Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՉԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ»

Օգոստոս 27,1998 00:00
nerdrum

Ի պատասխան երեկվա «Առավոտի» «Այ քեզ զբոսաշրջիկություն» լուրի՝ ասաց ՀՀ առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջիկության փոխնախարար Մովսես Ձավարյանը՝ զարմանալով, որ իշխանական միջանցքներում ամենասիրված ասեկոսեն իր՝ Մոսկվայում գտնվելու փոխարեն Շվեյցարիայում հայտնվելն է։

Իսկ բանն այսպես է եղել

Հայաստանի կառավարությունը Շվեյցարիայում պայմանագիր է կնքել Memorandum Understanding Andre ընկերության հետ։ Ըստ պայմանագրի՝ վերոհիշյալ ընկերությունը պարտավորվել է 25% ներդրում անել հայկական կողմի ներկայացրած ցանկացած ծրագրում, եթե մեր կողմը ներդնի ծախսերի 75%-ը։ Ինչ խոսք, գումարը կներդրվի վաղօրոք ծրագրին ծանոթանալուց հետո։ Այս պայմանագրի հիմնական նպատակը գյուղատնտեսական մթերքների վերամշակումն է։ Ընկերությունը պետք է հաշվարկի Հայաստանի ռիսկայնությունը, ստուգի տեխնո-անալիտիկ հիմնավորումը, հաշվարկի սարքավորումների առաքման առավել շահավետությունը, եւ, ամենակարեւորը, տա գյուղատնտեսական աշխատանքի արտահանման 100%-անոց երաշխիք։ Յուրաքանչյուր ծրագրի ինքնածախսածածկումը պետք է կատարվի 5 տարվա ընթացքում։

Ստեղծվել է նաեւ ֆոնդ, ուր շվեյցարական ընկերության մասը կկազմի 25%, մեր մասը՝ 75%։ Ֆոնդի ստեղծումը հետապնդում է Հայաստանում արտադրության զարգացման նպատակ (էներգետիկա, կապ, տրանսպորտ, նաեւ գյուղատնտեսություն)։ Andre ընկերությունը յուրաքանչյուր գործարքից կունենա իր շահաբաժինը, որը կախված կլինի գործարքի ծավալներից եւ արդյունքից։ Ընկերությունն առայժմ Հայաստանում չի պատրաստվում գրասենյակ բացել, քանի որ այստեղ ծրագրերը մեծ գումարներ (նրանց համար) չեն ենթադրում. ցանկացած խոշոր ընկերություն հետաքրքրություն է դրսեւորում որեւէ ծրագրի հանդեպ, եթե նրա արժեքը 10 միլիոն դոլարից ավելի է։ Իսկ Հայաստանը այս գումարի պրոյեկտ գրեթե չունի։ Ծրագրերի նախագծերը կներկայացնի հայկական կողմը, սակայն ռիսկի գնահատումը կանի մյուս կողմը։

Andre ընկերությունը աշխարհի խոշորագույն ընկերություններից է եւ շատ հարգված է գյուղատնտեսական մթերքների շուկայում։ Շահագործում են 80 նավ, որից 18-ը՝ սեփական։ Նավերն ունեն 50.000 տոննայից 100.000 տոննա տարողություն։ Ունեն սեփական 18 ինքնաթիռ, որից 3-ը՝ «Էյրբաս»։ Այդ նավերով եւ ինքնաթիռներով իրականացնում են իրացվող արտադրանքի տեղափոխումը։ Ընկերությունը, օրինակ, Ռուսաստանի Սարատովի մարզին տրամադրել է կոմբայններ, սերմեր, աշխատանքային կապիտալ՝ հույսով, որ այդտեղից եկող տարի պետք է արտահանեն ցորեն։ Այսպիսի աշխատանք իրականացնում են Ռուսաստանի մյուս մարզերում, Չինաստանում, աշխարհի շատ այլ երկրներում։ Ըստ պայմանագրի՝ գործարքն իրականացնելու են ՀՀ առեւտրի արդյունաբերության եւ զբոսաշրջիկության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները եւ Հայկական զարգացման գործակալությունը։ Շուկայում գործում են զանազան խորհրդատվական ընկերություններ, որոնք էլ կքննարկեն ներկայացվող բիզնես-ծրագրերը։ Սրանց հիմքում կլինի նախարարության հայեցակարգը։

Բանակցությունների ընթացքում Andre ընկերության կողմից նշվեց, որ եթե մեր խնդիրները 300 միլիոնի շրջանակներում են, իրենք պատրաստ են ներդնել 25%-ը։ Պրն Ձավարյանի խոսքից հասկացա, որ մեր ծրագրերի մոտավոր արժեքը 300 միլիոնի սահմաններում է, թեեւ ընկերությունը պատրաստ է ներդրումներ անել խելքը գլխին յուրաքանչյուր ծրագրում։ Ընդ որում, ծրագրի կյանքի կոչվելու հենց հաջորդ օրը պատրաստ է վճարել գումարը։ Դեռեւս 6-7 տարի առաջ Andre ընկերության կողմից բավական լուրջ առաջարկություն է արվել Հայաստանի կառավարությանը՝ մասնակցել որոշ ծրագրերի։ Համագործակցությունը այդ ժամանակ ինչ-ինչ պատճառներով չի կայացել։ Այս նոր բանակցությունը նախաձեռնել է Հայկական կողմը՝ հիմք ընդունելով վերը ասվածը։

Ի դեպ, այս պայմանագրի ստորագրմանը նպաստել է նաեւ Շվեյցարիայի հայկական համայնքը, որը հավատացրել է ընկերությանը, թե Հայաստանի նորաստեղծ կառավարությանը կարելի է վստահել, որ այն ունակ է աշխատելու։

Մինչեւ եկող տարի

Առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջիկության նախարարությունը խնդիր է դրել մի քանի արտադրամաս գոնե ապահովել համապատասխան հումքով, գումարներով, սարքավորումներով։ Հայկական զարգացման գործակալությունը եւ վերոնշյալ երկու նախարարությունները կհայտարարեն տենդեր, կընտրվի գյուղատնտեսության ճյուղը զարգացնելու ունակ ընկերություն, եւ արդեն շուկան կթելադրի՝ ինչպես վարվել։

Մոսկվայում՝ գուցե ոչ, բայց Շվեյցարիայում կարելի է հանգստանալ

Պարոն Ձավարյանը ներկայացրեց պայմանագրի ստորագրման մանրամասները, իսկ թե Մոսկվայում, ի վերջո, եղե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեց. – Հա, ո՞նց չէ։ Ինքնաթիռից՝ ինքնաթիռ։ Մոսկվայում չեն հանգստանում աղջիկ ջան։ Երեւանից թռանք Մոսկվա, այնտեղ Շերեմետեւո 1-ից նույն օրը տեղափոխվել ենք Շերեմետեւո 2, եւ նույն օրն էլ թռել Շվեյցարիա։ Երբ գրում են, թե մեկ ամսով մեկնել եմ Մոսկվա՝ հանգստանալու, ճիշտ չէ, քանի որ Մոսկվան հանգստանալու տեղ չէ։ Շվեյցարիայում մնացել ենք 3 օր եւ Շվեյցարիան տեսել ենք օֆիսի եւ մեքենայի պատուհաններից։ Թեեւ այնտեղ հանգստանալուն դեմ չեմ։

– Որքա՞ն գումար է ծախսվել այդ ուղեւորության վրա։

– Պետությունը ոչ մի կոպեկ չի տվել։ Ծախսերը հոգացել է շվեյցարական կողմը։

Վարչապետի սպիտակ «Ջիպը» թափ-թազա չէ

Պարոն Ձավարյանը, ի դեպ, իր թերահավատությունը հայտնեց 450 հազար մայրուղիների վարկից վարչապետի համար գնված սպիտակ «Ջիպ»-ի մասին։ Նախ՝ նա այդ վարկի մասին տեղյակ չէր, երկրորդ՝ այդ «Ջիպը» արդեն «գործում» է մոտ 1 տարի։ Հիմա՝ կա՛մ վարկը մեկ տարվա վաղեմություն ունի, կա՛մ էլ, ո՞վ գիտի… Հայաստան էնքա՜ն վարկ է մտնում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31