Երեկ վաղ առավոտից Դավիթաշեն թաղամասի բնակիչները փակել էին անավարտ, բայց հանրահայտ կամուրջի ճանապարհը՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինարարական աշխատանքները։ Վրդովված քաղաքացիների բողոքն այս անգամ ոչ թե շինարարության տեմպերին էր վերաբերում, այլ այն դժվարություններին, որ հարուցում է կամուրջն իր նախագծային փոփոխություններով։
Ըստ հավաքվածների բացատրության՝ մինչեւ Մանուշյան փողոց երկարող կամուրջը այժմ էլ ավելի է ձգվել եւ արհեստականորեն խցանել է թե այդ, եւ թե Կովկասյան ու Րաֆֆու փողոցների անցուդարձը։ Մարդիկ կամուրջ են հասնում հողոտ մի արահետով, որն անձրեւային օրերին անանցանելի է դառնում։ Իսկ մեքենաների երթեւեկման մասին խոսելն իսկ ավելորդ է։ Պատմում են, թե մոտերքում խաղացող երեխաները հաճախ են վնասում իրենց՝ մի կերպ ազատվելով ձորը գլորվելու վտանգից։ Իսկ որոշ շենքեր բառացիորեն ճանապարհային շրջափակման մեջ են գտնվում։ Առանց այն էլ դժվարին կացությանը գումարվում են նորերը։ Որոշ իշխանավորների թողտվությամբ այս հատվածում անօրինական հողահատկացումներ են կատարվել։
Բնակիչներն առանձնապես դժգոհ էին այդ հողերի վրա կառուցված պահեստից եւ պարսպապատված մի հողատարածքից։ Օրվա ընթացքում հավաքված բնակիչներին այցելեցին տեղի իշխանության ներկայացուցիչները։ Մեր հարցին, թե վերջիններս որեւէ լուծում առաջարկո՞ւմ են, տարեց մի կին պատասխանեց. «Չէ՜, գալիս, կանգնում, լսում ու գնում են»։ Փոխարենն իր բարձրության վրա էր ոստիկանությունը՝ պատրաստ կանխելու յուրաքանչյուր սադրիչ գործողություն։ Երեխաներին տանը թողած բնակիչները շուտով հոգնեցին ու սկսեցին աղմուկով ցրվել՝ սպառնալով այսօր առավոտյան ժամը 8-ից վերստին փակել ճանապարհը։
Քաղաքապետարանի պաշտոնյաների հետ կապվելու, որեւէ մեկնաբանություն լսելու մեր ջանքերը ձախողվեցին։ Գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը գործավարուհու միջոցով փոխանցեց, որ տեղյակ է կատարվածի մասին, բայց խորհուրդ տվեց հարցերն ուղղել շինվերահսկողության վարչության պետ Գրիգոր Սարիբեկյանին։ Պետը տեղում չէր, իսկ աշխատակազմը ոչինչ չէր լսել Դավիթաշենի միջադեպի մասին։
Կարդացեք նաև
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ