Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՍԱՀ-ՄԱ-ՆԱ-ԴԻՐ ԺՈ-ՂՈ՛Վ ԵՎ ՈՉ ԹԵ ՆՇԱՆԴՐԵՔԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԿԱՄ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Օգոստոս 27,1998 00:00
sahmanadrutyun

Ժամանակին «Առավոտին» տված հարցազրույցում Բաբկեն Արարքցյանը կանխատեսել էր, որ Սահմանադրության բարեփոխումներ նախապատրաստող հանձնաժողովն, ի վերջո, հայտարարելու է, թե նոր Սահմանադրություն է հարկավոր։ Պրն Արարքցյանի կանխատեսումը մասամբ իրականացավ։

Երեկ նման հայտարարություն արեց միայն այդ հանձնաժողովի նախագահը։ Ընդսմին, Պարույր Հայրիկյանը մտադիր է ե՛ւ նոր Սահմանադրություն ձեռնարկել, ե՛ւ ներկա հիմնական օրենքի բարեփոխման աշխատանքները շարունակել։ «Առաջին հայացքից այս հայտարարությունը կարող է սենսացիոն թվալ, բայց խնդրում եմ չշտապել։ Դա իրականում սենսացիոն չէ։ Դա պարզ աշխատանքային հարց է»,- ասուլիսը սկսելով հայտարարեց Պարույր Հայրիկյանը, որը տվյալ դեպքում հանդես էր գալիս միայն իբրեւ Ինքնորոշում միավորման նախագահ։

Բնորոշումները մի կողմ թողնենք, այնուամենայնիվ, Սահմանադրական դաշինք նախաձեռնելու վերաբերյալ Պարույր Հայրիկյանի հայտարարությունը բավական, մեղմ ասած, անակնկալ էր։ «Դուք գիտեք, որ այսօր խոսակցություններ կան անառողջ մթնոլորտում, կասկածելի հանրաքվեի միջոցով ընդունված Սահմանադրությունը նոր սահմանադրությամբ փոխարինելու վերաբերյալ։ Մենք այդ տրամադրություններն անընդունելի չենք համարում։ Այն կարծիքին չենք, որ եթե այսօր աշխատում ենք առկա Սահմանադրությունը բարեփոխելու ուղղությամբ, ապա մեր ժողովրդին իսկապես իրեն արժանի Սահմանադրություն տալը պիտի սահմանադրական բարեփոխումների աշխատանքների պատճառով անընդունելի համարվի։

Մեզ չհակադրելով այսօր կատարվող աշխատանքների հետ՝ միաժամանակ երեկ արդեն գործնական աշխատանքներ ենք սկսել, մտքերի փոխանակություն, հասարակությանը հայտնի կուսակցությունների ղեկավարների հետ այն խնդրի շուրջ, որ այսօր Սահմանադրության ընձեռած հնարավորությամբ մենք նախապատրաստենք (գուցե դա էլ լինի հեռանկարը) նոր Սահմանադրություն՝ ազգային համաձայնության հիման վրա, Սահմանադիր ժողովի միջոցով։ Կրկնում եմ՝ մենք սա չենք առաջադրում որպես սահմանադրական բարեփոխումների հակադրություն։ Ինչ որ կարող ենք՝ պիտի քաղենք այսօր, ինչ որ կարող ենք այսօր բարելավել՝ պիտի բարելավենք, բայց սկզբունքներ ուրանալ չենք ուզում, ճշմարտությունն ուրանալ չենք ուզում»։

Ըստ ամենայնի, առաջիկա 10 օրում այս մասին ընդհանրական հայտարարագիր եւ նախաձեռնողների մամուլի ասուլիս է սպասվում։ Իսկ մինչ այդ հաջողվեց պարզել, որ այդ նոր Սահմանադրության ձեւավորման համար նախասահմանվում է 2-3 տարվա աշխատանք, իսկ նախաձեռնող կուսակցությունների անունները ճշտելու «Առավոտի» փորձերն առայժմ ապարդյուն էին։ Չնայած հանրահայտ է, որ նոր Սահմանադրության կողմնակից են ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ ԱԺՄ-ն, ե՛ւ Հայկոմկուսը, ե՛ւ բազմաթիվ այլ մանր ու մեծ կուսակցություններ, այնուամենայնիվ, պրն Հայրիկյանը նախատեսեց հարգել փոխպայմանավորվածությունները. «նաեւ որոշակի հավակնոտ պահեր կարող են լինել»։

Այնուամենայնիվ, մի ակնարկից պարզ դարձավ, որ նախնական համաձայնության եկած ուժերը երեքն են։ «Այդ նախնական համաձայնությունը դեռեւս վավերացված չէ որեւէ թղթով՝ պարզ զրույցների մակարդակի վրա է։ Խնդրեմ ներողամիտ եղեք, որ ես պահպանեմ պարկեշտությունը՝ մինչեւ նրանցից գրավոր համաձայնագիր ստանալն անուններ չտամ»։ Այն, որ Ինքնորոշում միավորման նախագահ Հայրիկյանը հայտարարում է նոր Սահմանադրության նախապատրաստման աշխատանքներին լծվելու մասին, արդյո՞ք չի նշանակում, որ Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահ Հայրիկյանն իր գործունեության մեջ պարտություն է կրել՝ այս երկու ամսում չի կարողացել բարեփոխումների անհրաժեշտ որակ ու մակարդակ ապահովել, «Առավոտի» այս հարցին ի պատասխան ասվեց. «Ոչ, դա նշանակում է, որ մենք չենք արհամարհում ազգային համաձայնության հիման վրա նոր Սահմանադրություն ստեղծելու ե՛ւ մեր անցյալում ունեցած, ե՛ւ այսօր ասպարեզում առկա ճիգերը։

Ինչ վերաբերում է նրան, որ հանձնաժողովում սահմանադրական փոփոխությունների ընթացքն այնպես չի ընթանում, ինչպես ցանկալի էր ինձ՝ նախընտրական ծրագրահենքում իմ արած հայտարարության համաձայն, դա արդեն իրողություն է, բայց դա ինձ չի հուսահատեցնում, քանզի միշտ չէ, որ կարեւոր, ռազմավարական նշանակության իմ առաջարկները միանգամից ընդունվել են, դրանց համար ժամանակ է պետք եղել։ Ի վերջո, կարող եմ նաեւ սխալվել։ Դրա համար ես այդպես ցավագին չեմ վերաբերվում այն հանգամանքին, որ ինձ չհաջողվեց մեր հանձնաժողովի անդամներին համոզել, օրինակ, որ լավ կլինի՝ վարչապետն ու նախագահը նույն անձը լինեն»։

Հետաքրքրական էր «Ազատություն» ռ/կ-ի թղթակցուհու հարցին տված պատասխանը։ «Մեզ հրավիրել են նշանդրեքի, իսկ նշանդրեքի եկած մարդկանցից 1-2-ն ասում են, որ ուզում են հարսանիք անեն։ Բայց բոլորը հրավիրված են, կրկնում եմ, նշանդրեքի։ Մեկն էլ ասում է՝ եկեք այսօր հոգեհանգիստ անենք»,- այս պատկերավոր համեմատությունները վերաբերում էին նրան, որ հանրապետության նախագահը հանձնաժողով է ստեղծել բարեփոխումներ անելու եւ ոչ թե նոր Սահմանադրություն ստեղծելու համար։ «Առավոտի» խնդրանքով Պարույր Հայրիկյանը նաեւ մեկնաբանեց Հայկոմկուսի հայտարարությունը՝ սահմանադրական հանձնաժողովում աշխատանքների դադարեցման վերաբերյալ. «Ես շատ հանգիստ եմ վերաբերվում,- ի պատասխան ասաց նա։- Այստեղ հավաքված են այն մարդիկ, ովքեր բարեփոխումներ կատարելու կողմնակից են. ով ուզում է արմատապես փոխել՝ պետք է այլ տեղ փորձի աշխատել, իր ուժերն այնտեղ չափի։ Բնական եմ համարում։

Ի վերջո, այս ընտրություններում շահած նախագահն իր խոստումների համաձայն է փորձում գործել։ Ովքեր որ նրան հակադրվել են ընտրությունների ընթացքում, բնական է, որ այստեղ էլ պիտի շարունակեն հակադրվել։ Սա հիվանդագին չեմ համարում՝ առողջ քաղաքական դիրքորոշում է»։ Առավել կարեւորելով՝ մենք հանգամանալից ներկայացրինք ասուլիսի միայն այն հատվածը, որ վերաբերում էր Սահմանադրության ճակատագրին։ Սակայն արծարծվել էին նաեւ այլ հարցեր, Պարույր Հայրիկյանը մասնավորապես հայտնեց, որ ընտրությունների օրենքի 2 վիճահարույց հիմնադրույթների առնչությամբ նախաձեռնել են դիմել Սահմանադրական դատարանին՝ նախագահի եւ ԱԺ-ի 1/3-ի միջոցով։ Այսպիսով, փորձելու են մեկնաբանություն ստանալ, թե մեծամասնականի եւ համամասնականի ինչպիսի՞ հարաբերակցությունն է համապատասխանում մեր Սահմանադրությանը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31