Մենք ապրում ենք բավական հիվանդ հասարակությունում, սակայն ինչպես անտարբեր մնալ այն պաշտոնյաների ելույթների հանդեպ, որոնցից կախված է մեր պետության վարկանիշը, հեղինակությունը, մեր կողմից իրենց վստահված բարեկեցության, ազատության իրավունքների եւ արժանապատվության պահպանումը՝ հանձինս նախագահի եւ իր խորհրդականների։
Ի՞նչն է ինձ ստիպում՝ որպես քաղաքացու, հանդես գալ այս տողերով։ Ես մեջբերում կանեմ հանրապետական առաջին գաղափարակիրներից մեկի՝ Ռոբեսպիերի խոսքերը․ «Չկա ավելի մեծ չարիք պետության համար, քան նրա քաղաքացու անտարբերությունը»։
Եթե մեզ հետաքրքրում է մեր երկրի ապագան, ազգի բարեկեցությունն ու պետականության ամրապնդումը, ապա մենք իրավունք չունենք անտարբեր մնալ վարվող քաղաքականության հանդեպ եւ պարտավոր ենք, որպես քաղաքացի, մասնակցել մեր պետության կառուցմանը, որից մեզ զրկեցին վերջին ընտրությունների ընթացքում։ Ցավալի ապրումներ ունեցա նախագահի հարյուր օրվա հետ կապված ասուլիսից, քանի որ նախագահին բնորոշ ձեւակերպումներ էի սպասում եւ այդպես էլ չգտա, փոխարենը կոմունիստական համագումարներին բնորոշ օդից գտած թվեր, քրեական տարրերին բնորոշ խոսակցաոճ, տղամարդկության մասին թյուր պատկերացում, ատելություն սեփական ժողովրդի հանդեպ։
Վերջապես տպավորություն է ստեղծվում, թե գործող նախագահը պետականության մասին չունի ամբողջական պատկերացում։ Սակայն այսօր չէի ուզենա խոսել այդ մասին, քանի որ այդ երեւույթը պարզաբանող բավականին հոդվածներ եղան։ Այլ կխոսեմ նշվածի խորհրդականի՝ Վահան Հովհաննիսյանի հայտարարության մասին։ Իմ կարծիքով ժամանակն է, որ պետական բարձր պաշտոնյաները, զգան իրենց ուսերին ընկնող պատասխանատվությունը, ինչը անպայման չէ ընդդիմության համար, քանի որ վերջինիս սխալից պետությունը վտանգի առաջ չի կանգնում կամ նրա հեղինակությունը չի տուժում, ընդդիմությունը լիարժեք իրավունքով փորձում է իր տեսակետները պետական դարձնել։ Իսկ դուք, իմ կարծիքով, դեռեւս դուրս չեք եկել ընդդիմադիր գործունեությունից եւ շարունակում եք գործել առանց ասվածի պատասխանատվությունը գիտակցելու, սակայն այս անգամ՝ ժողովրդի դեմ։
Կարդացեք նաև
Ես չեմ կարող համաձայնել, երբ նախագահի խորհրդականը, որը ներկայացնում է արմատական կուսակցություն, կարող է մեղադրանքներ կառուցել առանց փաստարկների, կոնստրուկտիվիզմից զուրկ՝ չգիտակցելով ընդդիմության կարեւորությունը ժողովրդավարական կարգախոսով պետության համար, որը, ի տարբերություն ձեզ, այսօր հանդես է գալիս զուտ փաստարկներով ու տրամաբանական եզրակացություններով՝ բացառելով անձնականը։ Ավելին, դուք ձեզ թույլ եք տալիս նույնիսկ վախեցնել ընդդիմությանը ձեր դառը հիշողություններով, որը կարելի է որակել որպես հիստերիա։
Գիտակցո՞ւմ եք արդյոք, թե ինչպես են դրան արձագանքում հարեւան հանրապետությունում, հասկանո՞ւմ եք արդյոք, թե ում ջրաղացին եք ջուր լցնում, պատկերացում ունե՞ք արդյոք, թե ինչ բան է պետականությունը։ Կարո՞ղ եք վերջապես ձեր անձնականը կամ թե կուսակցականը տարբերել պետականից։ Չէ՞ որ պետականությունն է միայն ազգի զարգացման համար լայն հնարավորություններ ընձեռում, ոչ թե՝ ազգայինը, որը, բացի նպատակ լինելուց, ոչ մի միջոց իրենից չի ներկայացնում։
Պարոն Հովհաննիսյան, չի կարելի բազմակողմանի բռնաբարված պետական հեռուստատեսությունը միակողմանի օգտագործել նեղ անձնական շահերը արտահայտելու համար, դա պետական գործելակերպ չէ, իսկ եթե հանդես եք գալիս քննադատությամբ, ապա բարի եղեք լինել կառուցողական եւ մի անձնավորեք, որպեսզի ձեր ելույթը ուսուցանող լինի, որից հետո պայմաններ ստեղծեք ընդդիմությանը հանդես գալ պատասխան խոսքով, համազոր պայմաններում. դա կլինի պետական գործելակերպ։ Վերջապես պետք է հասկանաք, որ ընդդիմությունը հավասարապես կարեւոր է պետության կառուցման գործում։ Վերջապես ամենամեծ թշնամությունը այս պետության հանդեպ, կարծում եմ, որ իշխանությունների աննախադեպ հակաքարոզչությունն է ընդդիմադիր գործիչների հանդեպ, որը ժառանգել եք նախկին վարչակազմից՝ եղած լինելով ընդդիմադիր։
Սա միայն մեկ նպատակ է հետապնդում՝ համոզել ժողովրդին, որ բոլորը ձեզ նման են, որ փոխելու կարիք չկա, քանի որ կրկնվելու է նույնը։ Երեւի նախկինները ճիշտ էին, երբ ձեզ էին որակում նման կերպ, սակայն նույնացնել ձեզ բոլորի հետ, մեծ մոլորություն է, քանի որ ժողովուրդը կվերագտնի վստահությունը սեփական ուժերի հանդեպ միայն մի քանի անգամ ընտրությունների միջոցով փոխելով իշխանությունները, որի հնարավորությունը ձեզ նմանները երբեք չեն ընձեռի։
Վերջապես բարոյականությունից խոսելիս պետք է, որ հիշեք Վահան Հովհաննիսյան +30 գործով դեռեւս անազատության մեջ գտնվող ձեր կուսակիցներին. քանի դեռ ձեր կուսակիցները դեռեւս անազատության մեջ են, կա երկու եզրակացություն՝ կամ դուք էլ իրենց հետ հանցագործ եք եւ՝ անօրինական ազատության մեջ, կամ՝ նրանց հանդեպ դավաճան։ Դրանով դուք նպաստում եք անբարոյականության ու անվստահության մթնոլորտի շիկացմանը, որը նպաստում է քաղաքացիական անտարբերության խորացմանը եւ հանդիսանում է չարիքներից վատթարագույնը պետության համար։
ԷՄԻԼ ՍԵԴՐԱԿՅԱՆ
Կարծում ենք, Վահան Հովհաննիսյանի հեռուստաելույթն առավել փաստարկված եւ ոչ հայհոյալից անդրադարձի կարիք ուներ։ Ասենք, ո՞ւմ կարճ հիշողության վրա ապավինելով է նախագահի խորհրդականը հայտարարում. «նախաքննությամբ եւ դատավարությամբ ապացուցվեց, որ Դաշնակցությունը եւ «Դրո» կառույցն իրար հետ որեւէ կապ չունեն, թեեւ «Դրո» կառույցի մեջ եղել են նաեւ դաշնակցականներ»։ Ժամանակին մամուլում հրապարակվեցին «Դրո» գործով դատավճռի մեջ ՀՅԴ-ին առնչվող հատվածները, որոնք թերթի մի էջ էին կազմում։ «Դրո» գործով դատապարտվածները, 1-2 բացառությամբ, բոլորն էլ դաշնակցականներ էին, մինչ իրենց դիմումի համաձայն ՀՅԴ շարքերից հեռացվելը։
Դաշնակցականներին առնչվող դատավարությունների ընթացքում անընդհատ արծարծվում էր նաեւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից անմեղության կանխավարկածի խախտման խնդիրը։ Հիմա ինչպե՞ս է նախագահի խորհրդականը նույն զանցանքը կրկնում, ակնարկելով բանտերում գտնվող մեղավոր մարդկանց ցուցմունքների եւ Արարատ Զուրաբյանի կապի մասին։ Իսկ որտեղի՞ց պրն Հովհաննիսյանը գիտի, թե այդ մարդիկ ի՛նչ ցուցմունքներ են տալիս։ Նա, ի՞նչ է, նախաքննության գաղտնիքներին ի պաշտոնե՞ է տեղյակ, թե՞ գուցե հին կապերի շնորհիվ։ Ահա հարցերի ոչ լրիվ ցանկը, որոնց արժեր, որ անդրադառնար Վահան Հովհաննիսյանը Հունաստանից վերադառնալուց հետո։ Եթե, իհարկե, պատասխաններ ունի։