Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԿՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՐ ՀԵՏ ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ

Օգոստոս 27,1998 00:00
Kasya Abgaryan

Երեկվա «Առավոտում» ՀՀ նախագահի տեղեկատվության եւ հանրային կապերի գծով խորհրդական Կասյա Աբգարյանը դժգոհել էր, որ լրագրողները նախագահի մյուս խորհրդականներին ավելի շատ են դիմում, քան իրեն։ Ու երեւի այդ աններելի բացթողումը շտկելու ջանադիր մղումով էլ հենց երեկ ՀՀ նախագահի նստավայրում ճեպազրույցի էր հրավիրել լրագրողներին։ Վերջիններիս հետ դա իր առաջին պաշտոնական հանդիպումն էր եւ առաջին ասուլիսը, որն անցկացվեց նորաբաց «Ասուլիսի սրահում»։

Նախագահական գույնզգույն սրահներից այս մեկը կապույտ էր (կարելի էր, չէ՞, որոշ թերթերի «խաթեր» դեղին ներկել)։ Ի դեպ, լրագրողներիս ուղեկցող աշխատակիցները նոր սրահն այնքան էլ հեշտ չգտան՝ տեղիք տալով հուսալու, թե մտադիր են մինչ ճեպազրույցը ճանաչողական էքսկուրսիա անցկացնել դրսից ու ներսից վերանորոգվող նախագահականում։ Ի դեպ, հարցերի քանակից դատելով կարելի է ենթադրել, որ հավաքված լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էր «ՀՀ նախագահի եւ նրա աշխատակազմի անունից» հանդես եկող Կասյա Աբգարյանի պաշտոնը։

«Իրավունքի» թղթակցին հետաքրքրում էր՝ արդյոք նա ստանձնե՞լ է ՀՀ նախագահի մամուլի խոսնակի պարտականությունները, իսկ «Երկիրի» թղթակիցը ցանկանում էր ճշտել՝ նա մամլո քարտուղա՞ր է, նախագահի խոսնա՞կ։ Այս տարբերակները նախագահի խորհրդականը դիվանագիտորեն ոչ ժխտում էր, ոչ էլ հաստատում։ Միայն ի պատասխան կարեւորում էր մամուլին անհրաժեշտ տեղեկությամբ ապահովելը՝ չկարեւորելով, թե ով այն կտա՝ ինքը, նախագահը, մամուլի գրասենյակը, թե աշխատակազմից էլի ինչ-որ մեկը։

Ճեպազրույցը սկսվեց «ՀՀ նախագահի վերջերս Ֆրանսիա կատարած այցի լուսաբանումով»։ Մասնավորապես «լուսաբանվեցինք», որ «այս ոչ պաշտոնական այցի ընթացքում նախագահն ունեցավ կարեւոր հանդիպումներ մի շարք խոշոր գործարարների հետ… քննարկվեցին Հայաստանի տնտեսական հնարավորությունները եւ հնարավոր համագործակցության ուղղությունները»։

Դրանց առավել մոտիկից ծանոթանալու առաքելությամբ այդ գործարարները (ավելի ուշ վերջիններս այսպես բնորոշվեցին՝ «ո՛չ միայն հայ, կա՛մ միայն ֆրանսիացի, կա՛մ ֆրանսահայ, այլ տարբեր գործարար մարդիկ, որոնց ազգությունները տարբեր են») մոտ ապագայում, հավանաբար սեպտեմբերին, կայցելեն Հայաստան։ Ֆրանսիա կատարած այցի «լուսաբանումն» այսքանով ավարտվեց։ Այդ մասին տրված հարցի պատասխանն էլ շատ բան չհավելեց՝ արդարացմամբ, թե ավելի մանրամասն ինֆորմացիա հիմա «չենք ուզիլ տալ», այլ երբ այդ գործարարները կայցելեն Հայաստան։

Մեկ այլ՝ սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի հրավերով ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում նախագահին կուղեկցեն նախագահի տիկինը, արտգործնախարարը, նախագահի օգնական Արմեն Գեւորգյանը եւ տիկին Աբգարյանը։ Իսկ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահն իր ելույթով կբացի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այդ օրվա նիստը։ Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ մի շարք պետությունների ղեկավարների հետ։ Նախագահը կհանդիպի նաեւ Նյու Յորքի հայ համայնքի հետ, իսկ սեպտեմբերի 26-ին պատվիրակությունը Քըրք Քըրքորյանի հրավերով կմեկնի Լոս Անջելես, եւ երեկոյան ՀՀ նախագահի պատվին ընթրիք կկազմակերպվի։ Քանի որ այս հրավերը ոչ թե ԱՄՆ-ի ղեկավարության, այլ այնտեղ գտնվող ՄԱԿ-ի կողմից է, ԱՄՆ-ի նախագահի կամ այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպում նախատեսված չէ։

Դրա փոխարեն «ՀՀ նախագահը հրավեր է ստացել Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելից՝ մասնակցելու հոկտեմբերի 29-30-ը Անկարայում եւ Ստամբուլում կայանալիք Թուրքիայի Հանրապետության 75-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարություններին»։ Բաքվի հրավերի փորձից «խելոքացած» լրագրողներն անմիջապես հետաքրքրվեցին՝ կընդունի՞ նախագահն այդ հրավերը (լրագրողներից մեկն էլ ցածրաձայն կատակեց՝ կարո՞ղ է էլի Արմեն Դարբինյանին ուղարկի, եթե, իհարկե, հետ գա Բաքվից) եւ ի պատասխան տեղեկացան, որ նախագահն ընդունել է հրավերը՝ չնայած դեռ վերջնական որոշում չկա, թե ինչ պատվիրակություն պետք է գնա։ Ի դեպ, չնայած նախագահն ինքը Բաքու չի գնում, բայց «Երեւանի մամուլի ակումբի» հրավերով Բաքվից Երեւան ժամանած 7 ադրբեջանցի լրագրողներին ողջունել է երեկ կայացած հանդիպման ժամանակ եւ նշել, որ «սա Հայաստանի Հանրապետության բաց եւ խաղաղասիրական քաղաքականության եւս մեկ դրսեւորում է»։ Նաեւ կարեւորել է նման շփումներն՝ իբրեւ «թշնամու կերպարից ձերբազատվելու» միջոց։

«Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ տիկին Աբգարյանը վստահ հավաստիացրեց, որ արտասահմանյան երկրներում «շատ դրական» է ընդունվում, երբ պետության նախագահներն իրենց արձակուրդն անցկացնում են գործարար մարդկանց մասնավոր հրավերներով, եւ այդ ընթացքում աշխատանքային հանդիպումներ ունենալը պարզապես «տրադիցիա» է։ Իսկ կենսագրական տվյալներ իմանալ ցանկացողների հարցին ի պատասխան արդարացավ, որ «Առավոտ» թերթում այդ մասին արդեն տպագրվել է։ Բայց այնուամենայնիվ մի քիչ բողոքեց իր «թափառական» կյանքից. ութ դպրոց է փոխել՝ երեք երկրներում, քանի որ հայրը, ինչպես ցանկացած հայ, «փորձում էր լավագույն միջոցները գտնել, որպեսզի իր ընտանիքի կենսամակարդակը պահպանե»։

ՀՀ նախագահի անունից հանդես եկող խորհրդականը հատկապես պիտի մտահոգ լինի, որ իր ասածներն այլ մեկնաբանությունների տեղիք չտան։ Բայց տիկին Աբգարյանն այնպես էր ջանում լրագրողներիս զերծ պահել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ Հայաստան կատարելիք այցի ձգձգումը «սխալ մեկնաբանելուց», որ բազմանշանակ մի հիմնավորում բերեց. «Շիրակի եւ ՀՀ նախագահի հարաբերությունները շատ սեղմ են, շատ մոտ են իրար, եւ իրենք միշտ իրար հետ կապի մեջ են»։ Իսկ մամուլին մշտապես ինֆորմացիա տալու՝ ՀՀ նախագահի քաղաքականությունն իբրեւ ազատ մամուլի կայացման երաշխիք հիմնավորելու նպատակով պատկերավոր համեմատություն արեց. «Ազատությունը կարելի կլինի, երբ որ ինֆորմացիան տրվում է, մամուլը կարողանում է այդ ինֆորմացիան ծամել, անալիզներ անել եւ հետ մատուցել ժողովրդին»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, մեր սուբյեկտիվ ընկալմամբ ՀՀ նախագահի հմայիչ խորհրդականին հատկապես տղամարդ լրագրողների սրտները կպան։ Նրանցից մեկն անընդհատ ուզում էր ճշտել ինչպե՞ս կարելի է կապվել նրա հետ (տեղեկություններ ստանալու նպատակով), բայց երբ տիկին Աբգարյանը վերջապես բավարարեց հարց տալու նրա ցանկությունը, հանկարծ պարզվեց, որ հարցն արդեն մոռացել էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31