Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կդառնա Արտաշատի քաղաքապետ

Օգոստոս 27,1998 00:00
Artashat

Օգոստոսի 30-ին Արտաշատում տեղի կունենա քաղաքապետի թափուր մնացած տեղի ընտրություններ։ Քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել նախկին քաղաքապետ Հովհաննես Աբրահամյանի՝ Արարատի մարզպետ ընտրվելու հետեւանքով։ Օգոստոսի 30-ին նշանակված ընտրություններում քվեարկվելու են 6 թեկնածուներ։

Նախկին փոխքաղաքապետ, իսկ այժմ քաղաքապետի պաշտոնակատար Սուրեն Մկրտչյանի թեկնածությունն առաջադրել է տեղական ՀՀՇ-ն, սակայն հակառակորդների համար պարզ է, որ նա ներկայացնում է գործող իշխանությունը եւ վայելում է մարզպետ Հովիկ Աբրահամյանի աջակցությունը։ Հարություն Մնացականյանի թեկնածությունը առաջադրել եւ պաշտպանում է տեղական «Երկրապահ» կամավորականների միությունը։ ԵԿՄ անդամ է նաեւ թեկնածու Ռոբերտ Գրիգորյանը։ Արտաշես Մարտիկյանը ներկայանում է որպես անհատ, իսկ Վարդգես Հովակիմյանի թեկնածությունը պաշտպանում են տեղական գործարար շրջանակները։

Չնայած ընտրություններում Սուրեն Մկրտչյանի մասնակցությանը, Արտաշատի մյուս փոխքաղաքապետ պարոն Ավետյանը փաստացի ղեկավարում է Վարդգես Հովակիմյանի նախընտրական շտաբը։ ԱԺՄ Արարատի մարզային կառույցն առաջադրել է Կամո Եփրեմյանի թեկնածությունը, որը պաշտպանել է նաեւ ԱԺՄ վարչությունը։

Երեկ Կամո Եփրեմյանի նախընտրական արշավի շրջանակներում Արտաշատ էր այցելել Շավարշ Քոչարյանը։ Ստացվեց այնպես, որ տողերիս հեղինակն էլ ուղեկցեց նրան՝ լուսաբանելու այդ պատմական այցը: Հենց առաջին թաղամասում պարզվեց, որ հավաքի հրավիրվածներ չկան, եւ պարոն Քոչարյանը մոտեցավ շենքի բակում նարդի խաղացող տղամարդկանց։ Երբ նարդի խաղացողները հասկացան, որ եկել են ընտրությունների մասին խոսելու, նրանցից մեկը փակեց նարդին եւ միանգամից սկսեց. «Լավ, հասկացանք, որ դուք Ազգային ժողովի պատգամավոր եք, բայց ձեր թեկնածուն ինչ կարող է անել մեր երիտասարդների համար։

Մեր շենքում բանակ գնացած եկած 38 երիտասարդ տղա կա, ոչ մեկն էլ աշխատանք չունի, ամբողջ օրը՝ պատերի տակ։ Ցերեկները քնում են, գիշերները՝ հավաքվում նարդի են խաղում։ Նստեք տեսնեմ՝ որի հետ կարող եք նարդի խաղալ»։ Իհարկե, Շավարշ Քոչարյանը չընդունեց նարդի խաղալու մարտահրավերը եւ սկսեց բացատրել, որ պրոբլեմները բաժանվում են երկու խմբի՝ հանրապետական եւ տեղական նշանակության։ Եթե Կամո Եփրեմյանը չի կարող լուծել հանրապետական նշանակության խնդիրներ, ապա տեղական խնդիրները կփորձի ձեր օգնությամբ լուծել։ Ընտրվելու դեպքում նրան կօգնի նաեւ ԱԺՄ վարչությունը։ «Չնայած ընդդիմություն ենք, բայց մեր ձեռքն էլ քարի տակ չէ, սփյուռքում կապեր կան, Մոսկվայում էլ, որոնց միջոցով մենք կօգնենք Արտաշատին»,- հանդիպումների ժամանակ կրկնում էր պարոն Քոչարյանը։ Կամո Եփրեմյանն էլ խոստանում էր կարգապահություն հաստատել Արտաշատում, իսկ բոլոր հարցերը լուծել արդարության սկզբունքով։

«Ընտրություններով զզվացրիք էլի, ուրիշ բան ու գործ չունեք։ Որ կաշառք եք վերցնում լավ եք անում, բայց թողեք մի քիչ էլ ժողովուրդը ապրի»,- պահանջեց ներկաներից մեկը։ Շավարշ Քոչարյանն էլ ստիպված բացատրում էր, որ պետք է ժողովուրդը տարբերություն տեսնի կաշառք վերցնողների եւ դրա դեմ պայքարողների միջեւ, որ Հայաստանը չորանում է, քանի որ իշխանություն կոչվող դեւը խմում է ամբողջ ջուրը, եւ պետք է սպանել այդ դեւին։ «Ի՞նչ է հեղափոխությո՞ւն անենք»,- հարցրեց մեկը։ «Իսկ ձեզ ո՞վ է խանգարում»,- պատասխանեց Շավարշ Քոչարյանը՝ մոռանալով, որ իշխանության բռնի տապալման կոչ անելու կետ կա քրեական օրենսդրությունում։

Չնայած վհատվածությանը եւ անտարբերությանը, թվում էր, թե Շավարշ Քոչարյանին հաջողվում էր մարդկանց տրամադրել դեպի Կամո Եփրեմյանը։ «Ընտրվելու դեպքում ինչպես ես պատկերացնում քո աշխատանքը ներկա իշխանությունների հետ հարցին» պարոն Եփրեմյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ փորձեր կարվեն խոչընդոտելու իմ գործունեությունը, բայց կա թիմ, որի միջոցով կփորձեմ դիմակայել դրանց։ Ամեն դեպքում որեւէ փոխզիջում-համաձայնողականություն չի լինելու»։

Ընտրությունների հնարավոր արդարության մասին հարցին թեկնածուների պատասխանները մեջբերված են Արտաշատի քաղաքապետարանի «Արտաշատ» շաբաթաթերթից։

Հարություն Մնացականյան. «Երկրապահները կողմ են արդար ընտրություններին, սակայն…»։

Սուրեն Մկրտչյան. «Այո»։

Վարդգես Հովակիմյան. «Հավատում եմ։ Վստահ եմ, որ այսօրվա իշխանություններն էլ ցանկանում են, որ այս ընտրություններն անցնեն արդար»։

Կամո Եփրեմյան. «Ընտրություններին մեր մասնակցությունը պայմանավորված է հենց նրանով, որ բոլոր շահագրգիռ ուժերի հետ փորձենք ստեղծել արդար ընտրությունների նախադեպը Արտաշատում։ 1996 եւ 1998 թթ. նախագահական ընտրություններն անցել են բացահայտ կեղծիքներով։ Ուզում եմ հավատալ, որ միավորելով մեր ուժերը մյուս թեկնածուների հետ, մենք կհասնենք նրան, որ Արտաշատը կունենա արդար ընտրություններում ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ»։

Ռոբերտ Գրիգորյան. «Ոչ, չեմ հավատում։ Վերջին չորս տարիների ընթացքում ոչ մի արդար ընտրություն չի կայացել»։

Արտաշես Մարտիկյան. «Մինչեւ այսօր Արտաշատում ազատ, արդար ընտրություններ չեն կայացել, իսկ օգոստոսի 30-ի ընտրությունների մասին կարծիքս կհայտնեմ հաջորդ օրը»։

Բնակիչներից մեկը թերթի վրա ցույց տալով պարոն Գրիգորյանի եւ Մարտիկյանի լուսանկարները, ասաց. «Նրանք չեն հավատում ազատ ընտրություններին, քանի որ նախագահական ընտրություններում իրենք էլ են կեղծիքներ կատարել հօգուտ Քոչարյանի»։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31