Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբելոնաշինություն

Օգոստոս 27,1998 00:00
Hovik Charxchyan

Ինչ կուզեք՝ ասեք, զարմանալի երկիր է մերը։ Այնպիսի բաներ, որ այստեղ են կատարվում, օտարների մտքի ծայրով անգամ չի անցնում։ Մի քանի տարի առաջ հայ մեծահարուստ մեկը վճարեց Հայաստան մտած ողջ գազի արժեքը։ Չզարմացանք։ Բարեհոգի միլիոնատեր Քրքորյանն իր փողերով շինում է մեր ճամփաները հյուսիսից հարավ ու չենք զարմանում։ Հիմա էլ Հովնանյանը 1000 առանձնատուն է կառուցում Երեւանի եզրին, ու էլի մեզ համար անսովոր ոչինչ չկա։ Կարծես այդպես էլ պիտի լիներ։ Կարծես միշտ այդպես է լինելու. գալու են, կառուցեն, վճարեն ու գնան՝ մեր գեղեցիկ աչքերի համար։ Բայց արդյո՞ք իսկապես միայն դա է նպատակը։

«Հայրենիքի համար»-ը գեղեցիկ է հնչում, երբ լսողը մենք ենք։ Իսկությունը փոքր-ինչ այլ է։ Շատ փոքր, բայց՝ այլ։ Հովնանյանը պայմանագրով քաղաքապետարանից 100 հեկտար տարածք է վարձակալել մայրաքաղաքի հյուսիս-արեւելյան հատվածում, նրա ընկերությունը 100 մլն դոլար է ծախսելու եւ 20 հազար բանվորների ձեռքերով շինելու է մի ավան, ամենեւին էլ ոչ նվիրաբերման համար։ Մեր սիրելի քաղաքացիները, որ երեւակայության գիրկն ընկած արդեն իրենց այդ անանուն ավանի բնակիչ են կարծում, ժամանակն է, որ թափ տան ավելորդ հույսերի փոշին ու գրպանները լայն բաց անեն։ Ոչ մի նվեր չի լինելու։ Կառուցվող հոյակերտ առանձնատներից յուրաքանչյուրը կարժենա 100-120 հազար դոլար՝ լավագույն դեպքում։ Այս թիվն արդեն բավարար է հասկանալու, թե ում համար է նախատեսված լինելու նոր արվարձանը։ Կգտնվե՞ն Հայաստանում 1000 այնպիսի ընտանիքներ, որոնք կվիճարկեն ունեւորների քաղաքում ապրելու պատիվը։ Կարելի է մտածել, որ՝ այո, այլապես ի՞նչ իմաստ կունենար միլիոնավոր դոլարների մսխումը։ Բայց եթե նույնիսկ ժուժկալ հայաստանցիները ձեռնպահ մնան հարեւաններին շռայլ ներկայանալու վտանգից, նախագծի հեղինակները մեկ ուրիշ տարբերակ էլ ունեն։

Նախագահ Ռ. Քոչարյանը այս ծրագիրը գնահատեց իբրեւ Հայաստան-Սփյուռք կապերի սերտացման միջոց։ Հովնանյանը հիմա բացում է նախագահի խոսքի փակագծերը ու պարզաբանում, թե թանկարժեք առանձնատները կարող են հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում ապրել փափագող սփյուռքահայերի համար։ Կգտնվի՞ արտասահմանում 1000 այնպիսի մեծահարուստ հայրենակից, որի համար Հայաստանում թանկագին տանիք ունենալը վեր լինի ամեն ինչից։ Հազիվ թե։ Նույնիսկ այն գործարարները, որոնք բիզնեսի բերումով տարվա մեջ մի քանի օր անցկացնում են այստեղ, հարյուր հազարներ չեն զոհաբերի սեփական տանը գիշերելու համար։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք կատաղած փողերի հեռանկարը, դարձյալ նախագծի նկարագրի մեջ պիտի տեսնենք մեր պատկերացումներին խորթ դիմագծեր։

Ըստ էության, Հայաստանում հիմնադրվում է առաջին բնակավայրը, որն առանձնանալու է խավային բաժանմամբ. հարուստների քաղաք՝ աղքատ գյուղերի հարեւանությամբ։ Երեւի նաեւ կցանկապատեն։ Ու բազում վխտացող թիկնապահներ կհսկեն արտոնյալների հանգիստը։ Ու կծեծեն ծիրան գողացող երեխաներին՝ Լիդիկի օրինակով։ Ու այսինչի փողոցում ապրելը նախընտրելի կլինի այնինչի հարեւանությունից։ Ու կամրապնդվի (ախ, ոնց կամրապնդվի) Սփյուռք-Հայաստան կապը դեռ անուն չունեցող ավանում։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31