Ո՞վ էր Հովիկ Աբրահամյանը մինչեւ 88 թվականը
Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը, «Առավոտի» անունը լսելուն պես, խնդրեց «վատ հարցերը» տալ հարցազրույցի սկզբում։ Թերթի էջերում Արմեն Զաքարյանը խոսել է արդեն մարզպետի «դաչայի» մասին, եւ մարզպետն էլ ասել էր, որ ինքը ոչ մի դաչա չունի, եւ այդ տունը իրենը չէ։ Առաջին «վատ» հարցս «առանձնատնային» բնույթ ունի։
– Պարոն Աբրահամյան, դուք պնդում եք, որ «դաչա» չունեք։ Բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ծառայողական մեքենան ամեն օր ձեզ աշխատանքի է տանում Մխչյան գյուղի այդ շքեղ տնից։ Դուք այնտեղ վարձո՞վ եք ապրում, ի՞նչ է։
– Դա իմ հայրական տունն է։ Ես այնտեղ էլ եմ ապրում, Արտաշատ քաղաքի իմ պետական բնակարանում էլ։ Ինչ վերաբերում է այդ տանը, ասեմ, որ հայրս է կառուցել 1988 թ., իր տունն է։ Իմ անձնական գործը չէ՞, որտեղ կուզեմ, կապրեմ։ (Իսկ չար լեզուները շարունակում են պնդել, որ մարզպետի հայրը այդտեղ չի ապրում. դա ի՛ր տունն է։ Ինչեւէ, ամոթ նրանց չար լեզուներին։ Ինձ ուրիշ բան է զարմացնում։ Պարոն Աբրահամյանը զրույցի ընթացքում ասաց, որ ծնողները սովորական կոլխոզնիկներ են եղել։ Սովետական կարգերին շնորհակալություն, որ կոլխոզնիկը կարող էր շքեղ սեփական տուն կառուցել ու նվիրել որդուն, որն այդ ժամանակ գործարանում փականագործ էր)։ – 88 թվականին ես բանվոր եմ եղել, փականագործ, մեքենավար Մասիսի տարածաշրջանում։ Ես հողագործի ընտանիքում եմ ծնվել, ես ինքս իմ ուժերով ավարտել եմ ժողտնտեսության ինստիտուտը տնտեսագետի մասնագիտությամբ… Այնպես որ, թող ոչ ոք չկասկածի, որ ինձ հովանավոր ունեմ եւ այլն։
Կարդացեք նաև
«ԱԺ պատգամավոր ընտրվելս արդար է եղել»
Երկրորդ հարցս վերաբերում է պրն Հովիկ Աբրահամյանի սրընթաց կարիերային։ Մարզպետը, բնականաբար, այս հարցի հետ էլ վեճ ունի. «Որտեղի՞ց եք լսել, է՞, որտեղի՞ց։ Ո՞վ է ձեզ ասել»։
– Ես եղել եմ Բուրաստանի կոնյակի գործարանում բաժնի վարիչ, որից հետո դարձել եմ Արտաշատի գինու գործարանի տնօրեն։ Որից հետո ընտրվել եմ Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ։ 41 պատգամավոր է մասնակցել ընտրությանը, անցել եմ 41 ձայնով։ Հետո 9 թեկնածուների մեջ ընտրվել եմ Արտաշատի քաղաքապետ։ Եթե հետաքրքրում է, թե քանի՞ «տոկոսանոց» քաղաքապետ էի, ասեմ, 98%-անոց, 98% ձայն եմ ստացել։ Մի բան էլ ասեմ, մարդիկ 300 ձայնով ԱԺ պատգամավոր են ընտրվել, ե՛ս ընտրվել եմ 4200 ձայնով։
– Ուզում եք համոզել, որ ԱԺ նորմալ ընտրություններ ե՞ն եղել։
– Ես ասում եմ, որ իմ ԱԺ պատգամավոր ընտրվելը արդար է եղել։
– Ձեր՝ մարզպետ նշանակվելուց առաջ շատ խոսակցություններ եղան, ուրիշ թեկնածուների անուններ էին տալիս…
– Չեն եղել։ Եղել են բամբասանքներ… Երկու ամսից ավելի քննարկումներ են եղել, երեւի հաշվի են առել իմ աշխատանքային գործունեությունը Արտաշատ քաղաքում, երբ սուղ տարիներին քաղաքը ջեռուցում էի, լույս էի տալիս… Մարզպետը նշանակվում է կառավարության որոշումով, եւ նրանք ի՛նձ հարմար գտան։
Շա՜տ լավ օրենք, շա՜տ անտեղյակ համայնքապետեր
«Իբրեւ ԱԺ պատգամավոր օրենսդրական ի՞նչ նախաձեռնությամբ եք հանդես եկել» հարցին մարզպետը պատասխանեց.
– Մեծ մասնակցություն եմ ունեցել տեղական ինքնակառավարման օրենքի նախագծի քննարկմանը, եւ ստեղծել ենք այսքան լավ օրենք տեղական ինքնակառավարման մասին։
– Սակայն մամուլը հեղեղված է տեղական ինքնակառավարման օրենքի դեմ բողոքներով, եւ համարյա բոլոր քաղաքապետերը, նաեւ նախագահը, խոսել են օրենքի անկատարության մասին։ Մասնավորապես այն մասին, որ ընտրովի մարմինը նշանակովի մարմնից քիչ իրավունքներ ունի։
– Ես երեք տարի քաղաքապետ եմ եղել, եւ մարզպետ-քաղաքապետ հարաբերության մեջ ոչ մի բարդություն չեմ զգացել։ Ես կարծում եմ, որ օրենքը այստեղ կապ չունի, պարզապես համայնքապետերն են շատ անտեղյակ, գրագետ չեն… Մարզպետ Հովիկ Աբրահամյանին ենթակա են 4 քաղաքապետ եւ 93 գյուղապետ։
Ընտրությունների նախօրե, Արտաշատի Բանգլադեշ թաղամաս
Շրջանում ոչինչ գաղտնիք չի մնում։ Գաղտնիք չի նաեւ այն, որ նախագահական ընտրությունների նախօրեին, Արտաշատ քաղաքում, մասնավորապես Բանգլադեշ թաղամասում, առանց անունը ընտրակաշառք դնելու, բաժանվել է բրինձ, շաքարավազ, օղի (ընդ որում, շրջանում արտադրվող «Զորավար Անդրանիկ» ցածրորակ (34%-անոց օղի)։
– Լրիվ սուտ է, իրականությանը չի համապատասխանում։ Եթե դուք կարող եք գտնել թեկուզ մեկ մարդ, որը ձեր ասածը հաստատի…
– Գուցե արվել է ձե՞ր անունից… Ամեն դեպքում ձեր անունն են տվել։
– Ես Արտաշատ քաղաքի իրադրությանը շատ լավ տիրապետում էի, հիմա էլ եմ տիրապետում, եւ չէի կարող թույլ տալ, որ իմ անունից այդպիսի գործեր արվեին։ Եթե եղել էլ է, եղել է 6 ամիս առաջ, եւ ես չէի կարող ենթադրել, որ նախագահ է փոխվելու։
– Ամեն դեպքում, բաժանել եք։
– Բա ո՞նց, մանկավարժներին էլ ենք տվել, զոհվածների ընտանիքներին էլ, սոցիալապես ծանր վիճակում գտնվող խավերին էլ։ Դա եղել է իմ աշխատանքային գործունեության համար մեկ խնդիրներից։
ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Հ.Գ. Արարատի մարզպետի հետ կայացած զրույցի «գյուղատնտեսական մասը»՝ «Գյուղական հորիզոններ» էջում։