Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետ Կուդասովն աղքատ է, Պարույր Հայրիկյանն՝ անպաշտպան

Օգոստոս 27,1998 00:00
sut

«Փաստորեն, նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահն անպաշտպան է, որը հենց սկզբից կասկածի տակ է դնում այդ մարդու կարողությունը՝ պաշտպանել ուրիշներին, եթե ինքն իրեն պաշտպանել չի կարողանում»,- երեկվա ասուլիսում ազդարարեց Պարույր Հայրիկյանը, մանրամասներ ներկայացնելով, իր բնորոշմամբ՝ «իմ վերաբերյալ տարածված պետական ծանր հանցանք կատարելու մասին զրպարտության ընթացքի մասին»։

Դեռեւս դատարանում չապացուցված այս մեղադրանքը վերաբերում էր «Առավոտի» թղթակից Ավետիս Բաբաջանյանի մի հրապարակմանը Բարձրաշենի թռչնաբուծարանը 60 հազար դոլարով Պարույր Հայրիկյանի մասնակցությամբ սեփականաշնորհելու մասին։ «Իրողությունն այն է, որ ես ոչ մի բաժնետոմս չեմ գնել»,- հերքեց Պարույր Հայրիկյանը (նրա կուսակիցների պարզաբանումները նույնությամբ հրապարակել ենք «Առավոտում»՝ Ավետիս Բաբաջանյանի հոդվածի կրկնակի ծավալով, ուստի այս անգամ խուսափենք փաստարկների կրկնությունից)։

«Եվ քանի որ այս ակնհայտ զրպարտանքը նաեւ այնպիսի մեկնաբանություն եւ շարունակություն էր ստացել, որ Հայրիկյանն օգտագործել է իր իշխանավոր լինելու հանգամանքը, եթե դա ճիշտ է՝ ես պետք է դատարանի առջեւ կանգնեի։ Դուք բոլորդ պետք է պահանջեիք, որ Հայրիկյանը պատասխանատվության ենթարկվի որպես ահաբեկիչ եւ ահաբեկչության ճանապարհով ունեցվածքի տեր դարձող։ Ելնելով դրանից՝ ես ոչ թե դատական սովորական կարգով էի դիմել, այլ դիմել էի դատախազությանը։Դատախազությունը գտավ, որ այդ ճանապարհով գնալը ճիշտ չէ։

Ըստ էության, մերժեց։ Դատախազությունն ինձ խորհուրդ է տալիս գնալ դատական, այսինքն վարչական քննության ճանապարհով, ոչ քրեական։ Պարույր Հայրիկյանը նաեւ հայտարարեց. «նահանջել չեմ ուզում, չեմ հուսահատվում, որովհետեւ ես չեմ ցանկանում օրինականացնել պարտվողական մթնոլորտը Հայաստանում, բայց իմ պարտքն էր ձեզ տեղեկացնել, որ գործերն այնքան էլ լավ չեն նույնիսկ Հայրիկյանի պես իշխանական լծակների տիրապետող մարդու համար։ Հավանաբար ես երկրորդ հնարավորությունից կօգտվեմ, բայց այս փուլի համար ուղղակի ուզում էի ձեզ տեղեկացնել, որ այսօրվա մեր իրավապահ մարմինները բարենպաստ հող են ստեղծում անպատասխանատու, վարկաբեկիչ մթնոլորտի համար»։

Ա. Ի.

«Առավոտն» առաջարկում է Պարույր Հայրիկյանին չվհատվել սեփական անպաշտպանությունից եւ իր իշխանական լծակներն անտեսող դատախազության փոխարեն քաղհայցով անպայման դատարան դիմել ու ապացուցել, որ ինքն «ահաբեկիչ» չէ եւ «պետական ծանր հանցանք» չի կատարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31