Եվրոպայի խորհրդի աշխատակից Դմիտրի Մարչենկովը մեր թղթակցին հայտնեց, որ օրերս Հայաստան կժամանի այդ կառույցի պատվիրակությունը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Դանիել Տաշիսի եւ արտաքին գործերի բաժանմունքի ղեկավար Յանոս Կրանիդիոտիսի ղեկավարությամբ։ Վերջինս Հունաստանի ներկայացուցիչն է, որն այժմ հերթագայելով նախագահում է Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհրդում։ Պատվիրակությունը Հայաստանում կլինի օգոստոսի 31-ին եւ կհանդիպի Ռոբերտ Քոչարյանին, Վարդան Օսկանյանին, Խոսրով Հարությունյանին։ Քննարկվելու են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամագրության եւ բարեփոխումներին առնչվող խնդիրներ։
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
Ալավերդի քաղաքի ավագանու հանրապետությունում գտնվող 13 անդամներից 11-ը բողոք են հղել ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին՝ պահանջելով իրենց քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վախթանգ Լալայանի հրաժարականը։ Նշվում է, որ վերջինս չի ներկայացնում 1997 թ. հաշվետվությունը, իսկ պետության տրամադրած լրավճարի օգտագործմամբ էլ հարկումները 100%-ով չեն կատարվել։ Քաղաքապետի բացակայությամբ տեղի է ունեցել ավագանու նիստ, որտեղ մարզպետարանի տարածքային եւ իրավաբանական վարչությունների ներկայացուցիչներն ընդունել են անվստահության որոշումը եւ միջնորդագիր ներկայացրել մարզպետ Քոչինյանին։ Հետագայում հարցը լսվել է կառավարությունում։
ԽՈՏԱՆՎՈՒՄ Է ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՐԵՆ
Կարդացեք նաև
Կառավարությունը հրատարակել է իրավաբան Վլադիմիր Նազարյանի հեղինակած ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը՝ առանց հեղինակի համաձայնության։ Շտապողականությունը պատճառ է դարձել խոտան գրքի արտադրության։ Այն չունի ոչ ցանկ եւ ոչ էլ այբբենական-առարկայական հերթականության ցուցակ, որպեսզի ընթերցողը կարողանա իրեն անհրաժեշտ հոդվածը գտնել։