախ, մինչեւ վերջին պահը հայտնի չէր, թե կոնկրետ որ օրն են հայոց եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներն ու ձեռնհաս ու փորձառու աշխարհականները հավաքվելու Մայր Աթոռ սբ. Էջմիածնում։

Հարցերի չկարգավորվածության պատճառն անշուշտ Գարեգին Ա կաթողիկոսի հիվանդությունն է եղել եւ ապաքինման ժամկետի անորոշությունը։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ այս անգամ փոխվել էին Գերագույն հոգեւոր խորհրդի ատենապետերը։ Սակայն այս պարագայում եւս չկա որեւէ արտառոց իրողություն։ Սովորաբար Գերագույն հոգեւոր խորհրդի նիստերը նախագահում է Ամենայն հայոց կաթողիկոսը, իսկ ատենապետություն իրականացնում են Կոստանդնուպոլսի եւ Երուսաղեմի պատրիարքները։ Պոլսո պատրիարքը վախճանվել է եւ դեռեւս ոչ ոք նրա թափուր տեղը չի բռնել, իսկ Երուսաղեմի պատրիարքն էլ չի կարողացել ներկա լինել նիստին։ Այս պայմաններում ատենապետությունն իրականցրել են Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը եւ Եգիպտոսի հայոց առաջնորդ Զավեն արքեպիսկոպոս Չինչինյանը։ Հենց վերջինիս էլ հրավիրեցինք զրույցի՝ խնդրելով առաջին հերթին ներկայացնել քննարկված խնդիրների շրջանակը։

Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը սկսվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի աղոթքով, որով ողջույնի խոսք է հղվել ներկաներին։ Օրակարգային հարցերից մեկի շրջանակում Վեհափառ Հայրապետը հաշվետվություն է ներկայացրել ընթացիկ տարում իր կատարած հովվապետական այցերի մասին։ Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում խոսվել է նաեւ Հայոց եկեղեցու կանոնադրության անհրաժեշտության հարցի շուրջ։ Արքեպիսկոպոս Չինչինյանը ներկայացրեց, որ քննության են առնվել նաեւ Երեւանի Մայր տաճարի շինարարությանն ու քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարություններին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել նաեւ նվիրապետական աթոռների փոխհարաբերությունների հարցերին։

Ինչ վերաբերում է Մայր Աթոռ սբ. Էջմիածին եւ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսություն հարաբերություններին, ապա դրանք հիմա զուտ եղբայրական բնույթ ունեն. «Փաստն այն է, որ Գերագույն հոգեւոր խորհրդի նիստի ավարտին Նորին սրբություն Արամ Ա կաթողիկոսն առանձնապես այցելության եկավ Ամենայն Հայոց կաթողիկոսին, իր ապաքինման շրջանին վերջը բարեմաղթություններ ընելու համար»։ Օրակարգային հարցերից մեկն էլ վերաբերել է ելեւմտից խնդիրներին՝ այսինքն, եկեղեցու տնտեսական հարցերին։ Ներկայացվել է հաշվետու զեկույց եւ նկատի է առնվել. «Անցյալ տարի Մայր Աթոռը մոտավորապես կես միլիոն դոլարի բաց է արձանագրել, մինչդեռ այս տարի, արդեն անցած յոթ ամիսների ընթացքին գոյություն ունեցող բյուջեական բացը շուրջ 300 հազար դոլար է միայն»։ Այստեղ հավելյալ բացատրությունների կարիք եղավ, եւ արքեպիսկոպոս Չինչինյանը տեղեկացրեց, որ ճեղքվածքն առաջացել է ծախսերի եւ եկամուտների տարբերության պատճառով։ Չնայած թեմերը մուծել են աթոռատուրքերը, սակայն, հիմա դպրեվանքում, ասենք, առաջվա 30-ի փոխարեն 120 աշակերտ է սովորում։ Բյուջեի ճեղքվածքի պատճառներից է նաեւ ինֆլյացիան։

Մեր վերջին հարցադրմամբ անդրադարձանք, թե որքանով են ճիշտ մամուլում եղած այն լուրերը, թե Մայր աթոռում դժգոհություն կա Գարեգին Ա-ի նկատմամբ, եւ վերջինիս հրաժարականի նախապատրաստությունն է եղել։ Եգիպտոսի թեմակալ առաջնորդն ասաց, որ միշտ էլ հրապարակի վրա զգայացունց լուրեր եղել են, մինչդեռ «Գերագույն հոգեւոր խորհուրդը ոչ մեկ բողոք ստացած է, իսկ բերանացի բողոքներն այդքան էլ նկատառման արժանի չեն, եթե գրավոր բողոք չկա»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31